ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Օժանդակ բայ
Բայի այն փոփոխությունը, որով արտահայտվում են գործողության կատարման եղանակը, ժամանակը, դեմքը և թիվը, կոչվում է խոնարհում:
Որոշ ժամանակաձևերի խոնարհմանը մասնակցում է օժանդակ բայը, որը  բային վերագրում է դեմք, թիվ և ժամանակ:
  
 Օժանդակ բայը խոնարհվում է երկու ժամանակով՝ ներկա և անցյալ, ունի բոլոր դեմքերը, եզակի և հոգնակի թիվ, դրական և ժխտական ձևեր:
Ներկա ժամանակի օժանդակ բայերը գրվում են ե-ով, բացի եզակի երրորդ դեմքից, այսպես՝ եմ, ես, է, ենք, եք, են:

Ժխտական խոնարհման դեպքում չ մասնիկը դրվում է օժանդակ բայի վրա, որը բոլոր դեմքերում և թվերում հանդես է գալիս նույն ձևով, բացի եզակի երրորդ դեմքից, որը լինում է՝ չի, այսպես՝ չեմ, չես, չի, չենք, չեք, չեն:

Անցյալ ժամանակի օժանդակ բայերը գրվում են է-ով: Դրական խոնարհումը լինում է՝ էի, էիր, էր, էինք, էիք, էին, ժխտական խոնարհումը՝ չէի, չէիր, չէր, չէինք, չէիք, չէին:
 
Ուշադրություն
Դրական խոնարհման դեպքում օժանդակ բայը սովորաբար դրվում է դերբայից հետո:
Օրինակ՝ Ես սովորում եմ դպրոցում:
 
Երբեմն կարող է դրվել դերբայից առաջ:
Օրինակ՝ Ես դպրոցում եմ սովորում:
 
Ժխտական խոնարհման դեպքում օժանդակ բայը միշտ դրվում է դերբայից առաջ:
Օրինակ՝  չեմ գնում: