Տեսություն

Հայկական լեռնաշխարհի օգտակար հանածոները
Օգտակար հանածոները կամ այլ կերպ ասած հանքային ռեսուրսները բնության այն տարրերն են, որոնք անմիջականորեն օգտագործվում են կամ կարող են օգտագործվել մարդու տնտեսական գործունեության ընթացքում։
Հայկական լեռնաշխարհը գլխավորապես հարուստ է մետաղային հանքավայրերով, ինչը պայմանավորված է միլիոնավոր տարիներ առաջ տեղի ունեցած բուռն հրաբխականությամբ և դրա արդյունքում ընդերքում սառած մագմայով: Հաճախակի մագման չի կարողացել պատռել երկրի մակերևույթը և դուրս ժայթքել ընդերքից, ինչի հետևանքով ընդերքում սառած մագման առաջացրել է բազմաթիվ ապարներ, որոնց կոչում են ներժայթուկներ:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ մետաղների հարուստ հանքավայրերը լեռնաշխարհի եզրային մասերում են՝ Արևելապոնտական, Փոքր Կովկասի, Հայկական Տավրոսի լեռներում։ Այստեղ ներժայթուկները վերին ապարաշերտերի քայքայման ու տեղատարման պատճառով հետագայում բացվել են (մերկացել են) կամ գտնվում են ոչ մեծ խորություններում։
1-02 (4).png
Երկաթի հանքավայրերից նշանավոր են Փոքր Կովկասի հյուսիս-արևելյան լանջին գտնվող Դաշքեսանինը (ներկայիս Ադրբեջանի տարածք), ինչպես նաև Աղձնիքում, Արդվինի շրջանում և Տուրուբերանում հայտնաբերված հանքավայրերը և այլն։
Պղնձի խոշոր հանքավայրերից մեկը գտնվում է Արևելյան Տավրոսի լեռներում (Հայկական լեռնաշխարհի հարավ), Արկնի բերդաքաղաքի շրջանում։ Պղնձի և նրան ուղեկից բազմամետաղների (ոսկի, արծաթ, կապար, ցինկ) հանքավայրեր են գտնվում Բաբերդի շրջանում, դեպի Սև ծով տանող ճանապարհի մերձակայքում և Ճորոխի ավազանում (Սպերի շրջան)։ Բազմամետաղների և պղնձի հարուստ պաշարներով նշանավոր են նաև Փոքր Կովկասի և Հայկական (Ղարադաղի) լեռները։
 
Հայկական լեռնաշխարհի տարածքի մոտ \(1/3\) մասը ծածկող հրաբխային լավաները առաջացրել են շինանյութերի (տուֆ, պեմզա, պեռլիտ և այլն) հարուստ հանքավայրեր։ Հայկական լեռնաշխարհի բազալտի պաշարները այնքան շատ են, որ գործնականում դրանք չսպառվող են համարվում։ Մեր լեռնաշխարհի հարստություններից է տուֆը։ Տուֆի խոշոր հանքավայրերը գտնվում են Արագածի և Սիփանի (Վանա լճի հյուսիսում) լեռնազանգվածներում, Շիրակում և Մերձերևանյան շրջանում։
Tuf.jpeg
Վարդագույն տուֆը նաև ՀՀ մայրաքաղաք Երևանի դիմագիծն է:
Հայկական լեռնաշխարհը հարուստ է նաև գրանիտի ու մարմարի պաշարներով, որոնցից գեղեցիկ շինություններ են կառուցվել։
  
Ոսկու և արծաթի հարուստ պաշարներ կան Ագիրոկաստրոնում (այժմ՝ Գյումուշհանե), Վանա լճի հարավում, Հայկական Տավրոսի լեռներում և այլն։
Հայկական լեռնաշխարհը հարուստ է հանքային բուժիչ ջրերի աղբյուրներով։ Թոնդրակի հյուսիսային ու արևելյան մասում գտնվող տաք աղբյուրներում, որոնց կոչում են Վարշակի ջերմուկներ. մի շարք ճանապարհորդների վկայությամբ, առանց կրակի տեղացիները ոչխար էին եփում։
Հանքային աղբյուրների շատ ելքեր կան Տիգրիսի Վերին հոսանքներում, Ծովք լճի մոտ։ Նշանավոր հանքային աղբյուրներ են Արզնին, Հանքավանը, Ջերմուկը, Վայկունիքի (Ջերմաջուր) ջերմուկները։
 
Լեռնաշխարհի տարածքում կան նավթի, գորշ ածխի, կավի և նստվածքային ծագման այլ հանքային հարստություններ։ Ածուխն առաջ չի օգտագործվել:
Ոչ հարուստ հանքավայրեր կան Բաբերդում, Կարինից հյուսիս ու արևելք ընկած շրջանում և Օլթի գետի ավազանում։ Լեռնաշխարհում նավթաբեր շրջանները չափազանց քիչ են։ Նավթի փոքր պաշարներով առանձնանում են Արածանիի ավազանը, Վանա լճի և Տիգրիսի վերին հոսանքի շրջանները:
Հայկական լեռնաշխարհում  դեռևս միջնադարում շահագործվում էին Կողբի, Նախիջևանի և Կաղզվանի աղահանքերը։ Նշանավոր է նաև Ավանի աղի հանքավայրը:
Աղբյուրները
Մ․ Մանասյան, Ա․ Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2013, էջ 8-15
«Հայաստանի  Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006
Դպրոցական հանրագիտարան, Երևան  2009
https://rm-content.s3-accelerate.amazonaws.com/55e046be4b8c0ba756b6202d/480934/upload-b3c7bb30-218f-11e6-8d93-3fb870bb0cc5.jpg