Մարիա Մոնտեսսորիի ուսուցման մեթոդները

 

    Պատմության մեջ, տարբեր ժամանակաշրջաններում լինում են անհատներ, ովքեր դառնում են իրենց ոլորտում նորարարներ, առաջարկում են նոր մեխանիզմներ ու մեթոդներ արդյունավետ աշխատանքի համար։ Կրթության ոլորտում ևս եղել են ու կան այսպիսի մարդիկ:

Մենք արդեն ներկայացրել ենք Բենջամին Բլումի առաջարկած տաքսոնոմիան, որն իրենից ներկայացնում էր ուսումնառական վերջանդյունքների և նպատակների դասակարգման  նոր ձև։

Կրթության ոլորտում ուսուցման մեջ իր առաջարկած նոր մեթոդներով ու մոտեցումներով հայտնի է նաև իտալացի բժիշկ, մանկավարժ Մարիա Մոնտեսսորին (1870-1952թթ.)։ Մ. Մոնտեսսորին մեծ հաջողության է հասել վաղ հասակում՝ երեխաների ուսուցման ինովացիոն մեթոդի մշակման շնորհիվ:


(Մարիա Մոնտեսսորիի լուսանկարը, որը պատկերված է նաև իր՝ «Մոնտեսսորիի մեթոդը» գրքի շապիկին, 1916։)

 

    Մոնտեսսորիի ուսուցման մեթոդը հիմնված է ինքնուրույն աշխատանքի, պրակտիկ ուսուցման և համատեղ խաղի վրա։ Մոնտեսսորիի դասասենյակում երեխաներն աշխատում են խմբով կամ անհատապես՝ բացահայտելով աշխարհը ու զարգացնելով իրենց պոտենցիալի առավելագույնը։

Դասասենյակները ձևավորված են այնպես, որ հետաքրքիր լինեն ու տվյալ տարիքի երեխաների անհրաժեշտությունները բավարարեն։ Մոնտեսսորին նշում էր, որ երեխայի տան կամ կենտրոնում եղած պարագաները պետք է համապատասխանեն նրա հասակին և չափսերին: Նրա դպրոցում դպրոցական նստարանների փոխարեն հեշտ տեղափոխելի սեղաններ, աթոռներ և գորգեր են, որ երեխաներն ինքնուրույն հնարավորություն ունենան դրանք տեղաշարժել, նաև ընտրել պարապմունքի տեղը: Իրերի տեղափոխումը Մոնտեսսորին դիտում էր որպես մոտորիկայի վարժություն: Երեխաները պետք է սովորեն իրերն անձայն տեղափոխել, որպեսզի չխանգարեն մյուսներին:

Մոնտեսսորիի դասասենյակում յուրաքանչյուր իր նախատեսված է երեխայի զարգացմանն աջակցելուն՝ արթնացնելով նրա բնական հետաքրքրվածությունը։ Դրանցից շատերը ընտրված են, որպեսզի երեխաները կարողանան դիպչել, շոշափել, լսել և զգալ տարբերություններն ու նմանությունները: Պարագաները թույլ են տալիս երեխաներին ինքնուրույն ուղղել և տեսնել սեփական սխալները: Նրանք ինքնուրույն են ընտրում դիդակտիկ նյութը և պարապմունքների տևողությունը:

Երեխաները կարողանում են սովորել իրենց սեփական փորձառության միջոցով և իրենց հարմար տեմպով։ Նրանք կարող են իրենց սովորածի ու իրական կյանքի մեջ կապ հաստատել՝ կիրառելով սովորածը։

Մոնտեսսորի մանկավարժի խնդիրն է օգնել երեխային կազմակերպել իր գործունեությունը, գնալ իր յուրօրինակ ճանապարհով, իրացնել սեփական պոտենցիալը:

Մոնտեսսորիի մեթոդը օգնում է զարգացնել ուշադրությունը, տրամաբանությունը, ստեղծագործական մտածելակերպը, հիշողությունը, խոսքը և երևակայությունը:[1]

 

Հիմնական գիտելիքներ, որ ստանում են երեխաները Մոնտեսսորիի դպրոցում՝

1.     Լինել այնպիսին ինչպիսին կան՝ չստիպելով իրենց դառնալ կատարյալ,

2.     Ինքնուրույն շարժվել դեպի նպատակը,

3.     Բախվել անհաջողություններին և ընդունել դրանք՝ դասեր քաղելով,

4.     Ներել և ներողություն խնդրել,

5.     Ուրախանալ կյանքով,

6.     Սիրել իրական և կատարելությունից հեռու մարդկանց:


[1] https://montessori-nw.org/what-is-montessori-education