Տեսություն

Ձ – Ծ – Ց բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը
Լսվող ց և ծ  հնչյունները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են:   
Օրինակ
ծափ, ծածուկ, ծով, ծաղիկ, ծիծաղ, ուրց, ցրիչ, ցնցել, կորցնել, վերցնել, հարցնել
 
Ձ հնչյունը հիմնականում գրվում է այնպես, ինչպես արտասանվում է:
Օրինակ
ձայն, ձյուն, ձանձրույթ, օձիք, հուշարձան, արվարձան, գեղձ, իղձ և այլն
Սակայն կան արտասանության  և գրության որոշ տարբերություններ:
 
1. Ր-ից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով հետևյալ արմատներում՝ արձակ (արձակուրդ, ընդարձակ), բարձ (բարձիկ, բարձատեղ), բարձր (բարձունք, բարձրություն),  դարձյալ  (վերադարձ, անդրադարձ, իրադարձություն),  դերձակ, խուրձ (խրձել), հանդերձ (հանդերձարան), որձ (որձակ), վարձ (վարձատրել, աշխատավարձ), փորձ (փորձանք,  փորձագետ, անփորձ):
 
2. Ղ-ից հետո լսվող ց  հնչյունը  գրվում է ձ տառով՝ դաղձ,  դեղձ, դեղձենի, դեղձան, դեղձանիկ:
 
3. Ձայնավորից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով՝ օձ (օձաձուկ, օձագալար, օձաձև, վիշապօձ):