Ճշմարիտ բարեկամը
Մի անգամ Հիսուսին մոտեցավ մի երիտասարդ և հարցրեց, թե ինչ պետք է անել՝ արժանանալու համար Աստծո սիրուն: Հիսուսը պատասխանեց, որ պետք է ամբողջ հոգով, սրտով և մտքով սիրել Աստծուն, ինչպես նաև պետք է սիրել ընկերոջը, ինչպես սեփական անձը: Ի պատասխան հարցին, թե ինչպես հասկանալ՝ ով է ընկեր, Հիսուսը պատմեց բարի սամարացու մասին հետևյալ առակը:
 
jesus-multitude-mormon.jpg

Մի հրեա մարդ Երուսաղեմից գնում է Երիքով քաղաք: Ճանապարհին նրա վրա ավազակներ են հարձակվում, վնասվածքներ հասցնում, կողոպտում և, ծանր վիճակում թողնելով, փախչում:
Պատահաբար այդ ճանապարհով մի հրեա քահանա է անցնում, բայց տեսնելով վիրավորին՝ փոխում է ճանապարհը: Ապա անցնում է մի հրեա պաշտոնյա, որ թեև մոտենում է վիրավորին, բայց, այնուամենայնիվ, խուսափում է օգնել նրան և հեռանում է:
Հետո մի օտարական է անցնում Սամարիայից: Տեսնելով վիրավորին՝ անմիջապես մոտենում է նրան, կապում վերքերը, տանում հյուրանոց: Այսպես մի ամբողջ օր խնամում է նրան, իսկ հաջորդ օրը մեկնելիս հյուրանոցի տիրոջը գումար է տալիս, որպեսզի նա շարունակի խնամել վիրավորին:
 
good-samaritan.jpg

Այս առակով Հիսուսը սովորեցնում է բարի, ուշադիր և հոգատար լինել բոլորի նկատմամբ, ինչպես նաև ցույց է տալիս, թե ով է ճշմարիտ և իրական բարեկամը: Ճանապարհորդը, որ հրեա քահանային և պաշտոնյային համարում էր իր բարեկամը, նրանց կողմից անտեսվեց: Այն ինչ սամարացին, որ այլազգի էր, դրսևորեց իրեն որպես իրական ընկեր և բարեկամ:  
Մոլորյալ որդու վերադարձը
Մի հարուստ մարդ ունենում է երկու որդի: Կրտսեր որդին հորից պահանջում է իր բաժին ժառանգությունը, որպեսզի գնա ուրիշ երկրներ: Հայրը ստիպված բաժանում է ունեցվածքը երկու որդիների միջև: Ավագ որդին մնում է հոր մոտ, իսկ կրտսերը հեռանում է: Վերջինս օտար երկրներում շատ ընկերներ է գտնում, որոնց հետ տրվում է տարբեր զվարճանքների և վատնում ունեցվածքը: Երբ դրամները վերջանում են, բոլորը լքում են նրան:
 
Տղան ստիպված է լինում աշխատանքի անցնել մի ագարակատիրոջ մոտ՝ որպես խոզապահ: Լինում էին օրեր, երբ ընդհանրապես ուտելիք չէր ունենում, անգամ իրավունք չէր ունենում խոզերի կերից ուտելու: Նա կարոտով էր հիշում իրենց տունը, բարի հորն ու եղբորը, նույնիսկ ծառաներին, ովքեր ապրում են հանգիստ և ապահով կյանքով:
 
Տղան զղջում է իր գործած սխալների համար ու թեև հասկանում է, որ դրանք աններելի են, ճամփա է ընկնում դեպի հայրենի տուն՝ ներում խնդրելու:
 
Մոլորյալ (անառակ) որդու հագուստները չնայած պատառոտված էին, ինքն էլ շատ փոխված, ծերունի հայրը միանգամից ճանաչում է զավակին և ընդառաջ վազելով ՝ գրկում նրան
 
og_anarak-ordu-veradardzy-4945.jpg
 
Հայրը ծառաներին պատվիրում է որդուն ընտիր հագուստներ հագցնել և մատին մատանի դնել: Ապա մեծ խնջույք են կազմակերպում:
Երեկոյան, երբ դաշտից տուն է վերադառնում ավագ եղբայրը, ծառաներին հարցնում է, թե ինչ խնջույք է, և ծառաները նրան հայտնում են եղբոր վերադարձի մասին:
Մեծ եղբայրը ուրախանալու փոխարեն բարկանում է և որոշում ներս չմտնել: Հայրը, իմանալով այդ մասին, դուրս է գալիս և խնդրում ավագ որդուն միանալ իրենց ուրախությանը:
 
Որդին կշտամբում է հորը՝ ասելով, որ այսքան տարի հավատարիմ է եղել նրան, սակայն դրա դիմաց հայրն անգամ մեկ ուլ չի մորթել իր համար, իսկ եղբայրը, որ հեռացել էր, վատնել ողջ ունեցվածքը, արժանանում է նման ճոխ ընդունելության: Հայրը բացատրում է, որ ի տարբերություն ավագ որդու, որ միշտ իր մոտ էր, ապրում էր հարուստ և բարեկեցիկ կյանքով, կրտսեր որդին շեղվել էր ճիշտ ճանապարհից և կորստյան մատնվել, սակայն այժմ հասկացել էր սխալները, զղջացել և վերադարձել տուն: Իսկ զղջացողին պետք է ներել և ուրախությամբ ընդունել:
Բառարան
Սամարիա - քաղաք Միջերկրական ծովի արևելյան ափին
 
Վատնել - զուր տեղը ծախսել
 
Զրկանք - տառապանք
 
Մոլորյալ - ճիշտ ճանապարհից շեղված
Աղբյուրները
Հայոց եկեղեցու պատմություն: Դասագիրք հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի համար/ Վ. Ղանդիլյան, Վ. Պարսամյան, Ա. Ղուկասյան, Ա. Գուլբուդաղյան,; ՀՀ ԿԳՆ,- Եր.: Տիգրան Մեծ, 2014, էջ 72-77
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/96/Bloch-SermonOnTheMount.jpg/1200px-Bloch-SermonOnTheMount.jpg
http://surbzoravor.am/images/post/2016-02/og_anarak-ordu-veradardzy-4945.jpg
https://stephenliddell.files.wordpress.com/2014/01/good-samaritan.jpg