ՏՀՏ-ի կիրառման հնարավորությունները դպրոցներում

 

Տեխնոլոգիական զարգացումների, դրա բերած փոփոխությունների մասին մենք խոսել ենք մեր հոդվածներից մեկում, ինչպես նաև հակիրճ անդրադարձել, թե կրթության ոլորտն ինչպիսի ազդեցություններ է կրել տեխնոլոգիական զարգացումների հետևանքով։ Չնայած այս հսկայական փոփոխություններին, կրթության իրականացման ձևերը կարծես թե այդպես էլ նույնն են մնացել։  14-րդ դարի ստեղծագործող Լաուրենտիուս դե Վոլտոլինայի իլյուստրացիան պատկերում է միջնադարյան Իտալիայի համալսարանի դասախոսությունը։ Տեսարանը հեշտ ճանաչելի է դրա համապատասխանությամբ այժմյան օրերին։ Ուսուցիչը դասախոսում է ամբիոնից, իսկ աշակերտները նստած շարքերում լսում են։ Նրանցից մի քանիսն իրենց դիմաց ունեն գրքեր։ Մի քանիսը թվում են ձանձրացած։ Որոշները խոսում են կողքինների հետ։ Երևում է, որ մեկը քնած է։

Այսօրվա դասարանները շատ չեն տարբերվում այս պատկերից, միայն թե այսօրվա աշակերտներին կարող ենք տեսնել գրքերի փոխարեն իրենց դիմաց դրված համակարգիչներով, պլանշետներով կամ բջջային հեռախոսներով։

Նույնիսկ այս նմանություններով հանդերձ տեխնոլոգիան խորապես փոխել է կրթության էությունը։ Միայն այն, որ տեխնոլոգիան էապես ազդել է կրթության հասանելիության վրա, մեծ փոփոխություն է։ Միջնադարում գրքերը քիչ էին, և միայն «էլիտան» կրթության հնարավորություն ուներ։ Անհատներն էլ ստիպված էին ճանապարհորդել ուսումնական կենտրոններ կրթություն ստանալու համար։ Այսօր  հսկայական տեղեկատվություն է (գրքեր, լուսանկարներ, տեսահոլովակներ, ձայնագրություններ) հասանելի դառնում ընդամենը մատի մեկ շարժման շնորհիվ, և ստեղծվել են հսկայական հնարավորություններ ֆորմալ կրթություն ստանալու համար օնլայն տարբերակով։

Հաղորդակցվելու և համագործակցելու հնարավորությունները ևս ընդլայնվել են տեխնոլոգիայի միջոցով։ Ավանդաբար դասասենյակները առանձնացված էին, և համագործակցությունը սահմանափակ էր այլ աշակերտների հետ միևնույն կառույցում, անգամ դասասենյակում։ Այժմ տեխնոլոգիաները թույլ են տալիս ստեղծել շփման և համագործակցության ձևեր, որոնց մասին նախկինում չէինք էլ կարող երազել։ Դասասենյակում աշակերտները գյուղական համայնքաներից կարող են հետևել արշավախմբով Անտրակտիդայում գտնվող գիտնականներին, հարցեր հղել նրանց և անգամ խոսել գիտնականի հետ տեսակոնֆերանսի միջոցով։ Աշակերտները կարող են կիսվել սովորածով իրենց տարեկիցների հետ, ովքեր ապրում են այլ վայրում, բայց հետևում են միևնույն արշավախմբի աշխատանքներին։  Նրանք կարող են համատեղ աշխատել խմբային պրոեկտների վրա՝ կիրառելով տեխնոլոգիայի վրա հիմնված գործիքներ, ինչպես օրինակ Վիկիպեդիան կամ Google Docs-ը։ Դասասենյակի պատերն այլևս խոչընդոտներ չեն, քանի որ տեխնոլոգիաները հնարավորություններ են տալիս սովորել, հաղորդակցվել և աշխատել նոր ձևերով։

Տեխնոլոգիան նաև սկսել է փոխել ուսուցիչների և աշակերտների դերը։ Ավանդական դասասենյակում, ինչը մենք տեսանք նաև Վոլտոլինայի իլյուստրացիայում, ուսուցիչն ինֆորմացիայի առաջնային, սկզբնական, և կարելի է ասել, հիմնական աղբյուրն է, իսկ աշակերտները դրա պասիվ ընդունողները։ Սա ուսուցչի «գիտունը բեմի վրա» մոդելն է, որը կրթության մեջ երկար ժամանակ է ինչ գործում է և մինչև այսօր էլ պահպանվում է։ Բայց տեխնոլոգիայի շնորհիվ մենք տեսնում ենք, որ ուսուցչի դերը փոփոխվում է «ղեկավարը մի կողմում»-ի, քանի որ աշակերտները հիմա իրենց վրա ավելի շատ պատասխանատվություն են վերցնում՝ օգտագործելով տեխնոլոգիաներն իրենց անհրաժեշտ, հետաքրքիր ինֆորմացիան գտնելու համար։

Դպրոցներն ու համալսարանները ամբողջ աշխարհում սկսում են վերաձևավորել ուսումնական միջավայրերն այնպես, որ կարողանան կիրառել կրթության այս նոր ձևը՝ ավելի ինտերակտիվ դառնալով, աշխատելով փոքր խմբերով, կիրառելով տեխնոլոգիաներն ըստ անհրաժեշտության։

Տեխնոլոգիան հզոր գործիք է, որը կարող է աջակցել և տրանսֆորմացիայի ենթարկել կրթությունը տարբեր ճանապարհներով՝ դարձնելով այն առավել արդյունավետ ուսումնական նոր նյութեր ստեղծելու համար։

Համացանցի և սմարթ սարքերի հասանելիությունն ամբողջ աշխարհում զարգացնում է կրթությունն ամենուր և ամեն պահին հնարավորությունը1։

Եթե կետերով համակարգենք կրթության ոլորտում ՏՀՏ-ի օգտագործման նպատակները, կունենանք այսպիսի պատկեր՝

  1. Բարձրացնել աշակերտների սովորելու մոտիվացիան (շարժառիթը),
  2. Մեծացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը,
  3. Նպաստել սովորողների ճանաչողական, վերլուծական, քննադատական կարողությունների զարգացմանը,
  4. Բարելավել դասի անցկացման մեթոդները,
  5. Յուրաքանչյուր երեխայի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերել,
  6. Պլանավորել և համակարգել սեփական աշխատանքը,
  7. Օգտագործել ՏՀՏ-ն որպես ինքնակրթության միջոց,
  8. Դասին արագ ու որակյալ պատրաստվելու հնարավորություն թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների համար:

Աղբյուրը՝  

1.https://online.purdue.edu/ldt/learning-design-technology/resources/how-has-technology-changed-education