Տեսություն

Բայ
bay2.png
Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ:
Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:
Օրինակ
Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին ու կարոտով նայում, թե արդյո՞ք բակում չի երևում ծերունին:
Այս նախադասության մեջ թավ գրված բառերը բայեր են:
Բայերը լինում  են դիմավոր և անդեմ:
Դիմավոր բայերը նախադասության մեջ դառնում են ստորոգյալ, անդեմ բայերը կարող են կատարել տարբեր պաշտոններ:
Բայի կազմությունը
Բայերը կազմությամբ լինում են  պարզ և ածանցավոր:
Բայի սկզբնաձևն ունի ել, ալ վերջավորություն՝
Օրինակ
երգել, խաղալ:
Դա կոչվում է անորոշ դերբայ: 
Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով:
 
ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել,  արտագրել, գունաթափել: Այս բայերի  երգ -, նկար -, արտագր -, գունաթափ-  հիմքերը պարզ են, թեև արտագր -  հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ-  հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա:
 
բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել:  Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ-  հիմքերը ածանցավոր են:
Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր:
Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր :