Տեսություն

Նախածանցավոր բառեր
Ածանցավոր կոչվում են այն բառերը, որոնք բաղկացած են միայն մեկ արմատից և ունեն մեկ կամ մի քանի ածանց:
Ածանց կոչվում է բառակազմական այն ձևույթը, որը փոխում է բառի իմաստը և կազմում է նոր բառ:
Ըստ ձևաբանական դասակարգման՝ ածանցները լինում են՝ 
  • գոյականակերտ՝ ենիք-հայրենիք, յակ-նախօրյակ,
  • ածականակերտ՝ անի-լեզվանի, յա-մետաղյա, ան-անտուն,
  • մակբայակերտ՝ բար-ընկերաբար, ովին-հիմնովին,
  • մի քանի խոսքի մաս կազմող՝ ակ-գնդակ՝ գոյական և գիտակ-ածական, ակի-եզակի՝ ածական և թեթևակի-մակբայ և այլն:
Ըստ դիրքի, այսինքն՝ բառարմատի կամ հիմքի նկատմամբ գրաված դիրքով՝ ածանցները բաժանվում են նախածանցների և վերջածանցների:
 
Հայերենի նախածանցներն են՝ ան, անդր, ապ, առ, արտ, բաղ, բաց, գեր, դեր, դժ, ենթ, թեր, հակ, համ, հար, մակ, նախ, ներ, շաղ, շար, չ, պար, ստոր, վեր, տ, տար, տրամ, փոխ:
 
Հայերենի վերջածանցները թվով անհամեմատ շատ են. դրանք են, օրինակ՝ բան, ակ, գին, ական, ան, ատ, արար, արդ, ացու, եղ, ի, կան, յա, ոց, պան, վածք, ություն, ում, ույց, ք և այլն:
 
Թե՛ նախածանցները, թե՛ վերջածանցները կարող են բառին կցվել հոդակապով՝ արտ-ա-դրել, կառ-ա-պան և այլն:
 
Թե՛ նախածանցները, թե՛ վերջածանցները կարող են հնչյունափոխվել՝ սառ-ց(ույց)-ա-դաշտ, նկար-չ(իչ)-ական և այլն: