Կրթություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ

 

Մեր անձնական, գործնական, սոցիալական և մշակութային կյանքը ենթարկվում է փոփոխությունների տեխնոլոգիաների հեղափոխության հետևանքով. տրանսֆորմացիաներն ակնհայտ են։ Էլեկտրոնային հասցե, բջջային հեռախոսներ, սոցիալական ցանցեր, որը ներառում է նաև բլոգինգն ու որոնողական համակարգերի հասանելիությունը, համընդհանուր կիրառության «ապրանքներ» են դարձել մեր ամենօրյա կյանքում։

Տարբեր ոլորտներում կարելի է տեսնել ու ուսումնասիրել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ազդեցությունները, դրանց բերած փոփոխությունները։ Կրթությունն ամենազգայուն ու կարևոր ոլորտներից է, որի վրա ազդեցությունները լայն մասսաների համար են ակնառու, զգալի։

21-րդ դարը նշվում է որպես Գիտելիքի դարաշրջան, ժամանակաշրջան, որտեղ գիտելիքն ունի սոցիալական և տնտեսական հիմնարար արժեք։

Իսկ այսօր երիտասարդությունը նկարագրվում է որպես Ցանցային սերունդ, որը ծագել է համացանցային մշակույթում և ներկայացնում է «ցանցը» որպես սոցիալականացման ու աշխատանքի անբաժան մաս։ Մինչդեռ կրթական պրակտիկան նշանակալիորեն չի արտահայտում այս նոր իրականությունը։ Տեխնոլոգիաների վրա հիմնված այժմյան աշխարհում կրիտիկական ու պատեհաժամ է կրթության ու տեխնոլոգիայի հատման ուսումնասիրումը։

Նոր տեխնոլոգիաները վերաձևավորում են մեր գործողություններն այն հասարակության մեջ, որտեղ ապրում ենք, և ի վերջո ձևավորում է մեր հասարակությունը։  Մենք օգտագործում ենք էլհասցե, բաժանորդագրվում ենք օնլայն ֆորումների և սոցիալական կայքերի (ինչպես օրինակ Ֆեյսբուք, Ինստագրամ), մուտք ենք գործում Վիկիպեդիա կամ օնլայն գնումներ ենք կատարում։ Բայց մասնագիտական կյանքում, չնայած մեր հետաքրքրություններին ու կարիքներին, քիչ են կիրառվում տեղեկատվական տեխնոլոգիաները։

Մանկավարժության մեջ կիրառվում են ՏՏ այնպիսի հնարավորություններ, ինչպես օրիակ էլհասցե, Վիկիպեդիա, որոնք օգտագործվում են հետևյալ կերպով՝

  • Աշակերտներին/ուսանողներին տեղեկատվության ու կոնտենտի փոխանցում,
  • Ուսուցչի և աշակերտի միջև կապ,
  • Գնահատականների ներկայացում։

Ցանցի այսպիսի կիրառումներն ավանդական կրթական մեթոդներում ամենից հաճախ հանդիպող ձևերից են, շատ ուսուցիչների համար էլ կիրառման միակ տարբերակը։ Յուրացնելով նոր տեխնոլոգիաները, ծառայեցնելով դրանք ավանդական պրակտիկային, կարող է՝ ինքնին վատ չէ, բայց ուսուցիչները, ովքեր սահմանափակում են իրենց կողմից համացանցի կիրառումը, բաց են թողնում նյութի ներկայացման  ավելի լավ, տարբերվող կամ ավելի առաջադեմ տարբերակների հնարավորությունները սովորեցնելու/կրթելու համար։

Թե ինչու դեռևս ՏՏ չեն կիրառվում դասապրոցեսում իրենց ամբողջ հնարավորություններով, կարող է բացատրվել նաև այն փաստով, որ բացակայում է թեորիկ հիմքը տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ կրթության մեջ։ Բայց առկա են մեթոդական հանձնարարականներ, որոնք օգնում են դասավանդողներին օնլայն ուսուցման համար ավելի էֆեկտիվ մեթոդներ զարգացնել։ Այս կերպ դասավանդողները տարածում են նոր տեխնոլոգիաները՝ հնարավոր է երբեմն սխալվելով, բայց ժամանակի հետ ձեռք բերելով փորձառություն և նոր հմտություններ։

Ուսուցիչներին անհրաժեշտ է արձագանքել տեղեկատվական տեխնոլոգիաների աճին։ Պարտադիր է մտածել կրթության մասին, ինչպես նաև վերագնահատել ու վերաիմաստավորել ուսուցման մեթոդներն ու մասնագիտական մոտեցումները այն հնարավորությունների նկատմամբ, որոնք ընձեռում են օնլայն տեխնոլոգիաները։ Մասնագիտությունների մեծ մասը բախվում են այս խնդրին. օնլայն տեխնոլոգիաները փոխակերպում են աշխատաշուկան ու կազմակերպությունների էությունը։ Ուսուցիչները միայնակ չեն այս շարժի դիմաց, բայց, հնարավոր է, որ ուսուցիչներն առաջնահերթ են զգում այդ փոփոխությունները։ Նորի ուսումնասիրումն ու կրթության նոր միջոցների տիրապետումը հանդիսանում են ուսուցչի մասնագիտության կարևորագույն առանցքներից:[1]

Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների հիմնական նպատակն է՝ իրազեկ, տեխնոլոգիական ձեռքբերումներն արդյունավետ գործածելու ունակություն ունեցող, բարոյական և օրինապահ անհատի դաստիարակում, ով կկարողանա ինքնուրույն ձեռք բերել, կառավարել, մշակել, գնահատել, վերլուծել տեղեկատվությունը և դրա հիման վրա  ինքնուրույն որոշում կայացնել, սեփական լուման է ներդնել հասարակության առաջընթացի գործում:

Համակարգչային օժանդակությամբ ուսում (ՀՕՈՒ)

Ուսման մեջ համակարգիչների կիրառումը սկզբնապես կապված էր բնագիտական առարկաների դասավանդման հետ, բայց գործածության ոլորտը անընդհատորեն ընդլայնվելու միտում է դրսևորում: Ուսման ավանդական ընթացքին համակարգիչների հարմարեցման կամ համակարգչային օժանդակությամբ ուսման կազմակերպման հարցի նկատմամբ երկարատև քննարկումների ընթացքում ձևավորված մոտեցումները կարելի է ամփոփել չորս խմբի մեջ:

1. Ըստ առաջին տեսակետի, որ կարելի է «հրահանգային» կոչել, համակարգիչը, որը պարունակում է ուսման ողջ նյութը, պետք է ապահովի նախապես ծրագրված ուսուցում փուլերի որոշակի հերթականությամբ: Տվյալ փուլի նյութը բավարար չափով յուրացնելուց հետո սովորողը հնարավորություն կստանա անցնելու հաջորդ փուլին:

2. «Ազատող» կամ «թեթևացնող» մոտեցումը ենթադրում է, որ համակարգիչը պետք է կրճատի ծանր, անախորժ աշխատանքը, որպեսզի երեխան կարողանա կենտրոնանալ ավելի կարևոր բաների վրա:

3. «Հայտնագործման» մոտեցումը համարում է, որ երեխաների համար կարևորը հայտնագործելով սովորելն է: Նոր տեղեկությունները և նրանց հիմքում ընկած տեսությունը աստիճանաբար բացահայտվում են երեխայի և համակարգչի փոխներգործության ընթացքում: Օրինակ՝ համակարգիչը կարող է նմանակել որևէ փորձ, որի միջոցով երեխաները պիտի գտնեն շարունակելու իրենց ձևերը:

4. Վերջին մոտեցումը հիմնվում է կռահման սկզբունքի վրա՝ ենթադրելով, որ որոշ իմաստով հենց երեխաներն են ստեղծում իրենց գիտելիքը: Մեքենայի աշխատանքը միայն օգնելն է երեխաներին՝ փորձարկելու իրենց գաղափարները (տես՝ Education and Personal Information Skills by J. Meadows in):[2]

Հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո աշակերտը պետք է բազային գիտելիքներ ունենա տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների մասին, նաև պետք է ունենա դրանց կիրառման գործնական փորձառություն, որը բավական կլինի ինչպես հետագա մասնագիտական գործունեության, այնպես էլ հաջորդ աստիճանում ուսումը շարունակելու համար:

[1] https://pdfs.semanticscholar.org/4027/f809f9bef6fbe00d9517312878f1500207db.pdf

[2] https://hetq.am/hy/article/8799