Ուսուցիչները՝ սուպերհերոսնե՞ր

 

    Յուրաքանչյուր տարիքում մեր կյանքում լինում են մարդիկ, որոնք մեզ համար կատարյալ են, օրինակելի ու անսխալական։ Հատկապես փոքր հասակում այդ մարդիկ հերոսացվում են, մեզ թվում է՝ նրանք կարող են անել ամեն ինչ, գիտեն ամեն ինչ, ամենաուժեղն են ու ամենակարողը։ Ծնողներն առաջին մարդիկ են, որոնք մեր կողմից ստանում են նման կարողությունները սուպերհերոսի թիկնոցի հետ միասին։

*Սուպերհերոսը կերպար է, ով օժտված է արտասովոր ֆիզիկական հնարավորություններով (սուպերուժեր), որոնք նա ուղղում է սխրանքների կատարման՝ ի օգուտ հանրության։

Ծնողներից հետո ուսուցիչներն են, ովքեր տալիս են մեր շատ հարցերի պատասխանները, ուղղորդում են ու սովորեցնում։ Իսկ ամենամեծ բանը, որ ուսուցիչները կարող են անել, հավատալն է մեր ուժերին։ Ես հիմա գրում եմ որպես աշակերտ՝ հիշելով ուսուցիչներիս, ովքեր հավատալով ինձ այնպես են արել, որ ես հավատամ ինքս ինձ։ Հավատամ, որ կարող եմ 30 հոգու առաջ կանգնել ու ինքնավստահ պատմել սովորածս դասը,  աշխատանքի միջոցով կարող եմ դառնալ գերազանց սովորող՝ պայքարելով ոչ թե գնահատականի համար, այլ գիտելիքի, ու հետագայում ունենալ հաջողություններ։

Եվ չնայած տարիների ընթացքում մեր ձեռք բերած աշխատանքային փորձի, մասնագիտական հմտությունների, կենսափորձի՝ բոլորս ժամանակ առ ժամանակ ունենում ենք կասկածներ ու անհանգստություններ։ Վերջիններս կարող են մեզ տալ այն  միտքը, որ մեր արածը արդյունավետ չէ, անօգուտ է կամ էլ չի գնահատվում։

Ուսուցիչները ևս, ովքեր ամեն օր շփվելով հարյուրավոր աշակերտների հետ, իրենց ամբողջ էներգիան տալով նրանց՝ տարբեր հանգամանքների պատճառով  միշտ չէ, որ ունենում իրենց սպասելի արդյունքը։ Յուրաքանչյուր ուսուցչի ցանկանում եմ 2 բան ասել, որը պետք է իմանալ ու միշտ հիշել։ Առաջինը ՝ մենք հավատում ենք ձեզ, իսկ երկրորդը՝ դուք կարող եք շատ բան փոխել։

«Մեկ երեխան, մեկ ուսուցիչը, մեկ գիրքը, մեկ գրիչը կարող են փոխել աշխարհը»։

-Մալալա Յուսուֆզայ (Malala Yousafzai)

Պակիստանում Մալալան 11 տարեկանից զբաղվում էր կանանց և երեխաների կրթությունը հասանելի դարձնելու գործունեությամբ։ Նրա ազդեցությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ 15 տարեկանում մահափորձի է ենթարկվել և ծանր վիրավորվել: Փրկվելուց հետո, ինչպես Մալալան է նշում, կար 2 ճանապարհ. «Ես կարող էի հանգիստ ապրել կամ էլ կարող էի ստացածս այս նոր կյանքում անել ավելին։ Ես որոշեցի շարունակել իմ պայքարը, մինչև որ յուրաքանչյուր աղջիկ սովորելու հնարավորություն ստանա»։

Իր գործունեության համար Մալալան ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ 2014թ.-ին՝  դառնալով Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը:

Ուղերձ։ Եթե կա մեկն, ով ամեն օր կարող է բերել դրական փոփոխություններ, ուսուցիչն է։ Երբեք չմտածեք, որ ձեր ջանքերն աննշան են կամ փոփոխություն չեն բերում։ Նույնիսկ անհնար է բացատրել, թե որքան դրական ազդեցություն դուք կարող եք ունենալ որևէ մեկի կյանքի վրա, հատկապես աշակերտների։

Իսկ Էդմունդ Կորոման Սիերա Լեոնեում (արևմտաաֆրիկյան երկիր) քաղաքացիական պատերազմի ընթացքում հազարավոր մարդկանց ցույց տվեց, որ օգնության ձեռք մեկնելով կարիքի մեջ ընկածին՝ կարելի է փրկել ու փոխել մարդու կյանքը։

Էդմունդ Կորոնան իր անձնվեր քայլերի արդյունքում դարձել է Սիերա Լեոնեի շատ ու շատ երեխաների պահապան հրեշտակը։ Նրա հիմնած դպրոցում արդեն սովորում են 157 աշակերտներ 12 կամավոր ուսուցիչների վերահսկողությամբ։ «Ես իրականում չգիտեմ, թե ինչպես ստացվեց, որ հիմա սա եմ անում։ Ինքս խմորվեցի դրա հետ միասին ու հիմա դա անում եմ առանց մտածելու՝ ինքնըստինքյան։ Դա իմ փոքրիկ ներդրումն է հանուն ընդհանուրի բարօրության ու հանուն իմ հասարակության, և ես երջանիկ եմ այս գործն անելով»,- ասում է Էդմունդը։

Խալիլ Ջեբրան (գրող, փիլիսոփա) նշում էր, որ ուսուցիչը ամենակարևոր մարդն է երեխայի կյանքում։ «Ձեր իսկ սերը սովորելու նկատմամբ կարող է լինել վարակիչ ու ոգեշնչող։ Ուսուցիչն է, որ երեխաների մոտ քաջություն է առաջացնում։ Դուք հանդիսանում եք դաստիարակող, օգնական, խնամակալ. դուք կարող եք և կիրականացնեք փոփոխություններ»։

Իսկ Ալբերտ Էյնշտեյնն ասում էր՝. «Ես երբեք չեմ սովորեցնում իմ աշակերտներին։ Ես միայն ստեղծում եմ պայմաններ, որում նրանք կարող են սովորել»։

Լավագույն պայմանները, որոնք մենք կարող ենք ստեղծել մեր աշակերտների համար, նրանք են, որում երեխաները կվերցնեն իրենց վրա պատասխանատվություն։ Պատկերացնում եք չէ՞, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում երեխայի գիտակցման մեջ, երբ նա հասկանում է՝ ինքն ինքնուրույն գտել է պատասխաններ  կամ կարողացել է մի բան ստեղծել ինքնուրույն։

Արդյո՞ք նշված օրինակներն էլ ցույց չեն տալիս, որ ուսուցիչները սուպերհերոսների նման ի օգուտ հանրության «սխրանքներ են գործում». պարզապես ուսուցիչները հորինված չեն։

Ուսուցիչները իրական սուպերհերոսներն են։