Կրթության ազգային ինստիտուտի կողմից սկսվել են 2016 թվականի նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացները հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար: Վերապատրաստման ծրագիրն իր մեջ ներառում է նաև ՏՀՏ բաղադրիչ, որի բովանդակությունն այս տարի փոփոխված է: Այն բաղկացած է լսարանային և արտալսարանային ժամերից, որոնց մեջ տեղ է հատկացված նաև www.imdproc.am կրթական կայքին:

Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Կրթության ազգային ինստիտուտի ՏՀՏ բաժնի մասնագետները վերապատրաստել են բոլոր այն վերապատրաստող դասախոսներին, ովքեր պետք է ուսուցիչների հետ վարեն դասընթացի ՏՀՏ բաղադրիչը: Նրանց մանրամասնորեն ներկայացվել է «ԻմԴպրոց» կայքը՝ որպես միջնակարգ կրթության ողջ ուսումնական համալիրը ներառող էլեկտրոնային ինտերնետ ռեսուրս՝ հանդիսանալով միաժամանակ և՛ դասագիրք, և՛ խնդրագիրք, և՛ առաջադրանքների ու թեստերի հսկայական շտեմարան: Վերապատրաստող դասախոսները ծանոթացել են այն հնարավորություններին, որ կայքը ընձեռում է ուսուցչին, մասնավորապես՝ հետաքրքիր և արդյունավետ անցկացնել դասը, առցանց հանձնարարել տարբեր բնույթի դասարանային, տնային և ստուգողական աշախատանքներ, հետևել աշակերտների առաջընթացին և այլն:

Ապրիլի 11-ին Կրթության ազգային ինստիտուտի վերապատրաստող դասախոսների հետ հանդիպեցին Ռուսաստանից ժամանած հյուրերը՝ ՌԴ-ում «Գիտելիքների որակի երաշխավոր» նախագծի ղեկավար, մի շարք նորարարական կրթական ծրագրերի ղեկավար Յուրի Յակովլևը և «Յակլասս» կրթական պորտալի զարգացման գծով տնօրեն Ալիսա Կլիման:

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրեցին www.imdproc.am կայքի հնարավորություններն ու առանձնահատկությունները, կիրառման ոլորտները: «Հայաստանյան նոր կրթական պորտալը 100% -ով լուծում է բազմաթիվ հարցեր՝ աշակերտների մոտիվացիայի բարձրացում, կրթության երաշխավորված բարձր որակ, անհատական մոտեցում յուրաքանչյուր աշակերտին, ուսուցչի կողմից աշակերտների առաջադիմության մոնիտորինգ, ծնողների համար երեխայի առաջադիմության և արդյունքների թափանցիկություն, ուսուցչի մի շարք գործառույթների ավտոմատացում», - իր խոսքում նշեց Յու. Յակովլևը:

Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ քննարկեցին կայքը որպես առցանց կրթական գործիք օգտագործելու հնարավորությունները: Նրանք նշեցին, որ կայքը ժամանակի հրամայականով ստեղծված կրթական գործիք է, որի օգնությամբ հնարավոր կլինի բարձրացնել կրթության արդյունավետությունը և որը կլինի անփոխարինելի օգնական ուսուցիչների և աշակերտների համար:

Ռուսերենի մասնագետների խնդրանքով կազմակերպվեց առանձին հանդիպում Յուրի Յակովլևի և նրանց հետ, որի ընթացքում քննարկվեցին ավելի սերտ համագործակցության հեռանկարները:

Հրապարակված է