![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Առաձգականության ուժ: Դեֆորմացիայի տեսակները
Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև` ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:
![]() | ![]() |
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն:
Նկարում պատկերված տախտակը, պարանը, ցանցաճոճը, արտաքին ազդեցությունների շնորհիվ փոխում են իրենց ձևն ու չափերը, այսինքն` դեֆորմացվում են:
Մարմինը դեֆորմացնելիս առաջանում է ուժ, որը ստիպում է նրան վերականգնել իր սկզբնական ձևն ու չափերը: Այդ ուժն անվանում են առաձգականության ուժ:
Օրինակ
Եթե պողպատից պատրաստված զսպանակը սեղմենք, ապա նա կփոխի իր ձևը, այսինքն` կդեֆորմացվի: Եթե հեռացնենք ձեռքը, ապա առաձգականության ուժի շնորհիվ զսպանակը կվերականգնի իր սկզբնական ձևը և չափերը:
![ezgif.com-crop (2).gif](https://resources.cdn.imdproc.am/bda26065-6821-4edb-bcde-7c98739fd872/ezgif.com-crop%20%282%29.gif)
Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
Ուշադրություն
Ոչ բոլոր դեֆորմացիաների դեպքում է առաջանում առաձգականության ուժ:
Իրենց տեսակով դեֆորմացիաները լինում են առաձգական և պլաստիկ:
Առաձգական դեֆորմացիայի դեպքում ուժի ազդեցությունը վերացնելուց հետո մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը: Պլաստիկ ձևափոխության ենթարկված մարմինը չի վերականգնում իր նախկին ձևը և չափերը:
Օրինակ
Երբ ծանրոցը դնում ենք հենարաններ ունեցող տախտակի վրա, տախտակը ճկվում է։ Նրա մեջ առաջացած առաձգականության ուժը բեռի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր և հավասարակշռում է ծանրոցի կշիռը։ Բեռը հեռացնելուց հետո տախտակը վերականգնում է իր ձևը, հետևաբար նրա դեֆորմացիան առաձգական է:
![doska1.gif](https://resources.cdn.imdproc.am/dd40cbc1-d9d8-4bbb-94d4-ca0939fbce23/doska1.gif)
Պլաստիլինը, կավը, խմորը, դեֆորմացնելիս նրանցում առաձգականության ուժ չի ծագում և նրանք չեն վերականգնում իրենց ձևը: Այդ ձևափոխությունը պլաստիկ է և կիրառվում է մետաղները կռելու, դրոշմելու, քանդակներ պատրաստելու համար:
Եթե զսպանակից կախենք կշռաքար, ապա զսպանակը կձգվի, սակայն կշռաքարը ցած չի ընկնի, քանի որ նրա վրա բացի ծանրության ուժից կազդի առաձգականության ուժը:
Առաձգականության ուժը հավասար է և հակառակ է ուղղված ծանրության ուժին:
Եթե զսպանակից կախենք երկու նույնպիսի կշռաքար, ապա զսպանակի դեֆորմացիան երկու անգամ կմեծանա, երեք կշռաքարի դեպքում՝ երեք անգամ կմեծանա: Դա նշանակում է, որ առաձգականության ուժը կախված է մարմնի դեֆորմացիայի չափից:
![Untitled-3-01.png](https://resources.cdn.imdproc.am/9a48e75b-3cf7-4671-94d0-940b1212d367/Untitled-3-01-w658.png)
Ուժաչափ, ուժի չափումը
Եթե զսպանակի մի ծայրն ամրացնենք, իսկ մյուս ծայրը ձգենք որոշակի ուժով, ապա զսպանակը կերկարի:
Ուժը՝ որպես ֆիզիկական մեծություն, կարող է ունենալ տարբեր արժեքներ։ Ուժի մեծությունը որոշում են ուժը չափող սարքով՝ ուժաչափով։ Կախված նրանից, թե որքան է սեղմվել կամ երկարել ուժաչափի զսպանակը, մենք եզրակացնում ենք նրա վրա ազդող ուժի մեծության մասին:
Ուժաչափերի գործողության հիմքում ընկած է հավասար ուժերի ազդեցությամբ զսպանակի՝ միևնույն չափով երկարելու կամ սեղմվելու հատկությունը։
Պարզագույն ուժաչափը կազմված է տախտակին մի ծայրով ամրացված զսպանակից, որի մյուս ծայրը ազատ է և վերջանում է հորիզոնական ցուցիչով։ Զսպանակին ամրացված սլաքը ցույց է տալիս չափվող ուժի մեծությունը:
Ուժի չափման միավորը Նյուտոնն է (\(1\) Ն):
![1-18.png](https://resources.cdn.imdproc.am/fd9d86bc-1309-45a8-a666-c8f2455a0498/1-18-w265.png)
Գոյություն ունեն ուժաչափի տարբեր տեսակներ, այդ թվում նաև մարդու մկանային ուժը չափող ուժաչափեր։
![14141.jpg](https://resources.cdn.imdproc.am/e67bfab6-0e4c-46b1-844f-f520176736f6/14141-w300.jpg)
![61xqOY4CAbL._SL1200_.jpg](https://resources.cdn.imdproc.am/f1ef87b1-7a5b-4394-b634-24c955e05482/61xqOY4CAbL._SL1200_-w231.jpg)
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դաս. դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013 թ..
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դ.դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա. Կարապետյան,Գ. Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ հր.