Տեսություն

Հենաշարժիչ համակարգ: Ոսկրերի կառուցվածքը և աճը
Ուշադրություն
Մարդու բոլոր ոսկրերն իրենց միացումներով կազմում են կմախքը, որը հենաշարժիչ համակարգի պասիվ մասն է, կմախքի տարբեր օղակները շարժման մեջ դնող մկանները՝ ակտիվ մասը։
Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հետևյալ ֆունկցիաները`
  •  Հենարանային
  •  Պաշտպանական
  •  Տեղաշարժման
  •  Արյունաստեղծ
Anatomy.jpg
 
Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։
Ոսկրահյուսվածք
 
Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի \(2/3\)-ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։
 
stroenie-kostei-cheloveka.jpg
 
Ոսկրերի կառուցվածքը և տեսակները
 
Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ ոսկրահյուսվածքը, իսկ դրա տակ՝ սպունգանման ոսկրահյուսվածքը: Վերջինս կատարում է արյունաստեղծ ֆունկցիա:
 
Ուշադրություն
Տարբերում են ոսկրերի հետևյալ տեսակները  խողովակավոր, տափակ և սպունգանման (խառը)։
Խողովակավորերկար ոսկրերը սնամեջ են, որն ապահովում է նրանց ամրությունը և թեթևությունը։ Յուրաքանչյուրը կազմված է մարմնից և երկու հաստացած ծայրերից՝ գլխիկներից։ Մարմինը կազմված է խիտ ոսկրանյութից, որի ներսում գտնվում է դեղին ոսկրածուծով լցված ոսկրային խոռոչը։ Գլխիկները կազմված են սպունգանման նյութից, որի խորշիկներում գտնվում է կարմիր ոսկրածուծը։ Արտաքինից գլխիկները ծածկված են ապակենման աճառով։
 
Խողովակավոր ոսկրերը կազմում են վերջույթների կմախքը և կատարում լծակների ֆունկցիա։ Տարբերում են երկար (բազուկոսկր, ազդրոսկր) ևկարճ (մատոսկր) խողովակավոր ոսկրեր։
 
Սպունգանման (խառը) ոսկրերը կազմված են սպունգանման ոսկրանյութից և ծածկված են խիտ ոսկրանյութի բարակ շերտով (ող, դաստակի ոսկրեր)։
 
Տափակ ոսկրերը երկու կողմից պատված են խիտ ոսկրանյութի թիթեղով, որոնց միջև գտնվում է սպունգանման նյութ։ Դրանք մասնակցում են խոռոչների գոյացմանը և կատարում պաշտպանական ֆունկցիա (գանգի ոսկրեր, կոնքոսկր):
Խառը ոսկրերը կազմված են տարբեր կառուցվածք և ձև ունեցող մասերից (քունքոսկր)։
 
  
18009960_656659744539063_1646731505_n.jpg
 
Ոսկրերի միացման տեսակները
 
Մարդու կմախքը կազմված է միմյանց միացած բազմաթիվ ոսկրերից։
Տարբերում են ոսկրերի միացման երեք տեսակ՝ անշարժ (անընդհատ), կիսաշարժուն և շարժուն։
 
Անընդհատ միացումների դեպքում ոսկորները միմյանց միացած են անշարժ: Ընդ որում, անշարժ միացումը կարող է լինել կարերով կամ սերտաճմամբ: Ոսկրերն իրար միանում են շարակցական, աճառային կամ ոսկրային շերտերով (գանգի կարանները, կոնքի ոսկրերի սերտաճումը)։
 
Շատ ոսկրեր իրար միանում են աճառային միջնաշերտով։ Այդպիսի միացումը կոչվում է կիսաշարժունմիացում (ողերի միացումները) կամ տափակ հոդ
Ոսկրերի շարժուն միացումը կոչվում էհոդ։
img10.jpg
 
Յուրաքանչյուր հոդ ունի հոդապարկ, հոդային մակերեսներ և հոդախոռոչ։
  
Հոդապարկը կազմված է արտաքին և ներքին թաղանթներից։ Ներքին թաղանթն արտադրում է թափանցիկ հեղուկ, որը շարժումների ժամանակ փոքրացնում է շփումը և նպաստում հոդամակերեսների սահելուն։ Արտաքին թելակազմ շարակցահյուսվածքը հաստանալով առաջացնում է արտահոդյա կապաններ։
 
8877.JPG
 
Հոդային մակերեսները ծածկված են ապակենման աճառով, որը շատ հարթ է և փոքրացնում է շփումը հոդում։ Հոդավորվող ոսկրերից մեկի վրա կա փոս, մյուսի վրա՝ գլխիկ, որն իր ձևով համապատասխանում է փոսին։ Հոդախոռոչը հերմետիկորեն փակ, ճեղքանման տարածություն է, որը պարունակում է քիչ քանակով հեղուկ։ Հոդը կազմող ոսկրերը միանում են ամուր ջլերով։
 
Ոսկրերի աճը
  
Ոսկրերն աճում են երկարությամբ և հաստությամբ։ Ոսկրի աճը հաստությամբ պայմանավորված է շրջոսկրի ոսկրաստեղծ հատկությամբ։ Նրա ներքին մակերեսի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրի մակերևույթին առաջանում են ոսկրաբջիջների նոր շերտեր, իսկ դրանց շուրջը՝ միջբջջային նյութ։ Ոսկրերի ծայրերում գտնվող աճառահյուսվածքի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրերն աճում են երկարությամբ։
 
Ոսկրերի աճը կարգավորում է հիպոֆիզի առջևի բլթի աճի հորմոնը։ Չափահաս մարդու ոսկրերը չեն աճում, սակայն հին ոսկրանյութի փոխարինումը նորով շարունակվում է ամբողջ կյանքում։
 
Ոսկրերն ունեն բարդ քիմիական բաղադրություն, կազմված են օրգանական և անօրգանական միացություններից։ Ոսկրերի բաղադրության մեջ մտնում է մոտ \(50\)% ջուր, օրգանական միացությունները կազմում են \(28\)%, իսկ անօրգանական միացությունները՝ \(22\)%:
 
Օրգանական միացությունները ոսկրին տալիս են առաձգականություն, ճկունություն, իսկ անօրգանական միացությունները՝ամրություն:Անօրգանական միացություններից հատկապես շատ են կալցիումի կարբոնատը և ֆոսֆորական թթվի աղերը։ Երիտասարդ հասակում ոսկրերում գերակշռւմ են օրգանական նյութերը, և այդ պատճառով դրանք ավելի ճկուն ու առաձգական են։ Ծերության շրջանում ոսկրերում ավելանում է հանքային աղերի պարունակությունը, ուստի դրանք դառնում են ավելի փխրուն և դյուրաբեկ։ Ոսկրերի մակերեսը պատող շրջոսկրը ապահովում է ոսկրերի աճը հաստությամբ և կոտրվածքների ժամանակ նպաստում նրանց վերականգնմանը։
Աղբյուրները
Մարդու անատոմիա։ 2 հատորով Է.Ի.Բորզյակ, Ե.Ա.Դոբրովոլսկայա, Վ.Ս.Ռևազով, Մ.Ռ.Սապին։ Երևան, Լույս 1992 
Կենսաբանություն: Մարդ: Ս.Հ.Սիսակյան, Տ.Վ.Թանգամյան, Գ.Ի.Միրզոյան: Երևան, Տիգրան Մեծ 2014
Կենսաբանություն: Մարդ: Ս.մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան: Երևան, Մակմիլան Արմենիա 2000