Տեսություն

Համանուններ
Համանուն կոչվում են գրությամբ նույն, իմաստով տարբեր` միմյանց հետ առնչություն չունեցող բառերը:
Համանունությունը չպետք է շփոթել բազմիմաստության հետ:
 
Բազմիմաստ բառերի տարբեր իմաստները միմյանց հետ ինչ-ինչ ընդհանրություններ ունեն, օրինակ` մարդու գլուխ - սարի գլուխ բառակապակցություններում գլուխ բառը առարկայի վերին մաս իմաստն ունի: Մինչդեռ համանուն բառերը` փող – խողովակ և փող – դրամ, իմաստով իրար հետ չեն առնչվում:
 
Բազմիմաստության դրսևորումներից մեկը բառի փոխաբերական իմաստն է. օրինակ` սուր մատիտ բառակապակցության մեջ սուր բառը գործածված է ուղիղ իմաստով, սուր միտք բառակապակցության մեջ` փոխաբերական, ուստի դա բազմիմաստություն է, ոչ թե համանունություն:
Համանունները լինում են բառային և քերականական:
Բառային կոչվում են այն համանունները, որոնք գրությամբ համընկնում են հենց ուղիղ ձևով, ինչպես` մարտ - տարվա ամիս և մարտ - կռիվ:
 
Քերականական կոչվում են այն համանունները, որոնք ուղիղ ձևով չեն համընկնում, օրինակ` կարի – խիստ, կար` որպես գոյական և կարել` բայ, սակայն քերականական որոշ ձևերում գրությամբ նույնանում են, այսինքն վերածվում են համանունների` կարի – խիստ, կարի – կար գոյականի սեռական հոլովը և կարի – կարել բայի ըղձական ապառնիի եզակի երրորդ դեմքը: