ՏՀՏ-ն ուսումնական գործընթացում 

  Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման, նաև մարդկային ռեսուրսի պահպանման ու վերարտադրման նախապայմաններից։ Կրթության ոլորտը ամենաբարդերից է, որն անընդհատ կատարելագործվելու կարիք ունի։ Այժմ շատ կարևորվում և խրախուսվում է հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառությունը ուսումնական գործընթացում։ Ուսումնական պլաններում ամիսը մեկ անգամ նախատեսված են տեխնոլոգիաների ներգրավմամբ դասեր բոլոր առարկաներից, հիմնականում դպրոցներն ունեն համակարգչային սենյակ, համացանց, ուսուցիչները ժամանակ առ ժամանակ անցնում են համակարգչային հմտությունների վերապատրաստում։
    Այնուամենայնիվ, ուսուցիչների մեծ մասը ՏՀՏ-ի կիրառումը համարում է հավելյալ աշխատանք, ծանրաբեռնվածություն, որի համար նրանք նաև չեն վճարվում։ Ցածր աշխատավարձը լրջագույն խնդիր է, որ ետ է պահում ուսուցիչներին նորարարությունից:
Բայց առաջին հերթին ուսուցիչը պետք է հասկանա ՏՀՏ կիրառության առավելությունները և զգա, թե որքանով է այն հեշտացնում թե՛ իր աշխատանքը, թե՛ աշակերտների՝ դարձնելով դասն առավել մատչելի, հետաքրքիր, կիրառական և աշակերտակենտրոն։
ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է ավելի հարուստ, բազմերանգ ու դինամիկ ուսումնական նյութ ստեղծել և օգտագործել, դրա միջոցով նաև կարող ենք ուսումնական բովանդակությունը դարձնել ինտերակտիվ: Արդյունքում, աշակերտը ոչ թե տեղեկատվության պասիվ ստացողն է, այլ հենց ինքն էլ կարող է փոփոխել ու նույնիսկ ստեղծել  ուսումնական բովանդակությունը: Սա երեխայի մոտ զարգացնում է պատասխանատվության զգացում. դասարանում, շրջապատում կա մի բան, որ կախված է իրենից։
Հայտնի է, որ մարդկանց մեծամասնությունը մտապահում է լսածի 5%-ը և տեսածի 20-ը: Ձայնային և տեսողական տեղեկատվության միաժամանակյա օգտագործումը բարձրացնում է մտապահելու ունակությունը մինչև 40-50%: Տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս ուսումնական նյութը ներկայացնել զանազան ձևերով, և հենց դրանով է ուսումնական պրոցեսն ավելի արդյունավետ դառնում: Ուսուցիչներն այս դեպքում խնայում են ոչ միայն ժամանակ, այլև հիմնարար, խորացված գիտելիք են տալիս աշակերտին, որը կպահպանվի հիշողութան մեջ։

tht-nka1

 

ՏՀՏ-ի կիրառումը դասապրոցեսի տարբեր փուլերում։

     1. Նոր թեմայի ներակայացում.

  • դասի թեման ներկայացվում է լուսանկարների տեսանյութերի, գծագրերի, շարժանկարների, ձայնի օգնությամբ՝ տեսության համառոտ ներկայացմամբ։ Նմանատիպ դասերի ընթացքում դասարանում ստեղծվում է իրական շփման իրավիճակ, աշակերտները ուսումնական նյութի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում:

     2. Ուսուցչի բացատրություններին ուղեկից.

  • օգտագործվում են կոնկրետ դասերի համար ստեղծված նյութեր՝ համառոտ տեքստ, հիմնական բանաձևեր, գծագրեր, նկարներ, տեսանյութեր, անիմացիաներ: Նման դեպքերում երեխաները ձգտում են իրենց մտքերն արտահայտել սեփական բառերով և հաճույքով են կատարում առաջադրանքները, իսկ ներկայացված նյութը լինում է կիրառական, տեսանելի ու հասկանալի։

           tht-nkar2

     3. Աշակերտի անհատական աշխատանք.

  • Ուսուցիչը դառնում է ուղեկից, ով ցույց է տալիս ճանապարհը, բայց ճանապարհի ամբողջ «ծախսն» իր վրա չի վերցնում։ Աշակերտը ընթացքում ոչ միայն պետք է ապահովի իր ներակայությունը, այլև լինի ակտիվ մասնակից, ջանք գործադրի, ցույց տա իր մոտեցումներն ու ինքը փորձի ճանապարհն առավել գեղեցկացնել, հետաքրքրացնել։ Իսկ նորագույն տեխնոլոգիաների միջավայրը երեխաների սիրելիներից է, որը կարելի է և պետք է օգտագործել ի շահ նրանց։
    Խաղալու փոխարեն ինչու՞ երեխան համակարգչով չպատրաստի հետաքրքիր պրեզենտացիա դասի թեմայի վերաբերյալ, ինչու՞ իր անհատական ուսումնասիրությունը չանկացնի և ինչու՞ չփորձի ինքը գտնել իր հարցերի պատասխանները։

     4. Գիտելիքի ստուգում.

  • համակարգչային թեստավորման օգտագործումը բարձրացնում է ուսումնական գործընթացի արդյունավետությունը, ակտիվացնում է դպրոցականների ճանաչողական գործունեությունը: Հնարավոր է կազմել այնպիսի ստուգիչ թեստեր, որ յուրաքանչյուր աշակերտ ստանա իր ունակություններին ու կարողություններին համապատասխան առաջադրանքներ, որոնք կլինեն մեկ օրինակով։ Սա ամենահարմար տարբերակներից է ապահովել շերտավոր ուսուցում, անհատական մոտեցում։ Եվ եթե դասարանում սովորում է անգամ 30 երեխա, յուրաքանչյուրը կստանա տարբեր առաջադրանքներ, վերջիններս էլ կստուգվեն ավտոմատ։

tht-nkar3

Ի՞նչ է ստանում ուսուցիչը ՏՀՏ-ի կիրառման միջոցով։

  • Նա խնայում է իր անձնական ժամանակը, որը կարող է, բայց չէր հասցնում անցկացնել ընտանիքի հետ, ծախսել իր անձնական կարիքների բավարարման և ի վերջո առանց տետր ու կարմիր գրչի բազմոցին հանգիստ նստելու համար։

  • Տեսնում է իր աշխատանքի արդյունքը։ Ստանում է այն զգացողությունը, որ իր ժամանակը ծախսվել է արդյունավետ և նպատակային։

  • Ստանում է բավարարվածության զգացում իր աշխատանքից՝ տեսնելով աշակերտների հետաքրքրվածությունը, ակտիվ մասնակցությունը դասապրոցեսին։

  • Անընդհատ զարգանում ու կատարելագործվում է որպես մասնագետ, կիրառում է ժամանակակից մեթոդներ իր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու, նոր հմտություններ ձեռք բերելու և միշտ ձեռքը ժամանակի զարկերակին պահելու համար։