ՀՀ աշխարհագրական դիրքը
Հայաստանի Հանրապետությունն աշխարհի շուրջ \(200\) անկախ, միջազգային ճանաչում ստացած պետություններից է։
 
Ուշադրություն
Տարածքի մեծությամբ (\(29743\) կմ³) և բնակչության թվով (\(3\) մլն մարդ) պատկանում է աշխարհի փոքր (որոնց թիվը \(55\) է), բայց ոչ փոքրագույն (գաճաճ) պետությունների խմբին։
Հայաստանը տարածքի մեծությամբ և բնակչության թվով զիջում է աշխարհի մոտ \(130\) պետություններին, այդ թվում իր բոլոր հարևաններին։
 
ՀՀ-ն գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան հատվածում՝ զբաղեցնելով տարածքի ոչ մեծ մասը՝ \(1/13\)-ը: Մեր ներկայիս տարածքը կազմում է երկրագնդի ցամաքի \(0,02\) %-ը, իսկ Ասիա աշխարհամասի՝ \(0,7\) %-ը: Այն կազմված է Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Գուգարք և Ուտիք նահանգների մասերից:
 
ՀՀ տարածքի առավելագույն ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք մոտ \(360\) կմ է, իսկ արևմուտքից-արևելք՝ \(200\) կմ: Նվազագույն ձգվածությունը Հայ-Իրանական սահմանի հատվածում մոտ \(40\) կմ է: ՀՀ տարածքի երկրաչափական կենտրոնը (անկյունագծերի հատման կետը) Գառնի գյուղն է:
 
map1.png
 
ՀՀ-ն հյուսիսում սահմանակից է Վրաստանին, արևելքում՝ հայկական երկրորդ պետությանը՝ Արցախի Հանրապետությանը, արևելքում և հարավ-արևմուտքում՝ Ադրբեջանին և նրա կազմի մեջ մտնող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, արևմուտքում՝ Թուրքիային: Սահմանագծի ընդհանուր երկարությունը \(1422\) կմ է: Առանձնահատկություն է, որ պետական սահմանի ամենաերկար երկու հատվածները՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, «փակ» են: 
1-18-45.png
 
Պետություններն ըստ տարածքի ձևի խմբավորում են հինգ նշված խմբերում:
 
Մտածի՛ր, Հայաստանի տարածքի ձևը նկարում պատկերված ձևերից առավելապես ո՞ր մեկին է համապատասխանում:
Ըստ կառավարման ձևի՝ ՀՀ-ը խորհրդարանական հանրապետություն է, ըստ պետական կառուցվածքի՝ ունիտար կամ միասնական պետություն: Սահմանադրությամբ ՀՀ հռչակված է ժողովրդավարական պետություն:
ՀՀ սահմանների ձևավորումը
Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի տարածքում տարբեր դարերում ձևավորվել և կործանվել են հայկական բազմաթիվ պետական միավորումներ, սակայն դրանցից որևէ մեկը չի ունեցել հանրապետության կարգավիճակ (հիմնականում եղել են թագավորություններ): 
 
Ուշադրություն
Ռուսական կայսրության փլուզումից հետո, \(1918\)թ. մայիսի \(28\)-ին Արևելյան Հայաստանի տարածքում ձևավորվեց Հայաստանի Հանրապետությունը, որին ընդունված է անվանել Հայաստանի առաջին Հանրապետություն:
Միևնույն ժամանակ անկախություն հռչակեցին նաև մեր ներկայիս հարևաններ Վրաստանը և Ադրբեջանը, որոնք Հայաստանի հետ միասին ընդգրկված էին Ռուսական կայսրության մաս հանդիսացող կովկասյան փոխարքայության կազմում:
 
Փլուզումից առաջ Կովկասյան փոխարքայության մաս հանդիսացող Անդրկովկասը բաժանված էր Երևանի, Թիֆլիսի, Ելիզավետպոլի և Բաքվի նահանգների և Կարսի մարզի։ Այդ բաժանումը հաշվի չէր առնում տարածքում բնակվող ժողովուրդների տարածքային բաշխումը և տարածքների պատմականորեն ձևավորված ազգային պատկանելիությունը, և արդյունքում յուրաքանչյուր նահանգ միավորում էր տարբեր ազգերով բնակեցված տարածքներ։ Դա արված էր միտումնավոր, որպեսզի խոչընդոտվեն ազգային շարժումների ծավալումը և անկախանալու հնարավորությունները։
 
\(1917\)թ. բոլշևիկյան հեղափոխությունից հետո, Ռուսական իշխանություններն ի վիճակի չէին կանխելու այս երկրների անկախության գործընթացը և սահմանների ձևավորումը վերածվեց անկախացող երկրների ու շահագրգռված այլ կողմերի միջև վեճի առարկայի:
 
Մասնավորապես, Ադրբեջանը հավակնում էր ամբողջ Ելիզավետպոլի (Գանձակի) նահանգին, որի կազմում էին հայաբնակ Զանգեզուրն ու Լեռնային Ղարաբաղը, իսկ Վրաստանին ձեռնտու էր իրեն միացնել Թիֆլիսի նահանգն ամբողջությամբ, որի մեջ մտնում էին հայաբնակ Լոռին և Ջավախքը: Տարածքների բաժանման գործընթացում անմասն չմնացին բոլշևիկյան Ռուսաստանը, քեմալական Թուրքիան, Անգլիան և Ֆրանսիան, որոնք հետապնդում էին իրենց շահերը: Արդյունքում ծավալվեցին մի շարք պատերազմական գործողություններ:
 
Հայ-վրացական ներկայիս սահմանը հաստատվեց, երբ հայկական բանակը \(1918\) թ. դեկտեմբերին ազատագրեց Լոռին։ Մյուս սահմանների հարցում հստակությունը հաստատվեց միայն այն բանից հետո, երբ Հայաստանի առաջին հանրապետությունը խորհրդայնացվեց \(1920\) թ. և ձևավորվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (ՀԽՍՀ):

Հայ-թուրքական սահմանը որոշվեց Ռուսաստանի և Թուրքիայի միջև \(1921\) թ. մարտի \(16\)-ին Մոսկվայում կնքված պայմանագրով։ Դա կատարվեց առանց Հայաստանի մասնակցության։ Թուրքիային հանձնվեցին Կարսի մարզը և Երևանի նահանգի Սուրմալուի գավառը, որոնք մինչև \(1918\) թ. գտնվում էին Ռուսաստանի կազմում։
 
Նույն այդ պայմանագրով Հայաստանից անջատվեց և Ադրբեջանի ենթակայությանը հանձնվեց Նախիջևանի գավառը, որը նույնպես մինչև \(1918\) թ. եղել էր Ռուսաստանի կազմում։
 
Հայաստանի Հանրապետության արևելյան՝ հայ-ադրբեջանական սահմանը նույնպես ձևավորվեց ոչ առանց բոլշևիկյան Ռուսաստանի միջամտության։ Ադրբեջանում խորհրդային իշխանությունը հաղթանակել էր քիչ ավելի վաղ, քան Հայաստանում։ Խորհրդային զորքերը մտել էին նաև հայկական շրջանները և դրանք բռնակցել Ադրբեջանին։ Սակայն մի քանի ամիս անց, երբ Հայաստանում նույնպես հաստատվեց խորհրդային իշխանություն, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ հրաժարվում է տարածքային պահանջներից և Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը ճանաչում է որպես Հայաստանի անքակտելի մաս։
 
Որոշ ժամանակ անց Խորհրդային Ադրբեջանը հրաժարվեց իր այդ որոշումից և բոլշևիկյան Ռուսաստանի օգնությամբ իրեն բռնակցեց ոչ միայն Նախիջևանը, այլև Լեռնային Ղարաբաղը։
 
Hayastani sahmanneri xndiry  1920-1921.jpg
 
Այդ ամենի արդյունքում \(1920-1921\) թթ. պաշտոնական ձևակերպում ստացան ՀԽՍՀ տարածքն ու սահմանները, որոնք \(70\) տարի անց՝ \(1991\)թ. սեպտեմբերի \(21\)-ին, նույնությամբ փոխանցվեցին Հայաստանի ներկայիս՝ երրորդ հանրապետությանը։ Բայց այդ սահմաններն ունեին արդեն այլ բովանդակություն ու կարգավիճակ։
 
\(1922\) թ. ստեղծվեց ԽՍՀՄ միասնական պետությունը։ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, մտնելով նրա կազմի մեջ, զրկվեցին պետական անկախությունից և ստացան կիսաանկախ քաղաքական տարածքային կազմավորման կարգավիճակ։ Երեք հանրապետությունները բաժանող սահմանները դադարեցին պետական սահման լինելուց և դարձան միասնական պետության ներքին վարչական սահմաններ։
 
Դրանք, ինչպես գիտեք, ի տարբերություն պետական սահմանների, բաց սահմաններ են, որոնք ազատ են բոլոր տեսակի տնտեսական, մշակութային և այլ կապերի ու հաղորդակցության համար։
 
Պետական սահմանի կարգավիճակը պահպանեցին միայն Հայաստանի՝ Թուրքիայի ու Իրանի հետ սահմանները, բայց արդեն որպես ԽՍՀՄ պետական սահմաններ։
Աղբյուրները
Մ․ Մանասյան, Ա․ Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2013, էջ 27-33
«Հայաստանի  Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006
Դպրոցական հանրագիտարան,  Երևան  2009
http://www.aniarc.am/2015/02/27/100-years-caucasus-armenians-tatul-hakobyan/