Շրջանագիծ
cirkulis.jpg
Շրջանագիծ կոչվում է երկրաչափական այն պատկերը, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա:   
 
Այդ կետը կոչվում է շրջանագծի կենտրոն, իսկ տրված հեռավորությունը՝ շրջանագծի շառավիղ:
Rl1.png
 
Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ: Սահմանումից հետևում է, որ կարելի է տանել անվերջ թվով շառավիղներ, և դրանք բոլորը կունենան միևնույն երկարությունը:
Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար:
  
Եթե լարը անցնում է շրջանագծի կենտրոնով, ապա այն կոչվում է շրջանագծի տրամագիծ:
Տրամագիծն ամենաերկար լարն է:
 
Շրջանագծում կարելի է տանել նաև անվերջ թվով տրամագծեր:
 
Rl2.png
Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:
Եթե շրջանագծի վրա նշենք երկու կետ, ապա առաջանում են երկու աղեղներ: Այդ պատճառով աղեղի նշանակման համար օգտագործում են լատիներեն երեք տառ, որոնք կարող են լինել ինչպես մեծատառեր, այնպես էլ՝ փոքրատառեր:  
 
Վերևի նկարում կարող ենք նշել \(BDH\), \(ACG\) և մյուս աղեղները:
 
Ներքևի նկարում գծված են \(AxB\) և \(AyB\) աղեղները:
 
Rl3.png
Հարթության այն մասը, որը սահմանափակված է շրջանագծով, կոչվում է շրջան:
Rinkis.png
Աղբյուրները
Լ.Ս. Աթանասյան, Վ.Ֆ. Բուտուզով, Ս.Բ. Կադոմցեվ, Է.Գ. Պոզնյակ, Ի.Ի.Յուդինա: Երկրաչափություն 7-րդ դասարան, Երևան, "Զանգակ 97", 2011: