Տեսություն

Մարմինների էլեկտրականացումը: Երկու տեսակի լիցքեր 
Դեռևս հին Հունաստանում նկատել էին, որ սաթե առարկաները բրդով շփելիս ձեռք են բերում թեթև մարմինները ձգելու հատկություն։ Ոչ միայն սաթը` շատ այլ մարմիններ նույնպես օժտված են այդպիսի հատկությամբ։
Օրինակ
Եթե քո պլաստմասե գրիչը շփես մազերիդ և մոտեցնես թղթի մանր կտորներին, ապա կտեսնես, որ թղթի կտորները կթռչեն դեպի գրիչը։ Նույն բանը կարելի է նկատել մորթով շփած ապակե ձողը խցանի մանր կտորներին մոտեցնելիս։
Եթե շփելիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, ապա ասում են, որ մարմինն էլեկտրականացել է կամ ձեռք է բերել լիցք:
Լիցքավորված մարմինների փոխազդեցությունն անվանում են էլեկտրական փոխազդեցություն:
Եթե լիցքավորված ձողը մոտեցնեք ջրի բարակ շիթին, կարող ենք համոզվել, որ լիցքավորված մարմինը ձգում է նաև նրան։
 
                  big.gif
 
Սաթը հույներն անվանում էին «էլեկտրոն»: Այստեղից էլ առաջացել է էլեկտրականություն բառը: 
 
Լիցքավորված մարմինները կարող են ոչ միայն ձգել, այլ նաև` վանել միմյանց:
Օրինակ
Եթե բրդով  շփած էբոնիտե  ձողը  մոտեցնենք թելից կախված գնդիկներին և լիցքավորենք դրանք՝ հպելով ձողը, կտեսնենք, որ գնդիկներն իրար վանում են: Նույն  արդյունքը կստանանք, եթե գնդիկները լիցքավորենք մետաքսով շփած ապակե ձողով։ Երբ մեկ գնդիկին մոտեցնում են էբոնիտե, մյուսին՝ ապակե ձողը, ապա գնդիկները ձգում են միմյանց: 
1-06-w1889.png
 
Ուշադրություն
Ընդունված է մետաքսով շփելիս ապակու վրա առաջացած լիցքն անվանել դրական (+), բրդով շփելիս էբոնիտի վրա առաջացած լիցքը` բացասական (–):
 
^2BC6ECA0FB53B77050065F46BF9B6E07AC3ACD60D0CE9667EC^pimgpsh_fullsize_distr-w799.png
  
Այսպիսով` բնության մեջ գոյություն ունեն երկու տեսակի լիցքեր: 
Միևնույն նշանի լիցք ունեցող մարմիններն իրար վանում են, տարբեր նշանի լիցքեր ունեցող մարմինները` ձգում:
Շփելիս երկու մարմինն էլ էլեկտրականանում են. մի մարմինը ձեռք է բերում դրական լիցք, իսկ մյուսը` բացասական:
  
0_771f3_22726755_L-iloveimg-cropped.gif
Ինչպես են լիցքավորվում մարմինները:
Հայտնի է, որ բոլոր նյութերի ատոմները կազմված են պրոտոններից, նեյտրոններից և էլեկտրոններից: Էլեկտրոնի լիցքը համարում են բացասական, իսկ պրոտոնինը` դրական: Սովորական վիճակում ատոմի ընդհանուր լիցքը զրո է, քանի որ պրոտոնների և էլեկտրոնների թիվը իրար հավասար է: Մարմինների շփման ընթացքում էլեկտրոնների մի մասը մի մարմնից անցնում է մյուսին: Մարմինը, որին անցել են լրացուցիչ էլեկտրոններ, լիցքավորվում է բացասական լիցքով, իսկ էլեկտրոններ կորցրած մարմինը` դրական լիցքով:
 
1.gif2.png
 
Մարմինների էլեկտրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով:
 
Էլեկտրացույցը ունի պարզ կառուցվածք. այն կազմված է մետաղե ձողից և նրան փակցված մետաղե թերթիկներից։ Երբ էլեկտրականացած մարմինը հպում են ձողին, լիցքերը ձողով հաղորդվում են թերթիկներին, որոնք, նույնանուն լիցքերով լիցքավորվելով, վանվում և հեռանում են  միմյանցից:
 
cc9b283aa9dc.gif
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ. 
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ .Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա. Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն