Տեսություն

Էլեկտրական հոսանք: 
Էլեկտրական լիցքերը կարող են տեղաշարժվել, հաղորդվել, առաջացնելով էլեկտրական հոսանք: Ըստ իրենց լիցք հաղորդելու հատկության, նյութերը բաժանվում են հաղորդիչների և մեկուսիչների:
  
Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
 
Ոչ հաղորդիչներ կամ մեկուսիչներ են. ապակին, չոր փայտը, ռետինը, մարմարը և այլն։
Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:
Էլեկտրական հոսանքի շնորհիվ են լուսավորվում քաղաքներն ու գյուղերը, ջեռուցվում բնակարանները: Էլեկտրական հոսանքով են աշխատում բազմաթիվ կենցաղային սարքեր:
 
85c32b8bb97ef198923b6eb99af2ca1c.jpg    technika_podarok.jpg
 
Էլեկտրական հոսանքի առաջացման համար անհրաժեշտ են հոսանքի աղբյուրներ և հաղորդալարեր, որոնց միջոցով էլեկտրական հոսանքն էլեկտրակայաններից մեր բնակարաններ կհասնի:
Որոշ կենցաղային սարքերի, օրինակ` ձեռքի լուսարձակի, հեռակառավարման վահանակի, հաշվիչի աշխատանքի համար օգտագործում են  գալվանական տարրեր, ավտոմեքենաներում` կուտակիչներ:
 
120e9d27a56cd7603ea1_content_big_87fde87d.jpg
Էլեկտրակայանները, գալվանական տարրերը, կուտակիչները կոչվում են հոսանքի աղբյուրներ:
Ուշադրություն
Հոսանքի աղբյուրներն ունեն երկու բևեռ` դրական «\(+\)» և բացասական «\(–\)»: Հոսանքի աղբյուրը սարքին պետք է միացնել այնպես, որ աղբյուրի «\(+\)» բևեռը համընկնի սարքի «\(+\)» բևեռին, իսկ աղբյուրի «\(–\)» բևեռը` սարքի «\(–\)» բևեռին:  
Soprot1.gif
 
Էլեկտրական սարքը աշխատեցնելու համար այն հաղորդալարերով միացնում են հոսանքի աղբյուրին՝ կազմելով էլեկտրական շղթա:
Օրինակ
Շարժանկարում պատկերված է պարզագույն էլեկտրական շղթան՝ կազմված հոսանքի աղբյուրից, լամպից, անջատիչից և դրանք իրար միացնող հաղորդալարերից:
Երբ շղթան փակ է, դրանով հոսանք է անցնում, երբ բաց է՝ ոչ:
 
lamp_animate.gif
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ.                
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն