Հանքային ռեսուրսներ
Հանքային ռեսուրսներն այլ կերպ կոչվում են օգտակար հանածոներ: Դրանք կուտակված են քարոլորտում։ Մարդը դրանք արդյունահանում և օգտագործում է հիմնականում արդյունաբերության ու շինարարության մեջ:
 
Հանքային ռեսուրսներն ըստ կիրառական նշանակության բաժանվում են \(3\) խմբի` վառելիքաէներգետիկական, մետաղային և ոչ մետաղային:
 
հանքային ռեսուրսներ.jpg
 
Ամենաշատ արդյունահանվում և վերամշակվում են մետաղներ պարունակող ապարները, այսինքն` մետաղային օգտակար հանածոները, որոնցից ստանում են սև մետաղներ և դրանց ձուլվածքներ (երկաթ, մանգան, թուջ, պողպատ), գունավոր մետաղներ (օրինակ՝ պղինձ, ալյումին, կապար, մոլիբդեն), ազնիվ մետաղներ (ոսկի, արծաթ, պլատին):
 
Մետաղային օգտակար հանածոների հիմնական խմբերը
 
մետաղներ.jpg
 
Հանքային ռեսուրսների ոչ մետաղային հանածոների խմբում առանձին ենթախումբ են կազմում քիմիական հումք հանդիսացող օգտակար հանածոները: Քիմիական արդյունաբերության մեջ օգտագործում են ֆոսֆոր, կալիումական աղ պարունակող հանքատեսակներ, կերակրի աղ, ծծումբ և այլն:
 
Ոչ մետաղներ են նաև բնական շինանյութերը: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, կրաքարը, մարմարը, շինարարական ավազը, խիճը և ուրիշ այլ հանքատեսակներ:
 
Ուշադրություն
Մարդկության ապահովվածությունը հանքային ռեսուրսների տարբեր տեսակներով տարբեր է։
Ողջ մարդկությունը, ամբողջությամբ վերցրած, լավ է ապահովված ածխով, շինանյութով, քիմիական հումքով։ Բայց, ընդհանուր առմամբ, հանքային ռեսուրսների արդյունահանման տեմպերը բազմիցս գերազանցում են աշխարհի բնակչության աճի տեմպերը։
Նավթի հետախուզված պաշարները գնահատվում են մոտ 150 մլրդ տ, որի մոտ 65%­-ը բաժին է ընկնում Պարսից ծոցի ավազանին: Բնական գազի պաշարների տեղաբաշխումը հիմնականում համապատասխանում է նավթի պաշարների  տեղաբաշխմանը, որի հիման վրա էլ առանձնացվում են նավթագազաբեր շրջանները:
Պարսից ծովի ավազանը
 
images (2).jpgdownload (7).jpg
 
Մետաղային օգտակար հանածոների առաջացման երկրաբանական պայմաններն այնքան բազմազան են, որ դրանց հանքավայրերի տարածման աշխարհագրությունը չափազանց ընդգրկուն է: Սակայն երկրագնդի վրա երբեմն առանձնանում են առանձին մետաղների կամ դրանց խմբերի կուտակման տարածքներ, որոնք անվանում են մետաղային կամ հանքային գոտիներ:
Օրինակ
Այդպիսիներից են անագի գոտին Հարավարևելյան և Հարավային Ասիայում և ոսկու գոտին Հարավային և Արևելյան Աֆրիկայում:
Գիտնականների կանխատեսումների համաձայն, եթե նոր հանքավայրեր չհայտնաբերվեն և հայտնաբերված հանքավայրերն էլ շահագործվեն ներկայիս տեմպերով, ապա, օրինակ, նավթի պաշարները կբավարարեն ևս \(40\), գազի պաշարները` \(70\), իսկ գունավոր մետաղներինը` \(100\)   տարի: Դրանք աշխարհի միջինացված թվերն են։ Մինչդեռ պետությունների ապահովվածության միջին թվերը մեծապես տարբերվում են իրարից: Կան պետություններ, որոնք հարուստ են, օրինակ, նավթով ու գազով, բայց բոլորովին զուրկ են մետաղային ռեսուրսներից և հակառակը:

Կան նաև այլ երկրներ, որոնք ունեն հարուստ մետաղային ու ոչ մետաղային հանքային ռեսուրսներ, բայց չափազանց աղքատ են վառելիքաէներգետիկ ռեսուրսներով: Կան նաև հին արդյունաբերական որոշ շրջաններ, որտեղ օգտակար հանածոների նախկին հարուստ պաշարները վաղուց արդեն սպառվել են (օրինակ՝ Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում  երկաթի հանքաքարի պաշարները)։
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008
http://www.thetower.org/article/how-israel-is-solving-the-global-water-crisis/
http://www.unep.org/dewa/vitalwater/article141.html
https://www.youtube.com/watch?v=Qw6uXh9yM54