«ԻմԴպրոց» կրթական կայքը կազմակերպել էր «Կրթություն՝ ժամանակին համընթաց» խորագրով հանդիպում-միջոցառում։ 
Միջոցառման ընթացքում ազդարարվեց «ԻմԴպրոց» կրթական կայքի կողմից կազմակերպված Համադասարանային և Համադպրոցական մրցույթների բացումը։ 
    Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը, «ԻմԴպրոց» կայքի եվրոպացի գործընկերները, համագործակից ուսումնական հաստատությունների տնօրեններ և ուսուցիչներ, ՏՀՏ կիրառմամբ հետաքրքրված այլ ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների տնօրեններ և տարբեր ՏԻՄ ներկայացուցիչներ։
Հանդիպումն անցավ շատ ջերմ և կառուցողական մթնոլորտում։
    Բացման խոսքով հանդես եկավ «ԻմԴպրոց» կայքի գործառնական տնօրեն Գոռ Այվազյանը, այնուհետև ելույթ ունեցան Երևանի Ա․Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի ֆիզիկայի և աստղագիտության ուսուցչուհի Տաթևիկ Անանիկյանը և Հայաստանի Քեմբրիջ միջազգային կրթահամալիրի դասվար Մարիետա Նահապետյանը։
Ուսուցչուհիները ներկայացրին «ԻմԴպրոց» կայքի հետ իրենց անցած ճանապարհը, խոսեցին կայքի կարևորության, տված հնարավորությունների և արդիականության մասին։
Իր ելույթի ժամանակ Տաթևիկ Անանիկյանը տեսակապով միացավ Ա․Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոց, որտեղ «ԻմԴպրոց» կայքի միջոցով ֆիզիկա առարկայի դաս էր անցկացվում, իսկ Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի Երիցյան վարժարանի աշակերտները կատարում էին «ԻմԴպրոց» կայքով կազմված ստուգողական աշխատանք՝ աստղագիտություն առարկայից։
    Խոսքով հանդես եկավ նաև «ԻմԴպրոց»-ի գործընկեր լատվիական «ԻմԴպրոց» կրթական կայքի տնօրեն, համահիմնադիր և կայքի հայկական տարբերակի համակարգող Էդգարս Շկուտանսը։ Նա նախ ողջունեց ներկաներին, ապա խոսեց Լատվիայում «ԻմԴպրոց»-ի գրանցած հաջողություններից, ավելացրեց, որ Լատվիայում կայքը պաշտոնապես կիրառում է դպրոցների 85%-ը, այն արդեն մի քանի տարի է ինչ սերտ  համագործակցում է տեղի Կրթության և գիտության նախարարության հետ։ Մեր Գործընկերը պատրաստակամություն հայտնեց իրենց փորձով կիսվելու ԻմԴպրոց թիմի հետ և հնարավորության դեպքում աջակցելու կայքի կատարելագործմանը։
Հանդիպումը եզրափակելով՝ Գոռ Այվազյանը հավելեց․
«Կայքն արդեն երրորդ անգամ է կազմակերպում նման մրցույթ։ 2016-2017 ուստարում ունեցել ենք 971 մասնակից, 2017-2018 ուստարում ունեցել ենք 1723 մասնակից, իսկ այս տարի մասնակիցների թիվն աննախադեպ է՝ 4918 աշակերտ (թվով 198 դասարան ՀՀ 64 դպրոցներից): Այս աշակերտները ուստարվա սկզբից աշխատել են կայքով և կատարել են շուրջ 6․378․524 առաջադրանք, ինչն իսկապես գովելի է»:
Շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին՝ պարոն Այվազյանը խոստացավ, որ «ԻմԴպրոց» կայքը չի դադարի իր ներդրումն ունենանալ երկրում որակյալ կրթության ապահովման գործում։

 

Հրապարակված է