Տեսություն

Աֆրիկայի կլիմայական առանձնահատկությունները
Աֆրիկան շնորհիվ աշխարհագրական դիրքի, հանդիսանում է ամենատաք մայրցամաքը:
Նրա տարածքում է գտնվում աշխարհի խոշորագույն անապատներից մեկը՝ Սահարան, որի տարածքում՝ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մերձակայքում գտնվող Էլ-Ջուֆ տեղանքում է գրանցվել ամենաբարձր ջերմաստիճանը՝ \(+ 58,1\)°C: Աֆրիկայի կլիմայական ևս մեկ առանձնահատկություն կայանում է նրանում, որ այն գրեթե ամբողջությամբ գտնվում է տաք ջերմային գոտու սահմաններում և միայն ծայր հարավային և հյուսիսային փոքրիկ մասն է գտնվում բարեխառն ջերմային գոտու սահմաններում: Աֆրիկայի տարբեր տարածքների կլիմայական առանձնահատկությունները մեծապես պայմանավորված են կլիմայաստեղծ գործոնների յուրահատկություններով: 
Կլիմայի վրա ազդող գործոնները
Հայտնի է, որ կլիմայի վրա ազդում են բազմաթիվ գործոններ. աշխարհագրական դիրքը, օվկիանոսային հոսանքները, ռելիեֆի բնույթը, լանջերի դիրքադրությունը, օվկիանոսներից և ծովերից հեռավորությունը, տեղանքի բացարձակ բարձրությունը և այլն:
 
Այսպես, աշխարհագրական դիրքի պատճառով Աֆրիկայի տարբեր հատվածներում տարբեր են գերիշխող օդային զանգվածները և սեզոնայնության արտահայտվածությունը:
 
Օրինակ՝ մերձհասարակածային կլիմայական գոտում ամառները խոնավ են, իսկ ձմեռները՝ չորային:
 
afrika-fiz-Darfur.jpg
Աֆրիկայի ֆիզիկաաշխարհագրական քարտեզ
 
Օվկիանոսային հոսանքների ազդեցությամբ մայրցամաքի հարավ արևմտյան հատվածը խիստ չորային է, իսկ հարավ-արևելքը՝ խոնավ: Դրակոնյան և Կապի լեռները իրենց հերթին թույլ չեն տալիս խոնավաբեր օդային զանգվածներին ներխուժել Կալահարի սարահարթի տարածք՝ դարձնելով այն անապատա-կիսաանապատ: Մինչդեռ այդ լեռների հողմակողմ լանջերը ստանում են առատ տեղումներ, որոնք հավասարաչափ են բաշխվում ամբողջ տարվա ընթացքում: Արևի զենիթային դիրքի փոփոխությանը զուգահեռ պասսատների սեզոնային տեղաշարժի պատճառով մերձարևադարձային կլիմայական գոտում ամառները չափազանց չոր են լինում և տաք, իսկ Կամերուն լեռը, գտնվելով Գվինեական ծոցի ափին, մի շարք գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են Գվինեական տաք հոսանքը, հասարակածին մոտ գտնվելը, մերձափնյա դիրքը, բացարձակ բարձրությունը, ստանում է \(5000-10000\) մմ տեղումներ՝ վերածվելով Աֆրիկայի ամենախոնավ վայրի:
 
Kamerun mount.jpg
Կամերուն լեռը
Կլիմայական գոտիների և մարզերի բաշխման տարածական օրինաչափությունները
Աֆրիկայի տարածքում առանձնացնում են հասարակածային, մերձհասարակածային, արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիները:
Ընդ որում հասարակածային գոտին տարածվում է \(0-7\)° լայնություններում՝ զբաղեցնելով Գվինեական ծոցի ափամերձ տարածքները և Կոնգոյի գոգավորությունը: Նրա շուրջ տարածվում է մերձհասարակածային գոտին՝զբաղեցնելով Սուդանի և Արևելաաֆրիկական սարահարթերի տարածքները և հանդիսանալով Աֆրիկայի ամենամեծ տարածք զբաղեցնող կլիմայական գոտին: Մերձհասարակածային գոտուց հյուսիս և հարավ տարածվում է արևադարձային գոտին, որի սահմաններում են գտնվում Աֆրիկայի խոշորագույն անապատները: Հարավային կիսագնդում արևադարձային կլիմայական գոտին ընդհուպ մոտենում է հասարակածին: Այս գոտին բաժանվում է \(2\) մարզի՝ արևադարձային անապատային և գոտու արևելյան հատվածում՝ արևադարձային խոնավ: Աֆրիկայի ծայր հյուսիսում և հարավում տարածվող մերձարևադարձային գոտին նույնպես բաժանվում է \(2\) մարզի՝ մերձարևադարձային միջերկրածովային և գոտու արևելյան հատվածում՝ մերձարևադարձային խոնավ:
 
Afrika klima.jpg
Աֆրիկայի կլիմայական գոտիները և մարզերը
Կլիմայական գոտիների բնութագիրը
Հասարակածային գոտում տարեկան միջին ջերմաստիճանները տատանվում են +25-27°C սահմաններում: Ընդ որում առավելագույնին հասնում է աշնան և գարնան սեզոնին, երբ Արեգակը «գտնվում է» հասարակածի վրա, իսկ ամռանը և ձմռանը միջին ջերմաստիճանները \(+25\)°C սահմաններում են պահպանվում: Տեղումների քանակը \(2000-3000\) մմ-ի սահմաններում է շնորհիվ հակապասսատների, որոնք ամբողջ տարի տիրապետում են այս հատվածում՝ առաջացնելով զենիթային անձրևներ:
 
Մերձհասարակածային գոտում տեղումների քանակը կրճատվում է մինչև \(1500-1600\) մմև առաջանում է տեղումների սեզոնայնություն. ամառները խոնավ են շնորհիվ հասարակածային օդային զանգվածների ներխուժման, իսկ ձմեռները՝ չորային՝ շնորհիվ արևադարձային օդային զանգվածների ներխուժման: Արևադարձային գոտում տարեկան միջին ջերմաստիճանները մշտապես \(+15\)°C-ից բարձր են, բացառությամբ լեռնային շրջանների: Գոտու անապատային մարզում տեղումների քանակը աննշան է պասսատների պատճառով՝ \(50-100\) մմ սահմաններում: Հարավային կիսագնդում արևադարձային կլիմայական գոտու արևելյան հատվածը խոնավ է շնորհիվ Մոզամբիկի և Ասեղի տաք հոսանքների ազդեցության և լեռնային ռելիեֆի:
 
Մերձարևադարձային գոտու վրա մեծ են արևմտյան քամիների ազդեցությունը: Միջերկրածովային մարզում ձմեռները արևմտյան քամիների շնորհիվ մեղմ են և խոնավ՝ \(800-1000\) մմ տեղումներով, իսկ ամառները՝ չոր և շոգ՝ շնորհիվ պասսատների: Մերձարևադարձային խոնավ մարզում տեղումներն առատ են և հավասարաչափ բաշխված ամբողջ տարվա ընթացքում: