Տեսություն

Կայծակ: Ինչպես պաշտպանվել կայծակից
Երբ երկու լիցքավորված մարմիններ բավականաչափ մոտեցնում են իրար, դրանց միջև առաջանում է կայծ և լսվում է ճայթյուն: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում:
 
electro.gif
Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնոլորտում և ուղեկցվում է որոտով:
Կայծակ կարող է առաջանալ երկու էլեկտրականացված ամպերի կամ ամպի ու Երկրի միջև:
 
Animation_1a.gif 
 
Ամպրոպային ամպերը կազմված են ջրի կաթիլներից և փոքրիկ սառցակտորներից: Ներքևից բարձրացող տաք օդի հոսանքների շնորհիվ այդ մասնիկներն անընդհատ բախվում են իրար և, որպես արդյունք` լիցքավորվում: Երբ լիցքերի քանակությունը բավականաչափ մեծանում է, ամպից որոշ էլեկտրոններ օդով հասնում են Երկիր՝ ստեղծելով անցուղի մնացած լիցքավորված մասնիկների համար․ առաջանում է կայծակ։ 
 
Այդ պրոցեսը տևում է շատ կարճ, ջերմաստիճանը հասնում է տաս հազար աստիճանի, տեղի է ունենում կարճատև լուսարձակում։
 
Animation 4a.gif 
  
Օդի արագ ընդարձակման հետևանքով առաջանում է նաև հարվածային ալիք, և մենք լսում ենք որոտը: Կայծակն օժտված է ահռելի էներգիայով և կարող է շատ վտանգավոր լինել: Խփելով տարբեր մարմինների՝ կայծակը կարող է մեծ վնասներ պատճառել. հալել մետաղե իրերը, այրել ծառերը, սպանել մարդկանց և կենդանիներին:
Ինչպես պաշտպանվել կայծակից
Կայծակը բնության ահեղ երևույթներից է, և նրա հարվածը խիստ վտանգավոր է։ Այն ավելի հաճախ հարվածում է Երկրի մակերևույթից վեր խոյացող առարկաներին, շինություններին, ծառերին, կենդանիներին և մարդկանց։
 
Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝ շանթարգելների օգնությամբ:
Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։
Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:
 
1551.gif 
  
Ուշադրություն
 Կայծակից պաշտպանվելու համար անհրաժեշտ անվտանգության կանոնները.
\(1.\) Կայծակի ժամանակ բաց դաշտում գտնվելը վտանգավոր է:
\(2.\) Չի կարելի  պառկել գետնին:
\(3.\) Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:
\(4.\) Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:
\(5.\) Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:
\(6.\) Չի կարելի ձեռք տալ մետաղե առարկաներին, պետք է հեռու մնալ դրանցից:
\(7.\) Թաքնվել կարելի է խիտ անտառում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները:
\(8.\) Մոտոցիկլետի կամ հեծանվի օգտագործումը վտանգավոր է:
 
6a0148c78b79ee970c016767d99933970b.gif
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ.
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն