![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Պաշտամունքային կառույցները
Պաշտամունքային կառույցները: Եկեղեցի: Մզկիթ: Պագոդա: Սինագոգ: Տաճար
Պաշտամունքային կառույցները տարբեր կրոնների ծիսական արարողությունների կատարման վայրերն են, ժողովուրդների նյութական մշակույթի արժեքավոր ու ծանրակշիռ մասը:
Եկեղեցին քրիստոնեական դավանանքի պաշտամունքային կառույց է: Առաջին եկեղեցիները կառուցվել են \(IV\) դարում՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկրներում՝ Հայաստանում, Ասորիքում, Հռոմեական կայսրության տարածքում, Բյուզանդիայում: Համայնքի, բնակավայրի կամ վանքի գլխավոր եկեղեցին հաճախ անվանվում է մայր եկեղեցի կամ կաթողիկե:
![23.jpg](https://resources.cdn.imdproc.am/52a66f2a-ed23-474c-9576-cd90ae18c63e/23.jpg)
Մզկիթը մահմեդական պաշտամունքային կառույց է, որի` դեպի Մեքքա ուղղված պատին եղել են միհրաբներ (ծիսական խորշեր. Օմայանների մզկիթը՝ Դամասկոսում, Սիրիա, \(705–715\) թթ.):
![132.jpg](https://resources.cdn.imdproc.am/0652f4fb-a91f-47d7-8eed-9d0213c4d669/132.jpg)
Պագոդան բուդդայական պաշտամունքային կառույցի տիպ է Հեռավոր Արևելքի երկրներում: Նախատեսված է բուդդայական մասունքներ պահելու համար: Կառուցվում են տաղավարների, աշտարակների (հաճախ՝ բազմաստիճան), կոթողների և այլ ձևերով՝ քառակուսի կամ բազմանկյուն հատակագծով: Որպես կառույցի տիպ՝ կազմավորվել է մ. թ. առաջին դարերում, Չինաստանում (Դայանտա բազմահարկ պագոդան, \(652\) թ.), տարածվել է Վիետնամում (հայտնի է Դիեն-Բո փայտե պագոդան՝ մեկ սյան վրա, \(1044\) թ.), Կորեայում, Ճապոնիայում և այլուր:
Դայանտա պագոդան
![Դայանտա պագոդան (652 թ., Չանյան) Չինաստանում.jpg](https://resources.cdn.imdproc.am/96e09390-14e7-40cb-965f-68569bb896f0/%D4%B4%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%20%D5%BA%D5%A1%D5%A3%D5%B8%D5%A4%D5%A1%D5%B6%20%28652%20%D5%A9.%2C%20%D5%89%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%29%20%D5%89%D5%AB%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4.jpg)
Սինագոգը կամ ժողովարանը հրեական պաշտամունքային կառույց է՝ աղոթարան, որտեղ կատարվում են ժամասացություն, Հնգամատյանի (մովսեսական օրենքներ), Թալմուդի, հրեական կրոնաէթնիկական և իրավական դրույթների ընթերցանություն: Ձևավորվել է Պաղեստինում, մ. թ. ա. \(IV\) դարում, և Եգիպտոսում՝ մ. թ. ա. \(III\) դարում: Մ. թ. \(70\) թ-ին հռոմեացիների՝ Երուսաղեմի տաճարի ավերումից և հրեաների նոր տարագրությունից հետո սինագոգներ են կառուցվել այն վայրերում (Մերձավոր Արևելք, Հռոմեական կայսրություն և այլն), որտեղ ապրում էին հրեաներ:
Սինագոգ Բեռլինում
![Սինագոգ Բեռլինում.jpg](https://resources.cdn.imdproc.am/9dcc543c-e66a-46a9-ad94-1df071cce8c0/%D5%8D%D5%AB%D5%B6%D5%A1%D5%A3%D5%B8%D5%A3%20%D4%B2%D5%A5%D5%BC%D5%AC%D5%AB%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4.jpg)
Տաճարն անտիկ շրջանի պաշտամունքային կառույց է. կապվում է հեթանոսական կրոնի հետ՝ որպես ծիսական տուն, կուռքերի մեհյան, որտեղ զոհասեղան կար, և զոհ էր մատուցվում: Եղել է նաև հասարակական ժողովների, հանդիսությունների վայր:
Լավագույն տաճարների նախաստեղծ հորինվածքը երկայնական կառույց է՝ սյունաշարային տարբեր համակարգերով. այդպիսի օրինակներով հայտնի են Հին աշխարհի երկրները՝ Եգիպտոսը, Միջագետքը, Հունաստանը, Հռոմը: Հին Հայաստանում նշանավոր էին Էրեբունի ամրոցի Սուսիի և Խալդիի (մ. թ. ա. \(VIII\) դար), Գառնիի (\(I\) դար) տաճարները:
Հայկական բարձրավանդակում տաճարաշինությունը ծաղկում է ապրել մ. թ. ա. \(III–I\) և մ. թ. \(I\) դարերում: Տաճար են կոչվում հիմնականում Զվարթնոցի, Ավան-Հռիփսիմեի, Բագարանի և այլ կենտրոնագմբեթ հորինվածքով, սրբագործված վայրերում (որոնց նախապատմությունը կապված է հեթանոսական կրոնի հետ) կառուցված և Հայ առաքելական եկեղեցու մայր եկեղեցիները: Հայկական միջնադարյան տաճարները (Էջմիածնի Մայր տաճարը, Անիի Մայր տաճարը, Աղթամարը և այլն) իրենց բազմազան և ինքնատիպ հորինվածքներով քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետության լավագույն նմուշներից են:
Գառնիի հեթանոսական տաճարը
![Գառնիի հեթանոսական տաճար.jpg](https://resources.cdn.imdproc.am/de8d848f-8f76-441a-8355-b705c39aebc6/%D4%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%AB%D5%AB%20%D5%B0%D5%A5%D5%A9%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%BF%D5%A1%D5%B3%D5%A1%D6%80.jpg)
Աղբյուրները
«Մանմար»,\(2013\), Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008
http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1395