Տեսություն

Երկկենցաղների բազմազանությունը և դասակարգումը
Երկկենցաղների դաս
 
Ինչպես արդեն ներկայացրել ենք, երկկենցաղները պատկանում են քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին և հանդիսանում են ամենասակավաթիվ կարգաբանական խումբը: Երկկենցաղների դասը ներկայացված է \(4,7\) հազար տեսակներով, որոնք խմբավորված են \(3\) հիմնական կարգերում՝
  • Անոտանիների կարգ
  • Պոչավորների կարգ
  • Անպոչների կարգ
Երկկենցաղները, ինչպես արդեն գիտեք, հանդիսանում են առաջին անգամ ցամաք դուրս եկած ողնաշարավոր կենդանիները: Երկկենցաղների կյանքը սերտորեն կապված է երկու կենսամիջավայրերի՝ ջրի և ցամաքի հետ: Այդ կապը հատկապես երևում է բազմացման և գորտընկիթից երկկենցաղների զարգացման ընթացքում:
 
68.jpg
Երկկենցաղների հարմարումը ցամաքային կենսամիջավայրում ընթացել է մթնոլորտային թթվածնի և Երկրի ձգողության ուժի ազդեցությամբ:
Ցամաքում տեղաշարժվելու, Երկրի ձգողությունը հաղթահարելու և հավասարակշռությունը պահպանելու համար երկկենցաղները ձեռք են բերել ազատ հոդավորված վերջույթներ, որոնք վերջանում են շարժուն մատներով: Շնչում են մթնոլորտային օդը թոքերով և մաշկով: Ունեն արյան շրջանառության երկու շրջան և եռախորշ սիրտ:
 
Երկկենցաղների դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.
 
69-w1241.jpg
 
Միասին կդիտարկենք հիմնական կարգերի առանձնահատկությունները և բազմազանությունը:
  
I. Անոտանիների կարգ
  
Այս կարգում ընդգրկված կենդանիները իրենցից ներկայացնում են երկար, անոտ մարմնով, որդանման կենդանիներ: Դրանք բնակվում են հիմնականում Աֆրիկայի, Հրվ. Ամերիկայի, Հրվ. Ասիայի խոնավ և արևադարձային անտառներում: Այս կենդանիները հարմարվել են և անցել ցամաքային - փորող կենսակերպին, ապրում են հողի ոչ շատ խորը, վերին շերտերում, տերևների տակ, արմատների արանքում: Այդ իսկ պատճառով ենթարկվել են կառուցվածքային այն բոլոր փոփոխություններին, որոնք բնորոշ են փորող կենսակերպով օրգանիզմներին: Նրանք կորցրել են վերջույթները, տեսողությունը, միջին ականջը: Անոտների կարգում առկա են մոտ \(200\) տեսակներ: Հիմնական ակնառու ներկայացուցիչն է որդուկը:
 
70.jpg
  
II. Պոչավորների կարգ
  
Պոչավորները կառուցվածքով և կենսակերպով նմանվում են հնադարյան երկկենցաղներին: Նրանց մեծ մասը չի հեռանում ջրից, շատերը նույնիսկ չունեն թոքեր և շնչում են արտաքին խռիկներով ու մաշկով: Պոչավորների ակնառու ներկայացուցիչներից են տրիտոններն ու սալամանդրաները: Գարնանը արու տրիտոնի մեջքի վրա առաջանում է սանրաձև կատար: Այն ուժեղացնում է մաշկային շնչառությունը և իր վառ գունավորմամբ գրավում էգերին: Բազմացման ժամանակ արուները ջրամբարի ափերին գտնվող քարերին, խոտերին սոսնձում են սերմնաբջիջով լցված պարկիկներ, որոնք էգը մտցնում է իր կոյանոցի մեջ և կատարվում է բեղմնավորում: Բազմացումից հետո տրիտոնները դուրս են գալիս ցամաք:
 
Ներկայացուցիչներն են՝
  
71.jpg
  
III. Անպոչների կարգ
  
Անպոչ երկկենցաղները հասուն վիճակում պոչ չունեն և տեղաշարժվելիս մարմինը չեն գալարում: Այս կարգի ներկայացուցիչներին բնորոշ են ցատկող ետևի լավ զարգացած վերջույթները:
 
75.jpg
 
Սրանց թվին են պատկանում գորտերը, դոդոշները, ծառագորտերը, սխտորագորտերը:
  
Դոդոշները ցամաքային պայմաններին համեմատաբար լավ հարմարված երկկենցաղներ են. ունեն ավելի լավ թոքեր և չոր մաշկ: Դոդոշների ետևի ոտքերն ավելի կարճ են և նրանք հիմնականում վատ են ցատկում: Ցերեկը դոդոշները թաքնվում են, իսկ գիշերը դուրս են գալիս որսի: Արևադարձային անտառներում ապրում են չափերով և գունավորմամբ խիստ բազմազան դոդոշներ: Նրանք սնվում են միջատներով, առավել խոշոր տեսակները նույնիսկ մողեսներով ու մկներով:
  
Լճագորտը ամբողջ կյանքն անցկացնում է ջրում կամ դրանից ոչ հեռու: Նա լավ լողում է լողաթաղանթներ ունեցող ետևի երկար ոտքերի օգնությամբ:
Անդրկովկասյան գորտը չափերով ավելի փոքր է լճագորտից և ավելի քիչ է կապված ջրային միջավայրի հետ:
  
Ծառագորտերը բարեկազմ մարմնով, վառ կանաչ գունավորված երկկենցաղներ են, ապրում են մեծամասամբ ծառերի և թփերի վրա: Նրանց մատների ծայրերին կան կպչուն սակավառակաձև ծծիչներ, որոնցով կարող են կպչել հարթ մակերեսին: 
  
Ներկայացուցիչներն են՝
  
72.jpg
 
Երկկենցաղների նշանակությունը
 
Երկկենցաղները մանր գիշատիչներ են, ոչնչացնում են բույսերի վնասատու միջատներին, մարդու և կենդանիների հիվանդությունների հարուցիչներ տարածողներին: Երկկենցաղների մեծ մասը որս անելով գիշերը կամ մթնշաղին՝ ոչնչացնում է ցերեկային թռչունների համար անմատչելի վնասատուներին: Մեկ դոդոշն օրական ուտում է \(25 - 30\) միջատ, իսկ \(1\) հա տարածքի վրա դոդոշներն ոչնչացնում են տարեկան մոտ \(100\) հազար վնասատու միջատների:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 139-140
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 189-192
https://bigenc.ru/media/2016/10/27/1235178619/12038.jpg
https://i.mycdn.me/i?r=AyH4iRPQ2q0otWIFepML2LxRZ9Km9wq2TJ4Pw8znmIckug
http://herpeton.ru/books/item/f00/s00/z0000012/pic/000148.jpg