Գոլորշացում և խտացում 
 Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

Ամռանը` անձրևից հետո, գետնին առաջացած լճակները որոշ ժամանակ անց անհետանում են, դրսում փռած լվացքը չորանում է: Նշված դեպքերում տեղի է ունենում գոլորշացում. ջուրը փոխակերպվում է աչքին անտեսանելի գոլորշու:

evaporation (1).gif   condensation.gif

Ուշադրություն
Հեղուկի գոլորշացումը տեղի է ունենում ցանկացած ջերմաստիճանում, սակայն որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան արագ է տեղի ունենում գոլորշացումը: Գոլորշացման արագությունը կախված է նաև հեղուկի տեսակից: Օրինակ` եթերը, սպիրտը միևնույն ջերմաստիճանում ավելի արագ են գոլորշանում, քան ջուրը:

Երբ դրսում ցուրտ է, խոնավ բնակարանում ապակիները «քրտնում» են, դրանց վրա ջրի փոքրիկ կաթիլներ են հայտնվում (տե՛ս նկար):

condensation (1).gif

Նմանապես ցուրտ և խոնավ գիշերներին դրսում խոտի վրա ցող է առաջանում: Նշված դեպքերում ջրային գոլորշին փոխակերպվում է ջրի, այսինքն՝ տեղի է ունենում խտացում:

Գոլորշացմամբ և խտացմամբ են պայմանավորված տեղումները (տե՛ս շարժանկար): Երկրի մակերևույթին գտնվող ջուրը գոլորշանալով սկսում է վեր բարձրանալ: Վերևում, որտեղ ջերմաստիճանը ցածր է, գոլորշին խտանում է և անձրևի տեսքով թափվում ներքև:

 
1-V-LCpU4QSiSVISlBbY00vA.gif
 
ccprcess.gif
 
Ուշադրություն
Գոլորշանում են նաև պինդ մարմինները, օրինակ՝ սառույցը։ Դրա հետևանքով դրսում կախված սպիտակեղենը չորանում է նաև ձմռան սառնամանիքին։ Հնարավոր է նաև հակառակը՝ գոլորշին անցնում է պինդ վիճակի: Օրինակ՝ եղյամի առաջացումը: 
Եռում
Գոլորշացման յուրահատուկ տեսակ է եռումը:
Հետևելով եռման պրոցեսին` կարելի է նկատել, թե անոթի հատակին ինչպես են առաջանում և, աստիճանաբար մեծանալով, վեր բարձրանում պղպջակներ (տե՛ս շարժանկար): Դրանք պարունակում են ջրում լուծված օդ և առաջացած ջրային գոլորշի: Յուրաքանչյուր հեղուկ եռում է խիստ որոշակի ջերմաստիճանում:
 
boiling-water.gif
Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
Նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջուրը եռում է \(100\)\(°C\) ջերմաստիճանում: Եռման ողջ ընթացքում հեղուկի ջերմաստիճանը չի բարձրանում, չնայած մենք իրեն անընդհատ ջերմություն ենք հաղորդում: Հաղորդված ջերմությունը ծախսվում է ամբողջ ծավալից հեղուկի գոլորշացման համար:
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ.                   
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն