![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Բջիջը որպես կենդանի օրգանիզմների տարրական միավոր
Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։
![células-de-la-hoja-debajo-del-microscopio-micrográfo-un-órgano-produciendo-el-dióxido-oxígeno-y-carbono-proceso-99427727.jpg](https://resources.cdn.imdproc.am/5d62ac53-2182-4f81-b99a-499a8888134a/c%C3%A9lulas-de-la-hoja-debajo-del-microscopio-microgr%C3%A1fo-un-%C3%B3rgano-produciendo-el-di%C3%B3xido-ox%C3%ADgeno-y-carbono-proceso-99427727-w543.jpg)
Նկար 1. Տերևի բջիջը` մանրադիտակով
\(17\)-րդ դարում անգլիացի բնագետ Ռոբերտ Հուկը իր կողմից ստեղծված պարզագույն մանրադիտակով ուսումնասիրեց գինու խցանի կտրվածքը և առաջին անգամ բացահայտեց ու նկարագրեց բջիջը: Այնուհետև հոլանդացի գիտնական Անտոնի վան Լևենհուկը անձրևաջրի կաթիլի մեջ բացահայտեց շարժվող բակտերիաներին:
![maxresdefault.jpg](https://resources.cdn.imdproc.am/907134e6-ca5c-4fb1-bde6-9d323def5267/maxresdefault-w553.jpg)
Նկար 2. Բակտերիա
Պարզվում է, որ կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից:
Օրինակ
Բակտերիաները, կապտականաչ ջրիմուռները և այլն:
Կարող են լինել նաև բազմաբջիջ՝ կազմված տարբեր տեսակի բջիջներից.
Օրինակ
Բույսերը, կենդանիները, մարդը:
Բջիջները լինում են բուսական և կենդանական:
Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:
![tmp873681822553210882.jpg](https://resources.cdn.imdproc.am/adda132b-f2c9-4b9b-843d-53d9fe0d4010/tmp873681822553210882-w631.jpg)
Նկար 3. Բջջի կառուցվածք
Բջջաթաղանթ՝
- սահմանազատում է բջջին շրջակայից,
- տալիս նրան որոշակի ձև,
- պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
- ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
Ցիտոպլազմա՝
- մածուցիկ անգույն զանգված է,
- լցնում է բջջի ամբողջ խոռոչը,
- իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,
- նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:
Կորիզ՝
- պարունակում է բջջի ժառանգական նյութը,
- նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:
Օրգանոիդներ՝
- ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:
Բուսական և կենդանական բջիջներն ունեն որոշակի տարբերություններ՝ պայմանավորված կենսագործունեության առանձնահատկություններով:
![which-protein-is-best_grande.jpg](https://resources.cdn.imdproc.am/18b65383-389b-498d-a07d-16ded89db523/which-protein-is-best_grande.jpg)
Նկար 4. Կենդանական և բուսական բջիջներ
Բուսական բջջին բնորոշ է ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին:
Բուսական բջիջներն ունեն բջջահյութով լցված խոռոչներ, որոնք կոչվում են վակուոլներ:
Բուսական բջիջներում գոյություն ունեն պլաստիդներ, որոնք կանաչ, դեղին-կարմիր և սպիտակ գունավորում են հաղորդում բուսական բջջին:
Ուշադրություն
Կանաչ պլաստիդներում ընթացող գործընթացների արդյունքում բուսական բջիջը օդը հարստացնում է թթվածնով:
Կենդանական բջիջները զուրկ են նշված հատկանիշներից, ունեն նուրբ և ճկուն բջջապատ:
Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը \((\)\(C)\), ջրածինը \((\)\(H)\), թթվածինը \((\)\(O)\), ազոտը \((\)\(N):\)
Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
Աղբյուրները
Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ., էջ 95-97
Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն, էջ 94-97
https://thumbs.dreamstime.com/b/leaf-cells-under-microscope-micrograph-organ-producing-oxygen-carbon-dioxide-process-microscopic-world-photosynthesis-99427667.jpg
https://wallpapercave.com/wp/wp1812290.jpg
http://cdn.thinglink.me/api/image/873681822553210882/1024/10/scaletowidth/0/0/1/1/false/true?wait=true
https://thumbs.dreamstime.com/z/animal-plant-cells-lllustration-white-background-43031758.jpg