Տեսություն

Ռ - Ր  բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը
 
1. Հայերենում ր գրվում է միայն երկու բառի սկզբում՝ րոպե և Րաֆֆի:

Մնացած բառերի սկզբում լսվող ռ հնչյունը գրվում է ռ տառով՝ ռազմիկ, ռետին,  ռադիո, ռուս, ռումբ, Ռուբեն  և այլն:

2. Բառամիջում լսվող ռ հնչյունը գրվում է ռ տառով, իսկ ր հնչյունը ր տառով: Օրինակ՝ ռ-ով գրվում են՝ առնել, առնետ, բռնել, նռնակ, գառնուկ, դռնակ, դառնալ, եղեռն, խառնուրդ, պառկել, ճանկռել, թռչկոտել, սպառնալ, անտառ, նուռ, շառաչել և այլն:
 
ր-ով գրվում են՝ արժեք, արդեն, արծիվ, արցունք, արջ, արտ, գորտ, որջ, արհամարհել, գարշելի, թրթուր, կրծել, կրճտացնել, կրճատել, մարմար, փրփուր:
3. Ռ-ով վերջացող արմատի կրկնությամբ կազմված բառերում առաջին ռ-ն փոխվում է ր-ի:
 
Այսպես՝ բառ + բառ = բարբառ, գիռ + գիռ = գրգիռ, թիռ + թիռ = թրթիռ, կառ + կառ = կարկառ, մուռ + մուռ = մրմուռ, սառ + սառ = սարսուռ:
Բացառություն են  եռուզեռ, զառվառ, թռվռալ,ծռմռել,ծուռումուռ, վառվռուն բառերը, որոնք  գրվում են ռ-երով:
4. Եթե արմատի կրկնությամբ կազմված բառերը բնաձայնություն կամ նմանաձայնություն են, ապա  ռ-ն մնում է անփոփոխ, օրինակ՝ գոռգոռալ, մռմռալ (կատուն), կռկռալ, հռհռալ, գռգռալ, դռդռալ, ճռճռալ, փռթկացնել, պոռթկալ:
 
Ուշադրություն
Կրծել, կրճտացնել, սրթսրթալ, կերկերուն  բառերը չնայած ձայնի իմաստ  ունեն, բայց գրվում են  ր-ով: