Մրցույթի հաղթողների պարգևատրություն

16.02.2017-ին կայացավ «ԻմԴպրոց» կրթական կայքի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության կողմից կազմակերպված «Մաթեմատիկա» առարկայի մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ԻմԴպրոցի գործընկերներ «Յունիքոմփ» և «Մայքրոսոֆթ Հայաստան» կազմակերպությունները, մրցույթի մասնակից Երևանի 23 դպրոոցի տնօրենները, և, իհարկե, մրցույթում հաղթող դարձած աշակերտներն իրենց ուսուցիչների և ծնողների ուղեկցությամբ:

Միջոցառման բացումն ազդարարեց ԻմԴպրոց կայքի գործադիր տնօրեն Անի Հակոբյանը: Այնուհետև հյուրերին ողջունեցին և մրցույթի կազմակերպիչներին ու հաղթող աշակերտներին շնորհավորեցին ՀՀ ԿԳՆ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանն ու Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

«ԻմԴպրոց» կայքը բազմաֆունկցիոնալ պլանշետներ հանձնեց մրցույթում հաղթող դարձած Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոցի 5-րդ «Ա» դասարանի և Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցի 6-րդ «Գ» դասարանի  բոլոր  աշակերտներին:

ԻմԴպրոցը պարգևատրեց նաև հաղթող դասարանների մաթեմատիկայի ուսուցիչներին` յուարքանչյուրին նվիրելով համակարգիչ:

ԻմԴպրոցն առանձնացրել էր նաև անվանակարգեր, որոնք նախապես հայտարարված չէին: Հաղթողների համար դա մեծ անակնկալ էր և ևս մեկ հպարտանալու առիթ:

Մրցույթի շրջանակներում «Լավագույն համագործակցող դպրոց» ճանաչվեց Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցը: «Լավագույն համագործակցող ուսուցիչ» ճանաչվեց Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Հասմիկ Սարգսյանը, իսկ «Լավագույն աշակերտ» ճանաչվեց մրցույթի 2 փուլում էլ առավելագույն միավորը վաստակած (առավելագույն 100-ից 100 միավոր) Երևանի Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Հայկ Անդրիասյանը:  

Նրանց ևս շնորհվեցին պատվոգրեր և նվերներ:

Հավաստագրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև Երևանի 12 վարչական շրջանների 23 դպրոց և ԻմԴպրոց կայքի հետ մինչ այժմ արդյունավետ համագործակցած մանկավարժներ և մասնագետներ:

Միջոցառումն անցավ ջերմ և ընկերական մթնոլորտում, որը ԻմԴպրոցի ևս մեկ կարևորագույն ձեռքբերում էր:

Մրցույթի մանրամասները հետևյալ հղումով

Հրապարակված է