Քիմիական տարրերը համապատասխան նշաններով արտահայտելու անհրաժեշտությունն առաջացել է դեռևս հին ժամանակներում։  Ներկայումս օգտվում են քիմիական տարրերի նշաններից, որոնք առաջարկվել են շվեդ գիտնական Յակոբ Բերցելիուսի կողմից (1814 թ.)։
  
Որպես քիմիական տարրի նշան ընտրվել է դրա լատիներեն անվանման սկզբնատառը՝ մեծատառով, կամ սկզբնատառը` զուգակցված դրան հաջորդող որևէ այլ տառի հետ։                                                                                                            
Քիմիական տարրերը բաժանվում են մետաղ պարզ նյութ և ոչ մետաղ պարզ նյութ առաջացնողների։
Եթե տվյալ քիմիական տարրին համապատասխանող պարզ նյութը մետաղ է (ունի մետաղական փայլ, բարձր ջերմա- և էլեկտրահաղորդականություն, կռելիություն, կոփելիություն և այլն), ապա դրան համարում են մետաղական տարր։
Օրինակ, երկաթը, ցինկը, ալյումինը, պղինձը, արծաթը, ոսկին մետաղական տարրեր են։ Դրանց համապատասխանում են մետաղ պարզ նյութերը։
Ոչ մետաղական տարրեր են համարվում նրանք, որոնց առաջացրած պարզ նյութերը ոչ մետաղներ են։
Օրինակ
Թթվածինը, ազոտը, ածխածինը, ծծումբը, ֆոսֆորը, քլորը ոչ մետաղական տարրեր են։
Դրանց համապատասխանող պարզ նյութերը ոչ մետաղներ են։
 
Քիմիական տարրերի բաժանումը մետաղների և ոչ մետաղների պայմանական է։ Կան մետաղներ, որոնց մոտ արտահայտվում են նաև ոչ մետաղական հատկություններ և հակառակը։
Օրինակ
Սովորական պայմաններում սնդիկը գտնվում է հեղուկ վիճակում, որը բնորոշ չէ մետաղներին։ Իսկ բյուրեղային յոդը, որը ոչ մետաղ է, պինդ է և ունի բնորոշ մետաղական փայլ։ 
Տարբերությունը քիմիական տարրի և պարզ նյութի միջև ավելի հստակ է դրսևորվում  ալոտրոպիա (այլակերպություն) երևույթով:
Քիմիական տարրի՝ մի քանի պարզ նյութի ձևով հանդես գալու երևույթն անվանվում է ալոտրոպիա:
Օրինակ
Ածխածին տարրը \((C)\) կարող է առաջացնել գրաֆիտ, ալմաստ և մի քանի այլ պարզ նյութեր, ֆոսֆոր \((P)\) տարրը՝ կարմիր ֆոսֆոր, սպիտակ ֆոսֆոր, ու սև ֆոսֆոր, պարզ նյութերը և այլն:
                                        Ածխածնի  այլակերպությունները
 
ndownload (1).jpg nimages.jpg
 
նկ.1 գրաֆիտ                                      նկ.2 ալմաստ
 
                                                      Ֆոսֆորի  այլակերպությունները
 
nPhosphor_rot.jpg   =images (1).jpg  =images (2).jpg
նկ.3 կարմիր ֆոսֆոր                     նկ.4 սպիտակ ֆոսֆոր                նկ.5 սև ֆոսֆոր
 
Տարրերի կարևորագույն բնութագիր է բնության մեջ տարածվածությունը։
 
Ընդհանուր առմամբ, բնության մեջ առավել տարածված են թեթև տարրերը, իսկ կենդանի օրգանիզմներում` ամենաթեթևները (ջրածին, ածխածին, ազոտ, թթվածին)։ 
 
Տիեզերքում տարածված են թեթևագույն տարրերը` ջրածինը և հելիումը։ Օրինակ, Արեգակի զանգվածի \(3/4\)-ից ավելին ջրածինն է, իսկ մնացածը` հելիումը։
 
Երկրակեղևում (որը պայմանականորեն Երկրի մակերևույթի վերին \(16\) կմ հաստությամբ շերտն է) տարրերի բաշխվածությունը խիստ անհամաչափ է. նրա զանգվածի մոտ 99% -ը  բաժին է ընկնում ընդամենը \(8\) տարրերի՝ \(O, Si, Al, Fe, Ca, Na, K, Mg։ \)