Ի՞նչ է Բլումի տաքսոնոմիան

 

Բլումի տաքսոնոմիան և դրա կիրառումը

Բլումի տաքսոնոմիան կոգնիտիվ/մտավոր ունակությունների և կրթական ձեռքբերումների  հիերարխիկ դասակարգումն է։

Այն հիմնականում ներկայացվում է բուրգի տեսքով, ինչպես օրինակ՝ Մասլոուի մարդու պահանջմունքների հիերարխիան, քանի որ յուրաքանչյուր մակարդակ կախված է նախորդ մակարդակի ձեռքբերումից։ Չնայած Բլումի տաքսոնոմիան ի սկզբանե նախատեսված է եղել աշակերտներին գնահատելու համար՝ այսօր այն լայնորեն կիրառվում է մի շարք նպատակներով։ Այն օգնում է ուսուցիչներին սովորեցնելու, իսկ  աշակերտներին՝ սովորելու գործընթացում։

Ուսուցիչը կարող է այս բուրգը կիրառել հետևյալ աշխատանքների կազմակերպման և ուսումնական նպատակների ապահովման համար՝

  • Գնահատման իրականացում,
  • Դասընթացների պլանավորում,
  • Դասի բարդության գնահատում,
  • Թեստերի/հանձնարարությունների բարդության գնահատում,
  • Չափորոշիչների կիրառման ուղեցույցների մշակում,
  • Առցանց դասընթացների մշակում,
  • Սեփական ունակությունների գնահատում,
  • Երեխաների՝ չափորոշիչներով նկարագրված ուսումնառական վերջնարդյունքների ապահովում,
  • և այլն:

Այս տաքսոնոմիան ստեղծվել է Բենջամին Բլումի կողմից 1956թ-ին՝ որպես ուսումնառական վերջանդյունքների և նպատակների դասակարգման ձև։ Մտավոր ունակությունների սկզբնական դասավորվածությունը հետևյալն էր՝ գիտելիք, վերարտադրում, կիրառություն, անալիզ, սինթեզ և գնահատում։ Այնուհետև այս շրջանակը վերանայվեց և 2001թ-ին վերահրապարակվեց փոփոխված տարբերակը՝ հեղինակներ Լորին Անդերսոնի և Դավիթ Կրաթվոլի կողմից1։ Հիմնական փոփոխությունը հիերարխիայի ամենից կոմպլեքս՝ սինթեզի ունակությունը ստեղծելու ունակությամբ փոխարինելն էր։ 

Ամենից հաճախ մանկավարժները և կրթության ոլորտի ներկայացուցիչները Բլումի տաքսոնոմիայի օգնությամբ կարողանում են օբյեկտիվորեն գնահատել՝ որքանով են իրենք արդյունավետ իրականացրել  ուսումնական գործընթացը։ Այս գործիքը նաև թույլ է տալիս դյուրին դարձնել անհատականացված ուսուցումը, իրականացնել ամփոփիչ և ձևավորող գնահատում, պլանավորել նախագծային ուսուցում և այլն։

Եկեք տեսնենք, թե ինչպես է Բլումը իր տաքսոնոմիայի միջոցով դասակարգել երեխաների մտավոր ունակություններն՝ ըստ հաջորդականության՝

Իր 40 տարվա ակտիվ մանկավարժական գործունեության ընթացքում Բլումը եկել էր հետևյալ եզրահանգման. «Այն, ինչ կարող է սովորել ինչ-որ մեկը, կարող են սովորել բոլորը։ Ամեն ինչ կախված է նախորդ և ներկա ուսուցման պայմաններից և միջավայրից»։Ըստ նրա՝ յուրաքանչյուր ուսուցման միջավայրում շատ կարևոր է սկսել ամենացածր մակարդակից և աշխատել բուրգի մակարդակների աստիճանաբար ապահովման ուղղությամբ։ 

Ստորին մակարդակների ունակությունները չեն պահանջում մտավոր բարձր կարողությունների դրսևորում, բայց ապահովում են սովորելու կարևոր հիմքը։ Մինչդեռ բուրգի բարձր մակարդակները պահանջում են խորքային ուսանում, որտեղ ավելի բարդ աստիճանի մտավոր գործընթացներ են տեղի ունենում։ Ակամայից ենթադրվում է, որ երեխան կարող է  դրսևորել նման մտածողություն միայն այն պարագայում, երբ վարժ տիրապետում է բուրգի ստորին մակարդակների ունակություններին։  

Օգտագործելով այս դասակարգումը՝ մանկավարժները կարող են արդյունավետ սահմանել ուսումնական գործընթացի նպատակներն՝ ըստ առաջնահերթության և ուսումնական ծրագրի կառուցվածքի, ստեղծել դասի պլաններ, որոնք կներառեն համապատասխան ուսումնական նյութերը և մեթոդական հանձնարարականները՝ աշակերտներին առաջնորդելով բուրգի մակարդակներով վերև։

Բլումի տաքսոնոմիայի օգնությամբ հնարավոր է գտնել խզումը աշակերտների իրական և անհրաժեշտ գիտելիքների միջև, երևան հանել այն, ինչ աշակերտները չգիտեն և  այն, ինչ հարկավոր է՝ սովորեն բարձր մտավոր ունակությունների ձեռքբերման համար։ 

Այսօր գնահատման գործընթացները անընդհատ իրականացվում են մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներում։ Իրավիճակի վերաբերյալ անկողմնակալ և ճշգրիտ տեղեկատվության ստացումը և դրա վերլուծությունը ցանկացած ոլորտի հետագա զարգացման կարևոր նախապայմաններից է։ Եթե մանկավարժի ուսումնական պլանը համալրված է այնպիսի առաջադրանքներով և ուսումնական նյութերով, որոնք չեն ապահովում տվյալ առարկայի՝ պետական ծրագրով և չափորոշչով սահմանված ուսումնառական վերջնարդյունքների ձեռքբերումը և չեն ձևավորում երեխաների մոտ բուրգում նկարագրված բարձր մակարդակների մտավոր ունակությունները, ապա որքանո՞վ է խելամիտ գնահատել այդ երեխաների գիտելիքները՝ համաձայն ԿԳՆ-ի կողմից մշակված ծրագրերի և չափորոշիչների, որոնք իհարկե անդրադառնում են երեխաների կողմից մտավոր բարձր կարողությունների դրսևորմանը։ Եթե երեխաների մտավոր ունակությունների ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները նրանց մոտ ապահովում են Բլումի տաքսոնոմիայի 1-3-րդ մակարդակներում նկարագրված ունակությունները, ինչպե՞ս կարող ենք մենք՝ մանկավարժներս, նախապես հայտնաբերել նկարագրված պատկերը և աշխատել այն շտկելու ուղղությամբ։

Իհարկե այս հարցում մեզ օգնության է գալիս գնահատման համալիր միջոցառումների իրականացումը։ Ինչպես դրանք կիրառել և ստանալ հուսալիև հավաստիպատկեր, կհրապարակենք հաջորդ հոդվածում։