Տեսություն

Տվյալների ներկայացումը աղյուսակով
Ենթադրենք, թե դու պետք է գրախանութից գնումներ կատարես:
 
Դու պետք է գնես \(7\) մատիտ, \(4\) գրիչ, \(3\) տետր, \(1\) օրագիր:
 
Որքա՞ն փող է քեզ պետք թվարկված գրենական պիտույքները գնելու համար:
 
Այս խնդիրը լուծելու համար քեզ պետք է պարզել յուրաքանչյուր ապրանքատեսակի գինը: Ուրեմն, քեզ պետք են տվյալներ գրենական պիտույքների գների վերաբերյալ:
 
Դրանք ներկայացված են լինում խանութի գնացուցակում: Հաճախ գնացուցակը ներկայացվում է աղյուսակի տեսքով:
 
Գնացուցակ
 
Ապրանքատեսակը
Գինը
Մատիտ
\(20\) դրամ
Գրիչ
\(60\) դրամ
Տետր
\(40\) դրամ
Օրագիր
\(320\) դրամ
 
Հիմա դու կարող ես լուծել խնդիրը:
 
Համաձայն գնացուցակի՝
 
\(1\) մատիտն արժե \(20\) դրամ: Ուրեմն, \(7\) մատիտը կարժենա \(7 · 20 = 140\) դրամ:
 
\(1\) գրիչն արժե \(60\) դրամ: Ուրեմն, \(4\) գրիչը կարժենա \(4 · 60 = 240\) դրամ:
 
\(1\) տետրը արժե \(40\) դրամ: Ուրեմն, \(3\) տետրը կարժենա \(3 · 40 = 120\) դրամ:
 
\(1\) օրագիրն արժե \(320\) դրամ:
 
Մնում է գումարել ստացված թվերը: Գումարումը կատարենք ձախից աջ՝
 
\(140 + 240 + 120 + 320 = 380 + 120 + 320 = 500 + 320 = 820\):
 
Պատասխան՝ պահանջվող գրենական պիտույքները գնելու համար պետք է \(820\) դրամ:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: