ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Հավասարաչափ շարժում, արագություն
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:
Հավասարաչափ են շարժվում, օրինակ՝ ժամացույցի սլաքների ծայրակետերը, գրեթե հավասարաչափ է շարժվում Երկիրն Արեգակի շուրջը, հավասարաչափ են ընկնում՝ անձրևի կաթիլները, գազավորված ջրում բարձրանում պղպջակները և այլն:      
  
Հավասարաչափ շարժման արագություն
Հավասարաչափ շարժման սահմանումից բխում է, որ կամայական ժամանակում մարմնի անցած ճանապարհի և այդ ժամանակամիջոցի հարաբերությունը հաստատուն մեծություն է: Այն ցույց է տալիս մարմնի անցած 
ճանապարհը միավոր ժամանակում և կոչվում է հավասարաչափ շարժման արագություն:
Հավասարաչափ շարժման արագություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհի և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը:
Հավասարաչափ շարժման արագությունը այդ շարժման կարևոր բնութագիրն է: Այն քանակապես բնութագրում է մարմնի արագ կամ դանդաղ շարժվելը: Որքան մեծ է մարմնի արագությունը, այնքան այն ավելի արագ, այսինքն, ավելի փոքր ժամանակահատվածում է անցնում հետագծի տվյալ տեղամասը:
Օրինակ
Միևնույն հեռավորությունը սպորտային ավտոմեքենան ավելի արագ է անցնում, քան բեռնատարը, որովհետև նրա արագությունն ավելի մեծ է: 
Մարմնի արագությունը որոշելու համար պետք է չափել հետագծի կամայական տեղամասի երկարությունը և այն բաժանել այդ տեղամասն անցնելու ժամանակամիջոցին:
Արագություն = ճանապարհ/ժամանակամիջոց
Ներմուծելով նշանակումներ, կստանանք՝ \(v = S/t\)
Արագության միավորը
Միավորների ՄՀ-ում արագության միավորը \(1\) մ/վ է: Դա այն հավասարաչափ շարժման արագությունն է, որի դեպքում մարմինը \(1\) վ-ում անցնում է \(1\) մ ճանապարհ։
Գործնականում հաճախ օգտագործում են նաև արտահամակարգային միավորներ՝ կմ/ժ, կմ/վ, սմ/վ և այլն:
Արտահամակարգային միավորներն ընդունված է արտահայտել միջազգային համակարգի միավորներով:
Օրինակ
\(54\) կմ/ժ \(= 54.000\) մ/\(3600\) վ \(= \)\(54 · (1/3,6)\) մ/վ \(= \)\(15\) մ/վ 
 
\(15\) մ/ր \(=\)\(15· (1/60)\) մ/վ \(= 0.25\) մ/վ և այլն: