Տեսություն

Մեխանիկական աշխատանք
Մարմնի արագության փոփոխության պատճառը ուժն է: Փորձերի արդյունքում պարզվել է, որ.
 
Ուշադրություն
1. Ուժի ուղղությամբ միևնույն ճանապարհի վրա մեծ ուժը մարմնին ավելի մեծ արագություն է հաղորդում, քան փոքրը:

2. Ուժի ուղղությամբ որքան շատ ճանապարհ է անցնում մարմինն, այնքան ավելի մեծ արագություն է ձեռք բերում
Միավորելով այս եզրակացությունները, կարող ենք պնդել, որ ուժի ազդեցության հետևանքով մարմնի ձեռք բերած արագությունը կախված է մարմնի վրա ազդող ուժի և նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալից: Որքան մեծ է այդ արտադրյալը, այնքան մեծ արագություն է ձեռք բերում մարմինը:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի վրա ազդող ուժի և նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին, կոչվում է ուժի կատարած մեխանիկական աշխատանք (կամ պարզապես աշխատանք):
Աշխատանք \(=\) Ուժ \(×\) Ճանապարհ։
 
Եթե աշխատանքը նշանակենք \(A\) տառով, ապա \(F\) ուժի կատարած աշխատանքը նրա ուղղությամբ \(S\) ճանապարհ անցնելիս կլինի. \(A = F × S\)
Մարմնի վրա \(F\) ուժով ազդում է ինչ-որ այլ մարմին, ուստի, \(F\) ուժի կատարած աշխատանք արտահայտության փոխարեն հաճախ ասում են՝ այդ մարմնի կատարած աշխատանք:
Օրինակ
Հայտնի է, որ մեքենան տեղից շարժում է դադարի շփման ուժը: Քանի որ այդ ուժն առաջանում է շարժիչի աշխատանքի շնորհիվ, ուստի ասում են, որ աշխատանք կատարում է  շարժիչը: Երբեմն էլ չեն նշում ո՛չ ուժը, ո՛չ էլ մարմինը, որի կողմից ազդում է ուժը:

Ասում են, որ մարմինը տեղափոխելիս աշխատանք է կատարվել:
Աշխատանքի սահմանումից բխող հետևություններ
 
Ուշադրություն
ա) Եթե մարմնի վրա ուժ է ազդում, բայց այն տեղից  չի շարժվում, ապա  աշխատանք չի կատարվում: Իրոք, եթե մարմինը տեղից չի շարժվում, ապա՝ \(S = 0\), ուստի, բանաձևից հետևում է, որ \(A = 0\):

բ) Իներցիայով շարժվելիս աշխատանք չի կատարվում: Եթե մարմինը շարժվում է իներցիայով, ապա նրա վրա ուժեր չեն ազդում, այսինքն՝ \(F = 0\), հետևաբար՝ \(A = 0\):
Աշխատանքի միավոր
Միավորների ՄՀ -ում որպես աշխատանքի միավոր ընդունված է \(1\) Ն ուժի կատարած աշխատանքը՝ այդ ուժի ուղղությամբ \(1\) մ ճանապարհ անցնելիս:
Ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի \((1818-1889)\)` այդ միավորն անվանում են ջոուլ (Ջ).
\(1\) Ջ \(=\) \(1\) Ն \(×\) մ:
Գործնականում հաճախ կիրառվում են նաև աշխատանքի կիլոջոուլ և միլիջոուլ միավորները՝ \(1\) կՋ \(=\) \(1000\) Ջ և \(1\) մՋ \(=\) \(0,001\) Ջ։
Աղբյուրները
Գրոմով Ս.Վ., Ռոդինա Ն. Ա., Խմբագրությամբ՝ Ա. Լ. Մամյանի; Դասագիրք հանրակրթական հաստատությունների 7-րդ դասարանի համար - Եր.։ Անտարես, 2013.- 192 էջ