Տեսություն

Աշխարհագրական թաղանթի կարևորագույն հատկություններից մեկը երևույթների գոտիականությունն է, կամ այլ կերպ ասած երևույթների օրինաչափ փոփոխությունը հասարակածից դեպի բևեռներ ուղղությամբ: Դրա գլխավոր պատճառներն են Երկրի գնդաձևությունը և սեփական առանցքի շուրջ պտույտը, ինչի արդյուքնում Երկրագնդի տարբեր հատվածներ Արևից ստանում են տարբեր քանակի ջերմություն: Ջերմության այսպիսի անհավասարաչափ, սակայն օրինաչափ փոփոխությունը հասարակածից բևեռներ ուղղությամբ առաջացնում է ճնշման գոտիների օրինաչափ հերթափոխ, իսկ վերջինս նաև ամբողջ մթնոլորտի շրջանառություն մշտական քամիների և օդային զանգվածների տեղաշարժի տեսքով:
 
Chnshman gotiner, odayinzangvacner, qaminer1.jpg
Երկրագնդի վրա ճնշման գոտիների բաշխումը և մշտական քամիները
 
Արևի ճառագայթների անկման մեծ  անկյան պատճառով հասարակածային լայնությունները մշտապես ստանում են առատ ջերմություն, օդը տաքանում է, թեթևանում և կատարում վերընթաց շարժում՝ երկրամերձ շերտում առաջացնելով ցածր ճնշման գոտի, իսկ \(10-12\) կմ բարձրության շերտերում կուտակվելով՝ բարձր ճնշման գոտի, որտեղից էլ օդային զանգվածները հակապասսատ կոչվող քամիների տեսքով ձգտում են շարժվել դեպի բևեռամերձ լայնություններ, սակայն շեղող (Կորիոլիսի) ուժի ազդեցությամբ դրանք կուտակվում են արևադարձային լայնություններում և ծանրանալով կատարում վարընթաց շարժում՝ արևադարձային լայնություններում հաստատելով բարձր ճնշման գոտիներ: Այստեղից կուտակվող օդի մի մասը պասսատ կոչվող մշտական քամիների տեսքով շարժվում է դեպի հասարակածային ցածր ճնշման գոտի, իսկ մյուս մասը արևմտյան կոչվող քամիների տեսքով՝ դեպի բարեխառն լայնություններ, որտեղ ճնշումն ավելի ցածր է: Բևեռամերձ լայնությունները ստանում են չնչին ջերմություն և օդը այստեղ մշտապես սառն է ու ծանր և կատարում է վարընթաց շարժում՝ այս լայնություններում հաստատելով բարձր ճնշման գոտի, որտեղից օդը հյուսիսարևելյան և հարավարևելյան քամիների տեսքով շարժվում է բարեխառն լայնություններ և ստիպում այնտեղ օդին կատարել վերընթաց շարժում, ինչի արդյունքում բարեխառն լայնություններում հաստատվում է ցածր ճնշման գոտի:
 
Mtnolortayin shrjaptuyt.png
Մթնոլորտի ընդհանուր շրջանառությունը և ճնշման գոտիները
 
Ուշադրություն
Այսպիսով, ստացվում է, որ հասարակածային և բարեխառն լայնությունները մշտական ցածր ճնշման գոտիներ են, իսկ արևադարձային և բևեռամերձ լայնությունները՝ բարձր:
Մշտական քամիները սովորաբար իրենց անվանումը ստանում են հորիզոնի այն ուղղության պատվին, որից փչում են: Բացի մշտական քամիներից, մթնոլորտային ընդհանուր շրջանառությանը մասնակցում են նաև օդային զանգվածները:
 
Ուշադրություն
Քանի որ Երկրագունդը պտտվում է Արեգակի շուրջ, պայմանականորեն ասում ենք, որ Արևը «տեղաշարժվում է» հորիզոնական հարթության նկատմամբ, ինչի արդյունքում ճնշման գոտիները նույնպես տեղաշարժվում են հետևյալ օրինաչափությամբ՝ ամռանը բոլոր ճնշման դաշտերը և օդային զանգվածները տեղաշարժվում են դեպի հյուսիս, իսկ ձմռանը՝ հարավ:
Այդ է պատճառը, որ անցումային կլիմայական գոտիներում մեկ հաստատվում է իրենից հյուսիս, մեկ՝ հարավ գտնվող կլիմայական գոտուն բնորոշ օդային զանգվածը:
Աղբյուրները
Հովսեփյան Ա., Գրիգորյան Ա., Մանասյան Մ., Աշխարհագրություն 6, Աստղիկ գրատուն հրատ., Երևան 2007