Տեսություն

Տասներկու առաքյալների ընտրությունը
Հիսուսն, անապատից վերադառնալով, սկսեց քարոզել Աստծո մասին: Իր առաքելությունն իրականացնելու համար Հիսուսը կարիք ուներ ազնիվ և նվիրված օգնականների: Մի անգամ Հիսուսը քայլելիս տեսավ ձկնորս եղբայրներ Պետրոսին և Անդրեասին, Հակոբոսին և Հովհաննեսին ու ասաց, որ նրանք հետևեն Իրեն: Անսալով Հիսուսին՝ նրանք թողեցին իրենց նավակներն ու իրերը և գնացին Նրա հետևից: Ապա Հիսուսին միացան Փիլիպպոսն ու իր ընկեր Բարդուղիմեոսը:
 
Հաջորդը խմբին միացավ մաքսավոր Մատթեոսը, ինչից հետո Հիսուսն ընտրեց էլի հետևորդների՝ նրանց թիվը հասցնելով \(12\)-ի, որոնք կոչվեցին աշակերտներ: Այսպիսով, Հիսուսի աշակերտներն էին Պետրոսը, Անդրեասը, Հովհաննեսը, Փիլիպպոսը, Բարդուղիմեոսը, Թադեոսը, Մատթեոսը, Թովմասը, Սիմոնը, Հուդան, Զեբեոսի որդի Հակոբոսն ու Ալփեոսի որդի Հակոբոսը:
 
Մուտք Երուսաղեմ.բատիկա.Ա. Նահապետյան.17տ.jpg
 
Մուտք Երուսաղեմ, բատիկա, Ա.Նահապետյան՝ \(17\) տ., Էջմիածնի Հայորդյաց տուն
 
Նրանք երեք տարի հավատարմորեն հետևեցին Հիսուսին՝ անվանելով Նրան Տեր և Ուսուցիչ, եղան Նրա գործերի և հրաշքների ականատեսը:
Հետագայում աշակերտները կոչվեցին առաքյալներ, քանի որ Հիսուսը նրանց ուղարկեց աշխարհի բոլոր կողմերը` ուսուցանելու և քարոզելու Ավետարանը, բժշկելու և մկրտելու մարդկանց:
 
\(12\) առաքյալներից է համարվում նաև Մատաթիան, որը վիճակահանությամբ փոխարինեց Հուդային: Աշակերտներից բացի առաքյալ է համարվում նաև Պողոսը, ում անունը մինչև Հիսուսին հավատալը Սողոս էր:
 
San Pablo escribiendo sus cartas_ Valentin de Boulogne (principios s_ XVII) - copia.jpg
 
Նա ոչ միայն քարոզել և տարածել է քրիստոնեությունը, այլև ունի բազմաթիվ քարոզներ և նամակներ, որոնք իրենց տեղն են գտել Նոր Կտակարանում: Ի դեպ, Սողոսը եղել է քրիստոնյաների հալածիչ, ինչի պատճառով կուրացել, ապա բժշկվել է միայն Հիսուս Քրիստոսի պատվերով և զորությամբ: Նրանց շնորհիվ բազմաթիվ երկրներում ձևավորվեցին քրիստոնեական համայնքներ, հիմնվեցին եկեղեցիներ:
 
Մեր երկրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիմնել են Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները:
 
bzrlzkt8jclpa9e867hz.jpg
Հիսուս օգնում է մարդկանց
Հիսուսը քարոզելու նպատակով շրջում էր բնակավայրերով: Մի անգամ, երբ ուշ ժամի ավարտեց քարոզը, բազմաթիվ մարդիկ, որ հավաքվել էին լսելու Հիսուսին, քաղցած էին, իսկ աշակերտների մոտ եղած հացը և ձուկը շատ քիչ էին: Հիսուսը վերցրեց դրանք, օրհնեց, որից հետո հրաշքով դրանք շատացան և բավարարեցին բոլոր հավաքվածներին: Հրաշքներով Հիսուսը ցույց էր տալիս Իր աստվածային ամենակարողությունը: Այն հիվանդները, որոնք հավատում ու դիմում էին Նրան, առողջանում էին. խուլերը լսում էին, կույրերը տեսնում էին, բորոտները՝ մաքրվում էին վերքերից:
 
001.jpg

Հիսուսը նաև խրատներ էր տալիս մարդկանց և սովորեցնում, թե ինչպես առաքինի ապրել: Նա ասում էր. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դու´ք արեք նրանց»: Հետագայում այս խորհուրդը ստացավ «Ոսկե կանոն» անունը:
 
Իշխանավորներն ու փարիսեցիները չարությամբ էին լցված Հիսուսի նկատմամբ, որովհետև Նա իր զրույցների միջոցով դատապարտում էր նրանց ագահությունն ու կեղծավորությունը:
Բառարան
Մաքսավոր - հարկահավաք
 
Տեր - այդպես են անվանում և դիմում Աստծուն
 
Ընկճվել - հուսահատվել
 
Անդամալույծ - հաշմանդամ
 
Բորոտ - վարակիչ մաշկային հիվանդությամբ տառապող մարդ
 
Փարիսեցի - Իսրայելում օրենքի և կրոնական ավանդույթների պահպանությանը նվիրված կրոնավոր
Աղբյուրները
Հայոց եկեղեցու պատմություն: Դասագիրք հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի համար/ Վ. Ղանդիլյան, Վ. Պարսամյան, Ա. Ղուկասյան, Ա. Գուլբուդաղյան; ՀՀ ԿԳՆ,- Եր.: Տիգրան Մեծ, 2014, էջ 54-57
http://i.ytimg.com/vi/LHUQiDHjSpE/mqdefault.jpg
http://www.irates.am/thumbs/335x/Zs9qjci7bRcG6sSLpa1nLhq80W.jpg
https://i.ytimg.com/vi/OwCu-yD6OXU/maxresdefault.jpg
http://qfiles.qahana.am/images/christian/9195782/bzrlzkt8jclpa9e867hz.jpg