Կաթնասունների բազմացումը և զարգացումը
Կաթնասունները կենդանածինբաժանասեռ կենդանիներ են, որոնք բազմանում են ներքին բեղմնավորմամբ:
Լավ աչքի է ընկնում սեռական դիմորֆիզմը: Արուն ավելի խոշոր, վառ արտահայտված արտաքինով է՝ ավելի խոշոր եղջյուրներ, թավ մազածածկույթ, մկանուտ մարմին և այլն:
 
56.jpg
 
Կաթնասունները ևս մասնակցում են հարսանեկան խաղերի:
  
Սեռական օրգանները
 
Կենդանածնության հետ կապված կաթնասունների բազմացման օրգաններն աչքի են ընկնում որոշ յուրահատկություններով: Էգի ձվարանները փոքր են, դրանց մեջ պարունակվող և զարգացող ձվաբջիջներն ունեն մանրադիտակային չափեր՝ \(0,1 - 0,2\) մմ տրամագծով և գրեթե զուրկ են դեղնուցից:
 
Հասունացած ձվաբջիջներն անցնում են ձվատար խողովակի մեջ, որտեղ տեղի է ունենում բեղմնավորումը: Զույգ ձվարանները բացվում են իգական սեռական համակարգի հատուկ օրգանի՝ արգանդի մեջ, որն ունեն միայն կաթնասունները: Արգանդը մկանուտ պարկ է, որի պատերն ընդունակ են խիստ ձգվելու: Կիսվել սկսող ձվաբջիջը ամրանում է արգանդի պատին և պտղի հետագա ամբողջ զարգացումն ընթանում է այդ օրգանում:
 
Բեղմնավորված ձվաբջիջը ամրանում է արգանդի վերին պատին՝ ձևավորելով ընկերք: Այնուհանդերձ զարգացող սաղմի շուրջ որպես կանոն սկսում են ձևավորվել սաղմնային թերթիկները՝ ամնիոնը և խորիոնը: Կաթնասունների օրգանիզմում սաղմը ուղղակիորեն սնվում է մայրական օրգանիզմից՝ ընկերքից սկիզբ առնող պորտալարի միջոցով:
 
-17-728.jpg
  
Զարգացումը
 
Զարգացող սաղմի շուրջ առաջանում են թաղանթներ, որոնք մի կողմով սերտաճում են արգանդի պատին: Այդ տեղում, որը կոչվում է ընկերք, մոր արյունատար անոթները սերտորեն շփվում են պտղի թաղանթի արյունատար անոթների հետ: Սաղմը ընկերքի հետ միացած է պտղալարով, որի միջով անցնում են նրա արյունատար անոթները: Ընկերքում մոր արյունատար անոթների պատերով սաղմի արյան մեջ են անցնում սննդանյութերն ու թթվածինը, իսկ հակառակ ուղղությամբ՝ ածխաթթու գազը և սաղմի կենսագործունեության այլ վտանգավոր արգասիքներ:
 
Կաթնասունների սաղմը զարգացման վաղ փուլերում ունի քորդա, խռիկային ճեղքեր և ստորակարգ քորդավորների այլ հատկանիշներ: Մորից անընդհատ ստանալով սննդանյութեր՝ սաղմն աճում է և ձգում արգանդի պատերը: Կաթնասունների տարբեր տեսակների ներարգանդային զարգացման տևողությունը, որը կոչվում է հղիություն, տարբեր է և կախված է հիմնականում կենդանու չափերից: Այսպես, մկների հղիությունը տևում է \(11-15\ \)օր, շանը՝ երկու ամիս, փղինը՝ \(20-22\) ամիս:
 
65.jpg
 
Ծննդաբերությունը
 
Հղիությունն ավարտվում է ծննդաբերությամբ, որի ժամանակ արգանդի պատերի կծկումների շնորհիվ պտուղը սեռական ուղիներով հրվում է դուրս: Ծնված ձագը կատարում է առաջին ներշնչումը, թոքերը հարթվում են, և նա սկսում է շնչել ինքնուրույն: Դրանից հետո պորտալարը կտրվում է կամ էլ էգը կրծում է այն: Տարբեր տեսակի կաթնասունների ձագերի քանակը մի ծինում տարբեր են: Խոշոր կաթնասունները սովորաբար ծնում են \(1\) կամ \(2\) ձագ, միջինները՝ \(2-5\), իսկ մանր կենդանիները, օրինակ՝ առնետները, ունենում են մինչև \(22\) ձագ:
 
66.jpg
 
Ձագերին կաթով կերակրելը
  
Կաթնասուններն իրենց դասի անվանումը ստացել են այն հանգամանքից ելնելով, որ բոլորն իրենց նորածին ձագերին կերակրում են կաթով:
Կաթն առաջանում է էգի կրծքի կամ փորի վրա տեղավորված կաթնագեղձերում: Կաթնագեղձերի ծորանները փոքր անցքով բացվում են դուրս:
 
69.jpg
 
Կաթը կաթնագեղձերում սկսում է արտադրվել ծննդաբերության պահին: Նա շատ սննդարար է և պարունակում է ձագերի սնման համար անհրաժեշտ բոլոր նյութերը՝ ջուր, ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր, վիտամիններ և հանքային աղեր: Կաթի սպիտակ գույնը պայմանավորված է նրա բաղադրության մեջ մտնող ճարպի մանրագույն կաթիլներով: Այդպիսի ճարպը հեշտությամբ է մարսվում և յուրացվում ձագի օրգանիզմում:
Սկզբնական շրջանում էգն իր սերնդին կերակրում է միայն կաթով: Մեծացած ձագերն անցնում են սովորական կերով սնվելուն:
 
61.jpg
 
Սերնդի խնամքը
  
Բոլոր գիշատիչների, ինչպես նաև շատ կրծողների ու այլ մանր կաթնասունների ձագերը ծնվում են կույր, երբեմն էլ՝ մերկ: Այդ տեսակների էգը մինչև ծննդաբերությունը կառուցում է բույն կամ որջ: Նա տաքացնում է և կերակրում ձագերին, լիզում է նրանց, հետևում թաքստոցի մաքրությանը: Խոտակեր կաթնասունների մեծ մասի ձագերը ծնվում են լրիվ ձևավորված և մի քանի ժամում կարող են հետևել մորը: Այդ դեպքում սերնդի խնամքը արտահայտվում է նրան պաշտպանելու մեջ: Բոլոր կաթնասունների էգերը ձագերին սպառնացող անմիջական վտանգի դեպքում ցուցաբերում են յուրատեսակ ակտիվություն, պաշտպանում նրանց՝ հաճախ վտանգելով սեփական կյանքը:
 
67.jpg
 
Արուները սովորաբար չեն դաստիարակում սերունդը:
  
Հարսանեկան խաղերին մասնակցում են և՛ արուները, և՛ էգերը, սակայն արուների մասնակցությունը միշտ ավելի արտահայտված է: Հարսանեկան խաղերի ընթացքում ձևավորվում են զույգերը: Զույգերը, որպես կանոն, կազմվում են բազմացման մեկ շրջանի, հազվադեպ՝ մի քանի տարվա համար:
 
57.jpg
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 181-186
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 240-245
http://www.widehdimages.com/download/lions-widescreen-wide-2880x1800/
https://arhivurokov.ru/videouroki/html/2014/03/16/98678208/img19.jpg
http://www.neveroyatno.info/_nw/21/26521700.jpg
https://wallpapercave.com/wp/wp1947055.jpg
https://i.obozrevatel.com/2017/12/21/005.jpg?size=900x600
http://fb.ru/misc/i/gallery/25789/896113.jpg
https://4.bp.blogspot.com/-OpwfuwqeKuQ/WczWQBe9LWI/AAAAAAAABH0/a-sTSaRHlLc-1ApwJvUs6w-Z9t0NAtOIACEwYBhgL/s1600/7432124apz.jpg
https://www.telegraph.co.uk/content/dam/news/2016/04/01/restricted0003_trans_NvBQzQNjv4BqEfOZ1-0wVAQPfVO8s0M8PTi-T4priTdNmLS_IH9bcaA.jpg