Աշխարհի բնական ռեսուրսները և պայմանները
Ինչպես գիտենք, Երկիր մոլորակի բնությունն աչքի է ընկնում մեծ բազմազանությամբ, որն էլ ազդում է մարդու տնտեսական գործունեության վրա: Բնության բաղադրիչների մի մասն անմիջականորեն մասնակցում է մարդու տնտեսական գործունեությանը, իսկ մյուս մասը՝ ոչ:
Բնության այն տարրերը և ուժերը, որոնք անհրաժեշտ են մարդկային հասարակության կյանքի և գործունեության համար, բայց անմիջականորեն չեն մասնակցում մարդու արտադրական և ոչ արտադրական գործունեությանը և կարող են դյուրացնել կամ դժվարեցնել նրա զարգացումը, կոչվում են բնական պայմաններ:
Բնական պայմաններ են ռելիեֆը (երկրի մակերևույթը), կլիման, գետային ցանցը, հողաբուսական ծածկը և այլն: Բնական պայմանները մեծապես ազդում են արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի առանձին տեսակների զարգացման, ինչպես նաև ծառայությունների ոլորտի վրա:
Օրինակ
Լեռնային ռելիեֆը, խորը կիրճերը լրացուցիչ բարդություններ են առաջացնում տարածքի յուրացման համար, իսկ հարթավայրային ռելիեֆը, մեղմ կլիման բարենպաստ նախադրյալներ (հիմքեր, պայմաններ) են ստեղծում:
Այստեղից էլ կարելի է նկատել, որ բնական պայմանները լինում են նպաստավոր (բարենպաստ) և աննպաստ (անբարենպաստ):
Օրինակ
Շինությունների կառուցման համար նպատակահարմար է օգտագործել հարթավայրային տարածքները, որտեղ երկրաշարժեր չեն լինում և սողանքներ չեն դիտվում, և հակառակը. լեռնային ռելիեֆ ունեցող, սողանքավտանգ տարածքներն անբարենպաստ են կառուցապատման համար և պահանջում են լրացուցիչ ծախսեր:
Բնական պայմանների նպաստավոր կամ աննպաստ լինելը փոփոխական է և որոշվում է տվյալ պահին հասարակության ունեցած տնտեսական և տեխնիկական հնարավորություններով (ներուժով): 
Բնական պայմանները շրջակա միջավայրի բնական բաղադրիչների ամբողջությունն են, որոնք նպաստում կամ խոչընդոտում են մարդու տնտեսական գործունեության կազմակերպմանը:
Նկարներում ներկայացված են մարդու տնտեսական գործունեության համար (օր.՝ գյուղատնտեսություն, շինարարություն) աննպաստ (ա) և նպաստավոր պայմաններ (բ)
 
ա. աննպաստ պայմաններ
 
անապատ
ճահիճ
լեռնային տարածք
Без названия (2).jpg62235-004-184F1FEC.jpgБез названия (5).jpg
 
բ. նպաստավոր պայմաններ
 
մեղմ կլիմա
բերրի սևահողեր
հարթավայրային տարածք
MildClimatePoipu.jpgimg008.jpg013.jpg
 
Ռեսուրս հասկացությունը ընկալվում է երկու առումներով՝ լայն (ընդհանուր) և նեղ (որոշակի):
Ռեսուրսը (լայն առումով) այն ամենն է, ինչ մարդն ուղղակի կամ միջնորդավորված օգտագործում է կամ կարող է օգտագործել իր գոյության պահպանման և իր տնտեսական գործունեության բոլոր ձևերի զարգացման համար:
Նեղ առումով ռեսուրսների բազմաթիվ տեսակներից մեկն է բնական ռեսուրսը:
Բնական ռեսուրսները բնության բաղադրիչներն են, որոնք հասարակության տեխնիկա -տնտեսական զարգացման և բնության ուսումնասիրվածության տվյալ մակարդակում կարող են օգտագործվել մարդկանց կողմից՝ անմիջականորեն մասնակցելով մարդու տնտեսական գործունեությանը:
Բնական ռեսուրսներն են բնատարածքը (տարածքային ռեսուրսներ), երկրի մակերևույթը (ռելիեֆային պայմանները), օգտակար հանածոները (հանքային ռեսուրսներ), կլիմայական պայմանները և ագրոկլիմայական ռեսուրսները  (արևի, քամու էներգիան, լույսը, մթնոլորտային տեղումները, խոնավությունը), ջրային պաշարները (գետեր, լճեր, ստորերկրյա ջրեր, սառցադաշտեր, համաշխարհային օվկիանոս), հողային, բուսական, կենդանական, ռեկրեացիոն (հանգստի և զբոսաշրջության) ռեսուրսները: Բնական ռեսուրսների մեջ են մտնում մակընթացության և տեղատվության էներգիան, երկրի ընդերքի ջերմությունը, էներգիայի այլ տեսակներ:
Բնական ռեսուրսներ են կոչվում բնական միջավայրի այն տարրերը, որոնք տվյալ ժամանակաշրջանում կարող են օգտագործվել արտադրության և սպառման համար և ունեն տնտեսական արժեք:
Հետաքրքրական է, որ բնական պայմանները ժամանակի ընթացքում կարող են վերածվել բնական ռեսուրսի: Այսպես՝ արեգակնային էներգիան անհրաժեշտ պայման է մարդու կենսագործունեության համար, սակայն գիտության զարգացման արդյունքում այն «վերածվեց» բնական ռեսուրսի, երբ օգտագործվեց արևային էլեկտրակայաններում որպես էլեկտրաէներգիայի ստացման աղբյուր:
 
Հանքային ռեսուրսները պատկերելու համար քարտեզի վրա առավել հաճախ կիրառվում են հետևյալ պայմանական նշանները (ի դեպ, կախված քարտեզի հրատարակման երկրից, այս նշանները կարող են որոշակիորեն տարբերվել):
 
pic.png
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008