Ազգային տնտեսություն
Զարգացման փուլերը
 
Տնտեսական գործունեության գերնպատակը մարդկանց նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարումն է: Յուրաքանչյուր երկրում դարերի ընթացքում (պատմականորեն) ձևավորվում է մարդկանց գործունեության բնագավառների յուրահատուկ համակարգ («հավաքածու»), որը պայմանավորված է տվյալ երկրի բնական պայմաններով ու ռեսուրսներով, ինչպես նաև աշխարհագրական դիրքով, աշխատանքային ռեսուրսների մասնագիտական հմտություններով և այլ գործոններով:
Տվյալ երկրում մարդկային գործունեության բնագավառների պատմականորեն ձևավորված համակարգը կոչվում է ազգային տնտեսություն:
Ամենավաղ ժամանակներում բոլոր երկրների տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն էր: Երկրի տնտեսական (հասարակական) զարգացման այդ փուլն անվանում են գյուղանտեսական (ագրարային), իսկ արդյունաբերության առնչությամբ` մինչարդյունաբերական:
 
Ներկայումս ագրարային են նախկին գաղութային երկրները, որոնք չունեն զարգացման լայն հնարավորություններ: Այդ երկրների համախառն ազգային եկամտի մեջ մեծ է գյուղատնտեսության բաժինը` կազմելով \(30–45\ \)%, իսկ Սոմալիում` նույնիսկ \(65\) %:
 
Տնտեսական զարգացման միջին մակարդակն արդյունաբերական` ինդուստրիալ փուլն է, որը բնորոշ է որոշ զարգացած երկրներին (օրինակ` Բրազիլիային), ինչպես նաև նախկին սոցիալիստական (անցումային տնտեսությամբ) երկրներին: Դրանց տնտեսության առաջատար ճյուղը մշակող արդյունաբերությունն է:
  
Տնտեսական զարգացման ամենաբարձր աստիճանի վրա են հետարդյունաբերական (հետինդուստրիալ) երկրները: Այդ երկրներում արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն առավել չափով են մեքենայացված, ավտոմատացված, էլեկտրոնացված, ինչի հետևանքով ազատված աշխատուժն իր ներդրումն է ունենում սպասարկման ոլորտում: Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ), այսինքն` պետության տարածքում մեկ տարում ստացված ամբողջական եկամտի մեջ սպասարկման ոլորտի ճյուղերի բաժինը հասնում և նույնիսկ գերազանցում է \(50\)%­-ը:
 
Ուշադրություն
Հետարդյունաբերական երկրների արդյունաբերության մեջ գերակշռում է մշակող, հատկապես գիտատեխնիկական առաջընթաց ապահովող ճյուղերի` էլեկտրոնային և ավիահրթիռատիեզերական մեքենաշինության, ատոմային էներգիայի, քիմիական համալիրի նորագույն ճյուղերի բաժինը:
Տարբեր երկրների տնտեսությունները համեմատելու նպատակով օգտագործվում են մի շարք ցուցանիշներ, այդ թվում՝ համախառն ազգային արդյունքը, համախառն ներքին արդյունքը, մարդկության զարգացման համաթիվը,
որոնց ավելի մանրամասն կանդրադառնանք \(11\)-րդ դասարանում:
 
Համախառն ազգային արդյունքը (ՀԱԱ) ցուցանիշ է, որն արտահայտում է միավոր ժամանակահատվածում (որպես օրենք մեկ տարում) ապրանքների և մատուցած ծառայությունների վերջնական ամբողջական արժեքը (գինը) արտահայտած շուկայական գներով: ՀԱԱ առանձնահատկությունն այն է, որ դրա հաշվարկում ներառում են ոչ միայն տվյալ երկրում բնակվող քաղաքացիների կողմից սպառված ապրանքների ու ծառայությունների արժեքը, այլ նաև արտերկրում բնակվող տվյալ ազգի ներկայացուցիչների տնտեսական ակտիվության արդյունքում ստացված եկամուտները:
 
Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ցուցանիշ է, որն արտահայտում է միավոր ժամանակահատվածում (որպես օրենք մեկ տարում) տվյալ երկրի սահմաններում բնակչության կողմից սպառված ապրանքների և մատուցած ծառայությունների պետական գնումների և կապիտալ ներդրումների ամբողջական արժեքը (գինը) արտահայտած շուկայական գներով: ՀԱԱ-ից տարբերվում է նրանով, որ ՀՆԱ մեծության մեջ ներառված չէ արտասահմանում ծավալված գործունեության արդյունքում ստացված եկամուտը:
 
Երկրի տնտեսական զարգացման մասին որոշակի պատկերացում է տալիս մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը, որը հաշվարկում են մեկ տարվա ամբողջ ՀՆԱ-ի ցուցանիշի և բնակչության թվաքանակի հարաբերակցությամբ: Սակայն այս ցուցանիշը չի տալիս ճշգրիտ պատկեր պետության զարգացման մասին, օրինակ՝ 2015 թ.-ի Քաթարի ցուցանիշը «նավթադոլաների» շնորհիվ գերազանցել է Ֆրանսիայի ցուցանիշին, ինչը, բնականաբար, չի նշանակում, որ Քաթարն ավելի զարգացած է, քան Ֆրանսիան: Այդ է պատճառը, որ ՄԱԿ-ի մասնագետները երկրների իրական զարգացվածությունը բացահայտելու համար կիրառում են մարդկության զարգացման համաթիվը, որը բացի մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշը, նաև հաշվի է առնում երկրներում կյանքի միջին տևողությունը և բնակչության կրթական մակարդակը: 
 
graf.jpg
 
Նկարում պատկերված են Սոմալիի, Բրազիլիայի և Գերմանիայի համախառն ազգային եկամտի նմուշներ, որոնց ուսումնասիրությունից կարելի է նկատել, որ առաջին դեպքում (Սոմալի) գերակշռում է գյուղատնտեսության բաժինը, երկրորդ դեպքում (Բրազիլիա)՝ արդյունաբերության բաժինը, իսկ երրորդ դեպքում (Գերմանիա)՝ սպասարկման ոլորտի ճյուղերի բաժինը:
 
երկներ.jpg
 
Նկարում պատկերված են ազգային տնտեսության զարգացման փուլերը:
 
Screenshot_1.png
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008