Ապրիլի 6-ին Երևանի Խ․ Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի հյուրընկալությամբ տեղի ունեցավ «ՏՀՏ-ն և կրթությունը․ զարգացման ուղիներն ու մարտահրավերները» խորագրով միջոցառումը։
     Միջոցառմանը ներկա էին ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետերը, ՀՀ Տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետը, ներկայացուցիչներ մեր գործընկեր կազմակերպություններից, դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ։
     Գաղտնիք չէ, որ «ԻմԴպրոց»-ն ըստ արժանվույնս գնահատում է իրենց գործին նվիրյալ ուսուցիչների, տնօրենների և կրթական ոլորտում իրենց ներդրումն ունեցող անհատների ու կառույցների աշխատանքը և լսելի է դարձնում բոլորի կարծիքներն ու առաջարկները՝ միտված համակարգի զարգացմանը։

     Այս միջոցառման ձևաչափը ևս այդպիսին էր․ խոսվեց ոլորտի զարգացմանը միտված ուղիների ու հեռանկարների մասին, բարձրաձայնվեցին ունեցած ձեռքբերումներն ու արձանագրվեց դպրոցներում ՏՏ-ի ներդրման խիստ անհրաժեշտությունն ու դարի հրամայական լինելը։
     «ԻմԴպրոց» կրթական հարթակի տնօրեն Գոռ Այվազյանն իր շնորհակալական խոսքն ասաց ներկաներին, հատուկ շնորհակալության արժանացան Երևանի քաղաքապետարանի, Արմավիրի ու Արագածոտնի մարզպետարանների հանրակրթության վարչությունների պետերը՝ ներգրավվածության ու աջակցման համար։
     ՏՀՏ ներդրումը կարևորելու և խրախուսելու, հետևողական աշխատանք իրականացնելու համար շնորհակալագրեր ստացան մի շարք դպրոցների տնօրեններ, իսկ 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակում հարթակը լավագույնս կիրառած 22 ուսուցիչներն արժանացան «Նորարար ուսուցիչ» կոչումով մեդալների և շնորհակալագրերի։
     Պատահական ընտրված չէ նաև մեդալներին առկա գրությունը՝ «Ձեր աշխատանքը երկրի ապագան է», քանզի վստահ ենք, որ նմանօրինակ նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ սերունդներին կրթելն ու դաստիարակելը տարիներ անց կտան իրենց պտուղները։

Հրապարակված է