![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Լույսի ուղղագիծ տարածումը և դրա ապացույցները
Բազմաթիվ դիտումներով և փորձերով հաստատվել է, որ թափանցիկ համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ։
Օրինակ
Եթե լույսի աղբյուրի և մեր աչքի միջև տեղադրենք անթափանց մարմին, ապա լույսի աղբյուրը մենք չենք տեսնի, քանի որ լույսի ուղղագիծ տարածման հետևանքով ճառագայթը չի կարողանա շրջանցել խոչընդոտը:
Լույսի ուղղագիծ տարածմամբ են բացատրվում ստվերների առաջացումը, Արեգակի, Լուսնի խավարումները և այլ երևույթներ:
Ստվերի առաջացումը
Լույսի ուղղագիծ տարածմամբ է բացատրվում ստվերի առաջացումը: Նկարներում պատկերված են անթափանց մարմիններ՝ գունդ և սափոր:
Փոքր չափեր ունեցող լույսի \(S\) աղբյուրով լուսավորելիս \(B\) էկրանին առաջանում է ստվեր: Եթե լույսը ուղղագիծ չտարածվեր, ապա կշրջանցեր գունդը կամ սափորը և կլուսավորեր դրա հետևում գտնվող էկրանի ողջ տիրույթը:
![maxresdefault.jpg](https://resources.cdn.imdproc.am/009f88d4-75d6-447a-8fa0-05d194205972/maxresdefault-w300.jpg)
![hello_html_83c7dd4-w265.jpg](https://resources.cdn.imdproc.am/be1c3848-4db1-4ce6-b157-b12cf57ceb07/hello_html_83c7dd4-w265-w226.jpg)
Լույսի ուղղագիծ տարածումն օգտագործում են տեղանքում կամ ստորգետնյա ուղիղ ճանապարհներ նախագծելու, ուղիղ գծով սյուներ տեղակայելու համար:
Սյուները տեղադրում են այնպես, որ բացի մոտակա սյունից` մնացածը չերևան:
Արեգակի և Լուսնի խավարումները
Լուսինը լույսի աղբյուր չէ, այն սեփական լույսից զուրկ անթափանց մարմին է, սակայն տեսանելի է, քանի որ անդրադարձնում է Արեգակից իր վրա ընկնող ճառագայթները։
Երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև, լրիվ կամ մասնակի չափով ծածկում է Արեգակի տեսանելի սկավառակը, Լուսնի կոնաձև ստվերն ընկնում է Երկրի վրա և տեղի է ունենում Արեգակի խավարում։
Երկրի մակերևույթի՝ լրիվ ստվերի սահմաններում հայտնված մասերից, դիտվում է Արեգակի լրիվ խավարում, իսկ ոչ լրիվ ստվերում գտնվող տեղերից դիտվում է Արեգակի մասնակի խավարումը։
Արեգակի խավարում դիտվում է, երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև:
![bellf201.gif](https://resources.cdn.imdproc.am/c50868aa-1d48-4f07-a7c7-7f85a456148d/bellf201.gif)
![image_860907170959146848321.gif](https://resources.cdn.imdproc.am/b706b121-d110-4683-8ef8-365de876721a/image_860907170959146848321.gif)
Լուսնի խավարումը դիտվում է, երբ Երկիրը հայտնվում է Արեգակի և Լուսնի միջև:
Այդ դեպքում Լուսինը գտնվում է Երկրի կողմից առաջացած ստվերի տիրույթում:
![NASA_Supermoon_Lunar_Eclipse (1).gif](https://resources.cdn.imdproc.am/37b91594-08a5-4d23-a2c8-7bc7b5ffa9e9/NASA_Supermoon_Lunar_Eclipse%20%281%29.gif)
Արեգակի և Լուսնի խավարումները գիտնականները կարողանում են մեծ ճշգրտությամբ կանխատեսել կատարվելուց շատ տարիներ առաջ:
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ.
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա. Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն