Տեսություն

Մարդու օրգան համակարգերը
Մարդու օրգանիզմում բջիջներն առաջացնում են հյուսվածքներ, իսկ հյուսվածքներն էլ՝ օրգաններ:
  
 doctors-am-muscle.jpg
Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի որոշակի ձև, տարբերվում է իր յուրահատուկ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիա։ 
Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից։ Օրգանները կարող են լինել ներքին կամ արտաքին: 
  
Ականջը և քիթը արտաքին օրգաններ են, իսկ սիրտն ու ստամոքսը՝ ներքին:
Երկու և ավելի օրգանների միասնությունը, որոնք կատարում են համատեղ ընդհանուր գործառույթ անվանում են օրգան համակարգ:
Մարդու օրգանիզմում գոյություն ունեն 10 օրգան համակարգեր:
giphy (1).gif
  
  
1.Նյարդային համակարգ
  
nerv.jpg
 
Ուշադրություն
Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգից (ԿՆՀ) և ծայրամասային նյարդային համակարգից (ԾՆՀ):
ny..jpg
 
Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժումները, իսկ վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները, մաշկն ու արյունատար անոթները:
 
2. Հենաշարժիչ համակարգ
  
henash..jpg
  
Հենաշարժիչ համակարգը կազմված է ոսկրերից, աճառներից և դրանց ամրացված մկաններից, որոնք էլ իրականացնում են մարդու շարժումները:
 
Հենաշարժիչ համակարգի ֆունկցիաներն են
  
1.Հենարանային
2.Շարժողական
3.Պաշտպանական
4.Արյունաստեղծ
 
3.Արյունատար համակարգ
 
aryunatar.jpg
 
Արյունատար համակարգը  կամ սիրտ -անոթային համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից։
 
Սիրտը, կատարելով պոմպի դեր, իրագործում է արյան անընդհատ հոսքը արյունատար անոթներով։ Արյունը, տեղափոխում է թթվածին, սննդանյութեր, բջիջների նյութափոխանակության արգասիքներ և հորմոններ` մարմնի մի մասից դեպի մյուսը։
  
4. Շնչառական համակարգ
 
shnchar.jpg
 
Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից և թոքերից: Օդատար ուղիներն են` քթի խոռոչը, քթըմպանը, շնչափողը և բրոնխները, իսկ թոքերը գազափոխանակության օրգաններն են։
Համակարգի  հիմնական գործառույթը արյան թթվածնով հագեցումն է, ինչպես նաև ածխաթթու գազի ու ջրային գոլորշիների արտազատումը։
 
5. Մարսողական  համակարգ
  
mars.jpg
 
Մարսողական  համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:
  
Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ, հաստ աղիները և ուղիղ աղին:
Մարսողական  գեղձերն են լյարդը, ենթաստամոքսային գեղձը և թքագեղձերը։
 
Այս համակարգը սնունդը փոխակերպում է օրգանիզմի համար հասանելի և հեշտ յուրացվող սննդանյութերի և ապահովում նրանց ներծծումը արյան մեջ, ինչպես նաև ապահովում է սննդի չմարսված, ոչ պիտանի նյութերի հեռացումն օրգանիզմից:
 
6. Ծածկույթային (ծածկող) համակարգ
 
mashk.jpg
  
Ծածկույթային (ծածկող) համակարգը կազմում են մաշկը, ինչպես նաև բերանի և քթի խոռոչի լորձաթաղանթները։ Այս համակարգը պաշտպանում է ներքին օրգանները արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններից և ջրի ավելորդ գոլորշացումից:
 
7. Միզարտազատական համակարգ  
 
  artazat.jpg
 
Միզարտազատական համակարգը կազմում են երիկամները, միզածորանները, միզապարկը և միզուկը։
Այս համակարգը կարգավորում է օրգանիզմում ջրի և իոնների հավասարակշռությունը, օրգանիզմից հեռացնում է ավելորդ ջուրն ու նյութափոխանակության արգասիքները։
 
8.Վերարտադրողական համակարգ
 
սեռ.jpg
 
Վերարտադրողական համակարգը կազմում են սեռական գեղձերը, արտաքին ու ներքին սեռական օրգանները։ 
Արական սեռական համակարգի օրգաններն են սերմնարանները, սերմնատար խողովակները, շագանակագեղձը, սերմնաբշտերը և առնանդամը:
 
Իգական սեռական համակարգի օրգաններն են ձվարանները, արգանդափողերը, արգանդը, հեշտոցը և ամոթույքը:
 
Այս համակարգն ապահովում է սերնդի վերարտադրությունը և սերունդների անընդհատությունը:
 
9. Իմունային համակարգ
 
  organyi-immunnoy-sistemyi.JPG 
  
Իմունային համակարգը կազմում են կարմիր ոսկրածուծը, փայծաղը, ուրցագեղձը, ավշային հանգույցները։ Իմուն համակարգը ապահովում է այնպիսի մեխանիզմների գործադրումը, որոնք օգնում են օրգանիզմին տարբերակելու սեփական բջիջները օտար բջիջներից, ինչպես նաև ոչնչացնել օտար բջիջները և թույները։
 
10. Ներզատական  համակարգ
 
ներզատ.jpg
 
Ներզատական համակարգը կազմում են հիմնական ներզատիչ գեղձերը` մակուղեղը, վահանագեղձը, հարվահանագեղձերը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային մասը և սեռական գեղձերի ներզատիչ մասը։ 
Ներզատիչ գեղձերը արտադրում են կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ հորմոններ, որոնց միջոցով կարգավորում են օրգանների, հյուսվածքների ու բջիջների ֆունկցիաները: Հորմոնները տարածվում են օրգանիզմում արյան և ավշի հոսքով և ազդում թիրախ հանդիսացող կառույցների աշխատանքի վրա:
Աղբյուրները
Մարդու անատոմիա։ 2 հատորով Է.Ի.Բորզյակ, Ե.Ա.Դոբրովոլսկայա, Վ.Ս.Ռևազով, Մ.Ռ.Սապին։ Երևան, Լույս 1992 
Կենսաբանություն :Մարդ: Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան,:Երևան ,Տիգրան Մեծ  2014.