ԻմԴպրոցի 2019 թվականի ձեռքբերումները

Սիրելի՛ օգտատերեր,

Ահա և ավարտին է մոտենում 2019 թվականը: Ցանկանում ենք ձեզ հետ կիսվել այս տարվա մեր ձեռքբերումներով՝ վստահ լինելով, որ 2020 թվականը մեզ բերելու է նորանոր հաջողություններ ու համագործակցություններ։

Մենք մեր գործունեությունը սկսել ենք մոտ 5 տարի առաջ, և առաջին իսկ օրվանից մեր նպատակն է նպաստել հանրակրթության և առհասարակ կրթության ոլորտում հրավիրող միջավայրի ստեղծմանը, նպաստել կրթական համակարգի բարելավմանն ու առաջընթացին և ապահովել հավասար, որակյալ ու հասանելի կրթություն բոլորի համար: 

  • 2019 թ.-ին մեր «Առարկաներ» բաժինը համալրվեց նոր առարկաներով՝ «Խորացված ֆիզիկա 10-12», «Մայրենի 4», «Կենսաբանություն 7», «Աստղագիտություն 9»:

  • 2019 թվականը սկսեցինք հետաքրքիր համագործակցությամբ: Կայացավ ԻմԴպրոցի և Cityzen մանկական մասնագիտությունների քաղաքի համատեղ մրցույթը՝ նախատեսված 3-րդ դասարանի աշակերտների համար: Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների համար Cityzen-ը իրական տոն կազմակերպեց։ Նրանք այստեղ տարբեր մասնագիտություններ փորձարկեցին. փոքրիկներն իրենց ձեռքերով շոկոլադ պատրաստեցին, եղան հրշեջներ ու բժիշկներ, ոստիկաններ ու դերձակներ:

  • Մեկնարկեց «Օնլայն ուսուցիչ» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն ունի իր գիտելիքը կառուցելու ճանապարհին ուղղորդվել այնպիսի մասնագետների կողմից, որոնք լավագույններից են իրենց գործում։ 

  • Կայացավ ԻմԴպրոցի և «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանի համատեղ մրցույթը: Ամենաշատ «ԹՈՓ» միավորներ հավաքած 25 աշակերտ բացահայտեց «Փոքրիկ Էյնշտեյն» թանգարանը։ Հաղթողները անձամբ փորձարկեցին թանգարանում ներկայացված ցուցանմուշները, վայելեցին գիտության զարմանահրաշ երևույթները։

  • ԻմԴպրոցը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ. դիագնոստիկ (հայտորոշիչ) թեստերի անցկացում ՀՀ դպրոցներում: Այդ թեստերը կիրառվում են ուսուցման փուլի սկզբում կամ ընթացքում՝ սովորողների կարիքները հստակեցնելու և ուսուցման գործընթացը բարելավելու նպատակով: 

  • Կայացավ ԻմԴպրոցի և Spacer-ի համատեղ մրցույթը՝ նախատեսված 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների համար: Եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին ԻմԴպրոցը հնարավորություն ընձեռեց ծանոթանալ միմյանց հետ, քննարկել մրցույթը, իսկ ծանոթությունն ավելի ամբողջական դարձավ HD Games-ի խաղավարների շնորհիվ, ովքեր շա՜տ հետաքրքիր խաղեր կազմակերպեցին երեխաների համար: Ոչ մի մասնակից ձեռնունայն չգնաց ԻմԴպրոցից։ Բոլոր մասնակիցները, անկախ իրենց զբաղեցրած տեղից, մեր գործընկեր Spacer-ի կողմից ստացան հովերբորդ վարելու 10,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր:

  • Այս տարի մեզ մոտ վերապատրաստվեցին մեծ թվով ուսուցիչներ, ինչպես գրասենյակում, այնպես էլ առցանց կամ դպրոցներում, որոնք արդեն ակտիվորեն կիրառում են ԻմԴպրոցը ուսումնական գործընթացում։ Պարբերաբար հանդիպումներ ունեցանք տնօրենների, ուսուցիչների, ծնողների և աշակերտների հետ: Համագործակցեցինք ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի մի շարք դպրոցների հետ:

Սիրելի՛ օգտատերեր, շնորհակալ ենք ձեզ: Առանց ձեր սիրո և նվիրվածության մենք չէինք գրանցի այն բոլոր հաջողությունները, որոնք ունեցանք այս տարի։

ԻմԴպրոցը սիրում է ձեզ և գալիք 2020 թ.-ին ևս լինելու է ձեր կողքին։😊

Հրապարակված է