Օրգանիզմների բազմացումը և նոր բույսի զարգացումը
Կենդանի օրգանիզմների կարևորագույն հատկանիշներից է բազմացումը:
Բազմացման շնորհիվ օրգանիզմը ստեղծում է իր նմանին: Բազմացման արդյունքում ավելանում է օրգանիզմների թվաքանակը: Սակայն ավելի կարևոր է այն, որ բազմացման արդյունքում տվյալ օրգանիզմի հիմնական հատկանիշները մշտապես պահպանվում են, քանի որ միշտ փոխանցվում են սերնդեսերունդ:
 
elitefon.ru_22407.jpg
Օրգանիզմի կայուն հատկանիշների ամբողջությունը կոչվում է ժառանգական տեղեկատվություն:
Օրգանիզմների թվաքանակի ավելացումը, որի ընթացքում կատարվում է ժառանգական տեղեկատվության փոխանցում սերնդեսերունդ կոչվում է բազմացում:
Բնության մեջ հանդիպում է բազմաբջիջ օրգանիզմների բազմացման երկու եղանակ՝
 
1. Անսեռ բազմացում
2. Սեռական բազմացում
 
Անսեռ բազմացում: Ինչպես արդեն գիտենք, բույսն իր վեգետատիվ օրգանների միջոցով, օրինակ` տերևներով, ցողունների կամ արմատների կտրոններով կարող է բազմանալ: Այս դեպքում որոշակի պայմանների առկայությամբ բույսի որևէ վեգետատիվ հատվածից սկսում են աճել բույսի մնացյալ հյուսվածքներն ու օրգանները: Արդյունքում բույսը կրկնապատկվում է` հետևաբար, բազմանում է: Բազմացման այս ձևը կոչվում է անսեռ կամ վեգետատիվ: Բազմացման այս ձևի ժամանակ բազմացմանը մասնակցում է միայն մեկ օրգանիզմ:
Նոր բույսի զարգացումը բուսական վեգետատիվ օրգաններից կոչվում է վեգետատիվ բազմացում:
Վեգետատիվ բազմացումը բնորոշ է ծաղկավոր բույսերի հիմնական մեծամասնությանը և որոշ կենդանիների` աղեխորշավոր հիդրային, տափակ որդերին:
Մի շարք բույսերին բնորոշ է նաև սպորներով բազմացումը:
Սպորը վեգետատիվ բջիջ է, որը զարգանում է վեգետատիվ հատուկ օրգանում` սպորանգիումում: 
Հողի մեջ սպորը ծլում է և նրանից սկսում է աճել նոր և ամբողջական բույս:
Սպորներով կարող են բազմանալ` մամուռները, պտերները, սնկերը, գետնամուշկերը:
 
0010-016-Vegetativnoe.jpg
  
Սեռական բազմացում: Դուք արդեն ծանոթացել եք բույսի գեներատիվ օրգաններին: Դրանք բույսի սեռական բազմացումը ապահովող և դրա արդյունքում առաջացող օրգաններն են:
Բույսի սեռական օրգաններում` ծաղիկներում, ձևավորվում են հատուկ, մյուս բջիջներից տարբերվող բջիջներ: Դրանք սեռական բջիջներն են:
Օրգանիզմի սեռական օրգաններում առաջացող բջիջները կոչվում են սեռական բջիջներ կամ գամետներ:
Սեռական բջիջները լինում են երկու տեսակի` արական և իգական:
Սեռական բազմացման իրականացման համար անհրաժեշտ է արական և իգական սեռական բջիջների միաձուլում:
Սեռական բջիջների միաձուլումը կոչվում է բեղմնավորում:
Նոր օրգանիզմի առաջացումը բեղմնավորմամբ կոչվում է սեռական բազմացում:
Եթե օրգանիզմն ունի և՛ արական, և՛ իգական սեռական բջիջներ, ապա նա կոչվում է հերմաֆրոդիտ (կաղնին, եգիպտացորենը, վարունգը, ձմերուկը):
Եթե օրգանիզմն ունի կամ արական, կամ իգական սեռական բջիջներ, ապա նա բաժանասեռ է (բարդին ուռենին, չիչխանը, դափնին):
Կենդանիների գերակշռող մասը բազմանում է սեռական եղանակով:
 
Անսեռ բազմացման ժամանակ մի բույսից առաջանում է նոր բույսը, որն առանց բացառությունների նույնական է ծնողական ձևի հետ:
 
Սեռական բազմացման ժամանակ նոր առաջացած կենդանին պահպանում է օրգանիզմի հիմնական հատկանիշները, բայց տարբերվում է նրանցից:
 
Ուշադրություն
Այդ պատճառով մենք նման ենք մեր ծնողներին, սակայն նրանց կրկնօրինակումը չենք:
raising_an_only_child-770x513.jpg
 
Կարելի է կռահել, որ ի տարբերություն անսեռ բազմացման, սեռական բազմացման արդյունքում մեծանում է օրգանիզմների բազմազանությունը: Չէ՞ որ մենք բոլորս ինքնատիպ ենք և տարբերվող:
 
Սեռական բջիջների միաձուլումով առաջանում է նոր օրգանիզմի սաղմը: Այն գտնվում է բույսերի սերմում և դրա գլխավոր մասն է հանդիսանում: Սերմը և սաղմը հուսալիորեն պաշտպանված են` գտնվելով պտղի մեջ:
 
1.png
 
Սերմը արտաքինից պատված է սերմնամաշկով, որը նրան պաշտպանում է անբարենպաստ ազդեցությունից: Կարելի է հեշտությամբ առանձնացնել լոբու սերմերի սերմնամաշկը:
Սաղմը ապագա օրգանիզմն է կենդանի, բայց դեռևս չզարգացած վիճակում:
Էնդոսպերմը գոյացություն է, որը պարունակում է հարուստ սննդանյութեր, որոնց հաշվին սերմի սաղմը ծլում է հողում: Շաքիլը սերմի ներքին տարածությունը լցնող միավոր է:
 
Սերմի ծլման համար անհրաժեշտ է խոնավություն, օդ, \(+15°C/+20°C\) ջերմաստիճան: Այդ պայմաններում հողում սերմնամաշկը պատռվում է, էնդոսպերմը սնուցում է սաղմի զարգացումը: Սաղմնային արմատիկից դեպի հողի խորքերը աճում է բույսի արմատը, իսկ սաղմնային ցողունիկից դեպի երկրի մակերևույթ` բույսի ցողունն ու ընձյուղները: Էնդոսպերմի սննդանյութերը բավարարում են մինչև բույսի ինքնուրույն սննդառությունը:
Աղբյուրները
Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ., էջ 128-133
Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն, էջ 128-135
http://900igr.net/datai/biologija/Polovoe-i-bespoloe-razmnozhenie/0010-016-Vegetativnoe.jpg
http://god-2018s.com/wp-content/uploads/2017/01/molodaya-semya-1.jpg
http://biouroki.ru/content/page/676/2.png
http://www.vmersine.com/wp-content/uploads/2015/06/elitefon.ru_22407.jpg