Տեսություն

Համակարգչի մոնիտորին պատկերված նկարը հսկայական տեսահիշողություն է պահանջում։ Մոնիտորին եղած ինֆորմացիան թարմացվում է վայրկյանում \(60-120\) անգամ. չէ՞ որ ինչքան արագ է թարմացվում պատկերը, այնքան պատկերի «թարթումը» պակասում է, աչքերն ավելի քիչ են հոգնում։ Հիշենք, որ թե հեռուստացույցի էկրանին, և թե համակարգչի մոնիտորին պատկերը ստեղծվում է էլեկտրոնային երեք ճառագայթների միջոցով, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է իր (կարմիր, կապույտ և կանաչ) գույնի համար։ Եվ որպեսզի ճառագայթներն «իմանան», թե ինչ պատկեր պետք է լուսավորվի էկրանին՝ օգտվում են տեսահիշողությունից, որտեղ պահպանված է տվյալ պատկերի տեսքը։

Եթե ուսումնասիրենք՝ կպարզենք, որ մոնիտորին ստեղծված միևնույն նկարը տեսահիշողության մեջ և արտաքին որևէ հիշող սարքի վրա տարբեր ծավալներով հիշողություններ է զբաղեցնում։ Պատճառն այն է, որ արտաքին հիշող սարքերի վրա գրաֆիկական պատկերը պահպանելու համար այն նախօրոք հատուկ ձևով կոդավորվում է, այլ կերպ ասած՝ խտացվում է։ Ընդ որում՝ պահպանման նպատակով ինֆորմացիան առաջին անգամ սկսել են խտացնել հենց գրաֆիկական խմբագրիչներով զբաղվող մասնագետները։ Պետք է նշել, որ ինֆորմացիայի խտացման գործընթացը ստեղծագործական պրոցես է, և յուրաքանչյուր գրաֆիկական խմբագրիչ ինֆորմացիայի խտացման իր եղանակն ունի, և դա արտահայտվում է նաև դրանց միջոցով խտացված ու պահպանված ֆայլերի անվանումների մեջ, որտեղ ֆայլի անվան ընդլայնումը ցույց է տալիս, թե ի՞նչ ձևաչափով (ֆորմատով) է խտացված։ Ցանցային գրաֆիկական խմբագրիչների միջավայրում ստեղծված պատկերները վեկտորային գրաֆիկական խմբագրիչներով ստեղծված պատկերների համեմատ առավել մեծ ծավալով հիշողություն են պահանջում։ Այդ պատճառով խտացվում են հենց ցանցային գրաֆիկական պատկերները։

Միագույն տեղամասեր պարունակող նկարները խտացնելու համար առավել նպատակահարմար է կիրառել այնպիսի խտացման եղանակ, որը կրկնվող մեծությունների շարքը (միագույն փիքսելները) փոխարինում է ընդամենը երկու մեծությունների՝ փիքսելի և դրա կրկնման քանակի համակցությամբ։ Խտացման նման ձևեր են կիրառվում BMP և PCX ձևաչափերի գրաֆիկական ֆայլերի համար։

Դիագրամ տիպի նկարների համար նպատակահարմար է մեկ այլ խտացման մեթոդ կիրառել. այն պետք է նկարում կրկնվող «նախշեր» փնտրի։ Նման եղանակ կիրառվում է TIFF և GIF ձևաչափի գրաֆիկական ֆայլերում։
Տեսածրման ենթարկված լուսանկարների և պատկերների համար լայնորեն կիրառվում է JPEG խտացման ձևաչափը։ Այստեղ հաշվի է առնվում այն փաստը, որ մարդկային աչքը առավել զգայուն է պատկերի առանձին կետերի պայծառության փոփոխման նկատմամբ, քան թե՝ գույնի փոփոխման։ \(JPEG\)-ի կիրառումը թույլատրում է ֆայլի ծավալը փոքրացնել մի քանի տասնյակ անգամ. սակայն պետք է այն զգուշորեն կիրառել, քանի որ դրա արդյունքում հնարավոր է անդարձ կերպով որոշակի ինֆորմացիայի կորուստ ունենալ։
\(CorelDraw\) վեկտորային գրաֆիկական խմբագրիչի միջավայրում ստեղծված ֆայլերի համար կիրառվում է CDR (CorelDraw files) ձևաչափը։
  
Ուշադրություն
Տարբեր օպերացիոն համակարգերի համար նախատեսված վեկտորային գրաֆիկայի ֆայլերի համար կիրառվում են \(EPS\)խտացման ձևաչափը։