ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Ներածություն
\(301\) թ. հայ ժողովուրդն առաջինն աշխարհում ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Մինչ այդ հայերը հետևորդն էին հեթանոսական կրոնի, որի համաձայն դավանում էին բազում աստվածների. պատրաստում էին հեթանոսական աստվածներին պատկերող կուռքեր, դրանց զոհեր մատուցում, տաճարներ կառուցում:
 
Նրանք հավատում և Աստված էին համարում Հայկին, Արային, Տորքին, Աստղիկին և նրանց էին վերագրում եղանակի փոփոխությունները:
Բնական երևույթների աստվածացումը և դրանց անձնավորած պաշտամունքը հեթանոսությունն է:
 
Քրիստոնեությունը մեծ ազդեցություն ունեցավ հայի նկարագրի ու պատմության, հայոց մշակույթի, արվեստի, ճարտարապետության, գիտության և կրթության զարգացման վրա: Կառուցվեցին վանքեր ու եկեղեցիներ, կից դպրոցներ ու համալսարաններ, զարգացան մատենագրությունը, մանրանկարչությունը, գիտության տարբեր ճյուղեր:
Աստվածաշունչ
Սուրբ Գիրքն աշխարհում ամենատարածված, ամենաշատ թարգմանված գրքերից է և ամենասուրբը քրիստոնյա ժողովուրդների շրջանակներում: Սուրբ Գրքին շատ ժողովուրդներ անվանում են նաև Բիբլիա, իսկ հայերի մեջ տարածված է Աստվածաշունչ անունը:
Աստվածաշունչ նշանակում է Աստծո շնչով գրված:
Այն գրվել է տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր հեղինակների կողմից: Աստվածաշնչում ներկայացվում են Աստծո և մարդկանց փոխհարաբերությունները, ինչպես նաև բազմաթիվ երկրներ ու ժողովուրդներ, նրանց մշակույթը, կյանքն ու կենցաղը:
 
72.jpg
 
Աստվածաշունչը բաղկացած է երկու հիմնական մասերից՝ Հին Կտակարան կամ Հին Ուխտ և Նոր Կտակարան կամ Նոր Ուխտ: Հին Կտակարանը գրվել է Հիսուս Քրիստոսի ծննդից առաջ, իսկ Նոր Կտակարանը՝ ծննդից հետո:
 
Հին Կտակարանը բաղկացած է \(48\) գրքից, որոնք ունեն պատմական, խրատական և մարգարեական բովանդակություն: Հին Կտակարանում կհանդիպենք օրենքների ու կանոնների՝ սահմանված Աստծո կողմից մարդկությանը, խրատներ և պատգամներ, ինչպես նաև Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու մասին կանխատեսումներ:
 
Նոր Կտակարանը բաղկացած է \(27\) գրքից: Առաջին չորս գրքերը կոչվում են Ավետարաններ, իսկ հեղինակները ավետարանիչներ (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես): Այդ գրքերն են՝ Հիսուսի ծնունդը, Նրա կյանքն ու գործերը, Նրա պատվիրանները: Մյուս գրքերը պատմում են առաքյալների գործերի, քարոզչության և քրիստոնեության տարածման մասին: Առաքյալները Հիսուս Քրիստոսի աշակերտներն էին, որոնք քրիստոնեությունը քարոզեցին շատ երկրներում:
 
29980-12349-Nativity_BirthJesus.1200w.tn.1200w.tn.jpg
 
Աստվածաշունչը թարգմանվել է գրեթե բոլոր լեզուներով: \(5\)-րդ դարի սկզբին այն հայերեն թարգմանել են Սուրբ Մեսրոպ Մաշտոցն ու Սուրբ Սահակ Պարթևը՝ իրենց աշակերտների հետ միասին: Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունը համարվում է լավագույն թարգմանությունը. որոշ հատվածներին տրվել է «Թարգմանությունների թագուհի» անունը:
 
\(15\)-րդ դարի կեսերին՝ տպագրության գյուտից հետո, Աստվածաշունչը դարձավ աշխարհում առաջին տպագիր գիրքը: Այն առաջին անգամ հայերեն տպագրվել է \(1666 - 1668\) թթ.:
Բառարան
Աստվածացնել - մեծարել, փառքի ու պատվի արժանացնել
 
Սուրբ Գիրք - Աստվածաշունչ
 
Կուռք - մետաղից, փայտից պատրաստված արձան, որին վերագրվում է գերբնական կարողություն
 
Պատվիրան - պատգամ, Աստծո կամք
 
Առաքյալ - առաքված, ուղարկված
 
Սուրբ - անվանում են մաքուր, անբիծ կյանքով ապրած քրիստոնյաներին
Աղբյուրները
Հայոց եկեղեցու պատմություն: Դասագիրք հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի համար/ Վ. Ղանդիլյան, Վ. Պարսամյան, Ա. Ղուկասյան, Ա. Գուլբուդաղյան; ՀՀ ԿԳՆ,- Եր.: Տիգրան Մեծ, 2014, էջ 6-7
https://mediamag.am/wp-content/uploads/2016/10/72.jpg
https://salemnet.vo.llnwd.net/media/cms/BST/29980-12349-Nativity_BirthJesus.1200w.tn.1200w.tn.jpg