Բաբելոնի աշտարակաշինությունը, Հայկ և Բել, Հայաստանը Աստվածաշնչում
Նոյի սերունդների մի մասը բնակություն հաստատեց Միջագետքում ՝ խոսելով մեկ ընդհանուր լեզվով: Հետագայում մարդիկ, սակայն, մեծամտացան և ցանկացան հասնել Աստծուն: Այս նպատակով սկսեցին Բաբելոն քաղաքում աշտարակ կառուցել: Աստված զայրացավ մարդկանց գոռոզամտությունից, խառնեց լեզուները, և նրանք սկսեցին խոսել տարբեր լեզուներով՝ չհասկանալով իրար: Այսպիսով, աշտարակը մնաց անավարտ, և մարդիկ սփռվեցին աշխարհով մեկ:
 
Torre de Babel, representacao artistica.jpg

Ավանդույթի համաձայն Բաբելոնում թագավոր դարձավ Բելը, ով սկսեց իշխել մյուսներին: Բայց Հայկը, որ սերված էր Հաբեթի սերնդից, չենթարկվեց Բելին և իր ողջ գերդաստանով հեռացավ ու բնակություն հաստատեց Արարատի երկրում: Սա դուր չեկավ Բելին, սակայն նրա` հետ վերադառնալու պահանջը Հայկը մերժեց: Այս պատճառով Բելն իր բանակներով պատերազմի դուրս եկավ Հայկի դեմ: Նրանց բանակները հանդիպեցին Վանա լճի մոտ: Կռվի ժամանակ Հայկը կարողացավ նետ ու աղեղով խոցել Բելին: Կորցնելով առաջնորդին ̀ Բելի զորքը փախուստի դիմեց: Այդ օրվանից Հայկ Նահապետի անունով մեր երկիրը կոչվեց Հայք:
 
unnamed.jpg
 
Աստվածաշունչն ընթերցելիս մենք հանդիպում ենք նաև Հայաստանի մասին հիշատակումների: Հայկական լեռնաշխարհը եղել է դրախտավայրի մի մասը: Այստեղից են սկիզբ առել եդեմական պարտեզի Եփրատ, Տիգրիս, Գեհոն (Արաքս) և Փիսոն (Ճորոխ) գետերը: Այս մասին գրված է Աստվածաշնչի Ծննդոց գրքում: Նույն գրքից իմանում ենք նաև, որ Նոյի տապանը կանգ է առել Արարատ լեռան վրա:
 
Հայաստանի և հայերի մասին հիշատակումների մենք հանդիպում ենք նաև Աստվածաշնչի մարգարեական գրքերում: Երեմիա մարգարեն խոսում է Երվանդունյաց Հայաստանի մասին` այն անվանելով Արարատյան թագավորություն և հրեաներին խորհուրդ է տալիս, որ Բաբելոնի դեմ պայքարում դաշնակցեն հայերի հետ:
 
Եզեկիել մարգարեի գրություններում, որոնք վերաբերում են Ք.ա. \(IV\) դարի կեսերին, ներկայացվում է Միջերկրական ծովի ափին գտնվող Տյուրոս քաղաքի ճոխությունը և շքեղությունը և նշվում այն երկրները, որոնք առևտուր էին անում այդ քաղաքի հետ: Այստեղ Հայաստանն անվանվում է Թորգոմի տուն: Թորգոմը Նոյի զարմից էր և Հայկ Նահապետի հայրը: Հայ հին հեղինակներ ևս հայերին անվանում են Թորգոմի անունով՝ «Թորգոմածին», «Թորգոմյաններ», «Թորգոմի որդիներ կամ ազգ», իսկ Հայաստանը՝ Թորգոմի տուն:
Բառարան
Լայնալիճ - մեծ աղեղ
 
Միջագետք - Եփրատ և Տիգրիս գետերի միջև գտնվող տարածք
 
Բաբելոն - Միջագետքում գտնվող հնագույն քաղաք
 
Գեհոն - Արաքս գետն Աստվածաշնչում
 
Փիսոն - Ճորոխ գետն Աստվածաշնչում
Աղբյուրները
Հայոց եկեղեցու պատմություն: Դասագիրք հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի համար/ Վ. Ղանդիլյան, Վ. Պարսամյան, Ա. Ղուկասյան, Ա. Գուլբուդաղյան; ՀՀ ԿԳՆ,- Եր.: Տիգրան Մեծ, 2014, էջ 18-23
http://sneha.am/img/1/5.jpg
https://4.bp.blogspot.com/-FDwpu0G-OiM/USLh5ZzOTQI/AAAAAAAARC8/-oa3tIaGqng/s1600/Torre+de+Babel,+representacao+artistica.jpg