Սիրելի օգտատերեր,

Ցանկանում ենք ձեզ հետ կիսվել այս տարվա մեր ձեռքբերումներով, վստահ լինելով, որ նոր 2019թ.-ը մեզ բերելու է նորանոր հաջողություններ ու համագործակցություններ։

ԻմԴպրոցը տարեցտարի աճում ու զարգանում է։ Մենք մեր գործունեության ընթացքում փորձում ենք զարգացնել նորարարական կրթությունը, նպաստել կրթական համակարգի բարելավմանն ու առաջընթացին, և ապահովել հավասար, որակյալ ու հասանելի կրթություն բոլորի համար: Առանց մեր օգտատերերի սիրո և նվիրվածության մենք չէինք գրանցի այն բոլոր հաջողությունները, որոնք ունեցանք այս տարի։

ԻմԴպրոցում 2018թ.-ին «Առարկաներ» բաժինը համալրվել է նոր առարկաներով՝ «Խորացված Ֆիզիկա 10-12», «Աշխարհագրություն 9», «Մայրենի 4», «Թեստեր մայրենիից 4-րդ դասարանի համար», «Կենսաբանություն 7», «Հայոց եկեղեցու պատմություն 5», «Անգլերեն 6»:

Մեր առարկաները ստեղծում են հմուտ մասնագետներ, ովքեր սիրում են իրենց աշխատանքը, նվիրյալներ են ու ցանկանում են ունենալ կրթված ու զարգացած սերունդ։ Մեզ բոլորիս համար կարևոր է, որ աշակերտը ստանա կիրառական գիտելիք, հաճույքով ու սիրով սովորի դասերը, իսկ դպրոցը նրա համար լինի վայր, որտեղ նա կձևավորվի որպես անհատ, ձեռք կբերի հմտություններ, որոնք անհրաժեշտ են իր ամբողջ կյանքի համար։

Այս տարի առաջին անգամ կայացավ «Տաղանդների դասարանը» մրցույթը, որի արդյունքում երկու հրաշք բալիկ՝ Լիլիթը և Ավետը, 3 ամիս անընդմեջ դարձան ԻմԴպրոցի գլխավոր կերպարները։

ԻմԴպրոցը կազմակերպեց մրցույթներ «Մաթեմատիկա 5,6,7», «Հայոց լեզու 7-8», «Ֆիզիկա 10-12» դասարանների համար։ Հաղթողները որպես նվեր ստացան սմարթֆոններ, իսկ մրցույթի 2-րդ փուլ անցած բոլոր մասնակիցները գնացին ուրախանալու ու բոուլինգ խաղալու։

Այս տարի նաև հիմք դրվեց մի շարք համագործակցությունների հանրապետության ու սփյուռքի հայկական դպրոցների հետ։ Մեզ մոտ վերապատրաստվեցին մեծ թվով ուսուցիչներ, ինչպես մեր գրասենյակում, այնպես էլ առցանց կամ դպրոցներում, ովքեր արդեն ակտիվորեն կիրառում են ԻմԴպրոցը ուսումնական գործընթացում։

Արդյունավետ աշխատանքներ իրականացնելու համար, նաև մեր աշխատակիցներն են անցնում վերապատրաստումներ՝ զարգացնելու համար իրենց գիտելիքները։ Մայիսին նրանք ռուս գործընկերների հետ փորձի փոխանակման նպատակով մեկնեցին Մոսկվա՝ Սկոլկովո ինովացիոն կենտրոն, ծանոթացան նրանց գործունեությանը, մասնակցեցին տարբեր դասընթացների և գիտելիքի ու փորձի մեծ պաշարով ետ վերադարձան։

ԻմԴպրոցը սիրում է ձեզ և գալիք 2019թ.-ին ևս լինելու է ձեր կողքին։😊

Հրապարակված է