Տեսություն

Նյութական կետ: Համընթաց շարժում: Պտտական շարժում
Որոշ դեպքերում մեխանիկայի հիմնական խնդրի լուծումը կարելի է պարզեցնել՝ անտեսելով ուսումնասիրվող մարմնի չափերը՝ համարելով այն կետ:
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
Ասվածից հետևում է, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ այլ շարժումների դեպքում՝ ոչ:
Օրինակ
ինքնաթիռը չենք կարող համարել նյութական կետ, երբ դիտարկում ենք նրան մոտեցող ուղևորների շարժումը: Իսկ երբ հետևում ենք այդ նույն ինքնաթիռի թռիչքին Երկրից, այն կարելի է համարել նյութական կետ:
large_5ea4719fc6.jpg842.jpg
 
Ավտոմեքենայի չափերը մի քաղաքից մյուսը շարժվելիս կարելի է անտեսել, իսկ ավտոտնակ մտնելիս՝ ոչ:
 
Այսպիսով, նյութական կետ հասկացությունը հարաբերական է, այսինքն կախված է կոնկրետ խնդրի պայմաններից:
Մարմինը կարելի է համարել նյութական կետ, եթե նրա չափերը բավականաչափ փոքր են, նրա անցած հեռավորության, կամ մինչև այլ մարմիններ ունեցած հեռավորությունների համեմատ:
Նյութական կետի մեխանիկան ուսումնասիրում է այն մարմինների շարժումը, որոնց չափերը տվյալ խնդրում անտեսվել են: 
 
Պինդ մարմնի մեխանիկան ուսումնասիրում է այն մարմինների շարժումները, որոնց չափերի և ձևի փոփոխությունները տվյալ պայմաններում կարելի է անտեսել: Այդ մարմիններն անվանում են պինդ մարմիններ:
Բացարձակ պինդ կոչվում է այն մարմինը, որի ցանկացած \(2\) կետերի միջև հեռավորությունը շարժման ընթացքում չի փոխվում:
Շատ դեպքերում բացարձակ պինդ մարմնի դիրքը ժամանակի ցանկացած պահին որոշելու համար բավական է որոշել նրա որևէ մի կետի դիրքը, մյուս կետերի դիրքերը կորոշվեն միարժեքորեն:
 
Որպես օրինակ դիտարկենք բացարձակ պինդ մարմնի համընթաց և պտտական շարժումները:
Համընթաց է կոչվում այն շարժումը, որի ժամանակ մարմնի ցանկացած \(2\) կետեր միացնող ուղիղը նրա շարժման ընթացքում մնում է ինքն իրեն զուգահեռ:
1-18.png
 
Քանի որ այս դեպքում մարմնի բոլոր կետերը շարժվում են միատեսակ, մարմնի շարժման ուսումնասիրությունը հանգում է նրա որևէ կետի շարժման ուսումնասիրության: Համընթաց են շարժվում գետով ընթացող բեռնանավը, ճոպանուղու ուղևորախցիկը, վերամբարձ կռունկի բարձրացրած բետոնե սալը և այլն:
 
Պտտական կոչվում է պինդ մարմնի այն շարժումը, որի ժամանակ նրա բոլոր կետերը շարժվում են շրջանագծերով: Այդ շրջանագծերի կենտրոնները գտնվում են մի ուղղի՝ պտտման առանցքի վրա, որն ուղղահայաց է շրջանագծերի հարթություններին: 
1-08 (1).png1-07.png
 
Պտտման առանցքը՝ \(OO'\) կարող է անցնել մարմնով կամ գտնվել նրանից դուրս:
 
Առաջին դեպքում առանցքի վրա գտնվող կետերը պտտական շարժմանը չեն մասնակցում:
Պինդ մարմնի ցանկացած շարժում կարելի է ներկայացնել, որպես համընթաց և պտտական շարժումների վերադրում:
1-17.png
Աղբյուրները
Ֆիզիկա 10; Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ա. Մամյան, Ս. Մաիլյան; Երևան 2017 թ., էջ 36-38
http://www.niedersachsen-aviation.com/fileadmin/user_upload/Niedersachsen_Aviation/Events/ILA/ILA_2014/nds.jpg
https://ak8.picdn.net/shutterstock/videos/23655208/thumb/4.jpg?i10c=img.resize(height:160)
https://www.youtube.com/watch?v=rDJrWtjB6H8