Տեսություն

Կաթնասունների արտաքին կառուցվածքը
Կաթնասունները կամ գազանները ամենակատարյալ զարգացած, տաքարյուն, ողնաշարավոր օրգանիզմներն են:
Կաթնասունների մեծ մասն ապրում է գետնի վրա: Հասած լինելով զարգացվածության բարձրագույն աստիճանի` կարողացել են գրավել բոլոր կենսամիջավայրերը՝ օդացամաքային, ջրային, ցամաքային, ջրացամաքային: Նրանք ինչպես բուսակեր են, այնպես էլ գիշատիչ և ամենակեր: Հանդիսանալով տաքարյուն կենդանիներ` ևս ունեն մարմնի կայուն ջերմաստիճան: 
 
3.jpg
Կաթնասունները զարգացման ամենաբարձր աստիճանին հասած կենդանիներ են:
Լավ զարգացած նյարդային համակարգը, հատկապես գլխուղեղի առջևի կիսագնդերը, կատարելագործված զգայարանների հետ միասին պայմանավորում են կաթնասունների բարդ վարքը և ակտիվ կենսակերպը: Նրանց մարմնի բարձր ու կայուն ջերմաստիճանն ապահովվում է ինտենսիվ նյութափոխանակությամբ և ջերմակարգավորման կատարյալ համակարգով: Կաթնասունները հարմարվել են բնակության ամենատարբեր պայմաններին և լայնորեն տարածվել են Երկրի վրա: 
 
Կաթնասունների հիմնական հատկանիշներից է լավ զարգացած, տարբերակված, իսկական ատամների առկայությունը:
Ցամաքային կաթնասուններից շատերը չորքոտանի կենդանիներ են: Նրանց ոտքերը, ի տարբերություն սողունների, տեղադրված են ոչ թե մարմնի կողքերին, այլ իրանի տակ:
 
Հողում բնակվող կաթնասունների մարմինը գլանաձև երկարացած է, պարանոցը կարճ է, գրեթե աննկատ: Նրանց առջևի ոտքերը դարձել են բահանման ու հարմարվել են փորելուն: Ջրային կաթնասունների մարմինն ունի շրջահոսելի ձև, իսկ առջևի վերջույթները ձևափոխվել են լողաթաթերի: Թռիչքին հարմարվելու համար չղջիկները ձեռք են բերել թռիչքին հատուկ ապարատ՝ թաղանթավոր թևեր:
 
9.jpg
 
Հավանաբար կաթնասունների նախնիները եղել են գազանատամ սողունները, որոնք ապրել են մոտավորապես \(180\) մլն. տարի առաջ: Նրանց ոտքերը, ինչպես կաթնասուններինը, տեղադրված էին իրանի տակ: Նրանք ունեին տարբերակված ատամներով հզոր ծնոտներ: Կաթնասունների և սողունների միջև ազգակցական կապի մասին են վկայում նաև ստորակարգ կաթնասունների՝ նախագազանների բազմացման ձևը և կոյանոցի առկայությունը:
 
Առաջին բրածո կաթնասունը մելանոդոնն էր: Նա ուներ առնետի մեծություն և, ըստ երևույթին, ձագերին կերակրում էր կաթով: Առաջին կաթնասունները ձվածին էին, ավելի ուշ ծագեցին կենդանածին կաթնասունների բազմաթիվ տեսակներ: 
 
13.jpg
 
Գրաված լինելով ցամաքային, օդացամաքային և ջրային ու ջրացամաքային կենսամիջավայրերը՝ կաթնասունները հարմարվել են երկրագնդի բնակելի բոլոր պայմաններին: Այդ հարմարվածության արդյունքում, ինչպես տեսանք, կաթնասունները ունեն ինչպես սննդային, այնպես էլ արտաքին կառուցվածքային, վարքագծային խայտաբղետություն:
 
Հիմք ընդունելով կաթնասունների հարմարվածությունը միջավայրի այս կամ այն կոնկրետ պայմաններին՝ առանձնացնում են նրանց էկոլոգիական խմբերը.
  
\(1\). անտառաբնակ կաթնասուններ,
 
\(2\). տափաստանային կաթնասուններ,
 
\(3\). գետնաբնակ կաթնասուններ,
 
\(4\). օդաբնակ կաթնասուններ,
 
\(5\). ջրաբնակ կաթնասուններ,
 
\(6\). կիսաջրաբնակ կաթնասուններ, 
 
\(7\). ծառաբնակ կաթնասուններ, 
  
\(8\). մարդու կողմից բուծվող կաթնասուններ:
 
Հայտնի է կաթնասունների մոտ \(5,5\) հազար տեսակ:
 
22.jpg
 
Կաթնասունների մաշկը բաղկացած է երկու շերտից՝ վերնամաշկից և բուն մաշկից, ենթամաշկային ճարպանքից
 
\(1\). Վերնամաշկը կատարում է արտաքին ծածկութային գործառույթ:
 
\(2\). Բուն մաշկը գտնվում է անմիջապես վերնամաշկի տակ և պարունակում է մաշկի հիմնական բաղկացուցիչ կառուցվածքային տարրերը՝ արյունատար անոթներ, նյարդեր, գեղձեր, մազապարկ, մազը շարժող մկանաթել:
Նյարդը վերնամաշկի տակ վերածվում է մաշկամկանային ռեցեպտորների՝ ցավը, շփումը, ջերմությունը զգալու համար: Մկանաթելը շարժում է մազը: 
 
\(3\). Ենթամաշկային ճարպանքը ջերմամեկուսիչի դեր է կատարում:
 
Կաթնասունների մեծ մասն ունի մազածածկույթ: Դա նրանց բնորոշ հատկանիշն է, ինչպես փետրածածկույթը թռչունների կամ թեփուկները սողունների համար: Կենդանիների մազածածկույթը ձևավորում է մորթի: Մորթին շոգ ժամանակ պաշտպանում է կենդանուն գերտաքացումից, իսկ ձմռանը՝ սառչելուց: 
 
Ուշադրություն
Շատ կաթնասունների մորթիները շատ թանկարժեք են և կարևոր նշանակություն ունեն մարդու համար:
65.jpg
  
Մազերը կազմված են եղջերային նյութից և միատեսակ չեն: Երկար և կոշտ մազերը կոչվում են քիստեր, իսկ դրանց տակ գտնվում է նուրբ և խիտ աղվամազը կամ ենթաբուրդը: Քիստերը պաշտպանում են մաշկը վնասվելուց, իսկ ենթաբուրդն իր մեջ պահում է օդը՝ պահպանելով մարմնի ջերմությունը: Նրանք ունեն նաև կոշտ մազեր՝ վիբրիսներ, որոնք շոշափելիքի օրգաններ են:
 
Գետնափոր կաթնասունների մազածածկույթը կազմված է միայն աղվամազից, իսկ վայրի սմբակավորներինը միայն կոպիտ քիստերից, որոնք հաճախ սնամեջ են:
  
Մազը կազմված է բնից և արմատից, որը բուն մաշկի մեջ սկիզբ է առնում գնդաձև սոխուկից: Մազարմատը գտնվում է մազապարկում: Բուն մաշկում են տեղավորված նաև քրտնագեղձերը:
 
Կաթնասունների մաշկը պարունակում է մի քանի տեսակ գեղձեր՝ ճարպագեղձեր, հոտ արձակող գեղձեր, քրտնագեղձեր և կաթնագեղձեր:
  
Ճարպագեղձերը արտազատում են ճարպ, որի ծորանները սկիզբ են առնում մազապարկից: Հոտ արձակող գեղձերը ծառայում են պաշտպանության, բնակության տարածքը նշելու կամ հակառակ սեռին գտնելու համար:  
  
Քրտնագեղձերը գալարուն ոլորված հիմքով են, արտադրում են քրտինք և նպաստում են արտաթորությանը և ջերմակարգավորմանը:
Կաթնագեղձերը քրտնագեղձերի յուրահատուկ ձևափոխություններ են:
Նրանցում արտադրված կաթը միակ, լիարժեք սնունդն է ձագի կյանքի սկզբնական շրջանում:
 
67.jpg
 
Կաթնասունների մատների ծայրերին կան եղջերային ճանկեր, եղունգներ կամ սմբակներ:
Այծերը, եղջերուները, կովերը, ցուլերը, ռնգեղջյուրները գլխի վրա ունեն եղջյուրներ:
 
Եղջերային թեփուկներ կամ վահանիկներ կան կրծողների պոչի վրա, իսկ զրահակիրների մարմնի մեջքային կողմում դրանք զրահ են առաջացնում: Որոշ կաթնասունների մարմինը զուրկ է մազերից, թեփուկներից կամ այլ եղջերային գոյացություններից:
 
Կաթնասունների մազածածկույթը պարբերաբար թափվում է, փոխարինվում նորով: Մազաթափումը սեզոնային երևույթ է, որի հետևանքով փոխվում է նաև մազածածկի գույնը, երանգը: Ձմռանը մորթին ունենում է ավելի խիտ աղվամազ, քան տարվա տաք եղանակին: Փոփոխվում է նաև մորթու գույնը:
 
34.jpg
 
Կաթնասունների մարմինը կազմված է գլխից, պարանոցիցիրանից, վերջույթներից և պոչից:
  
\(1\). Գլուխ. իր երկու կողմերին կրում է զույգ խոշոր աչքեր, որոնց երրորդ կոպը ապաճել է: Գլխի վերևում գտնվում են արտաքին ականջի ականջախեցիները՝ ծածկված մազածածկույթով: Կաթնասունների որոշ տեսակներ գլխի վրա ունեն առատ մազածածկույթ՝ բաշ: Կաթնասունների ծնոտները գլխի վրա դեպի առաջ սրված են՝ կազմելով կաթնասունների բերանը կամ երախը: Այն իր վրա կրում է շուրթերը և վիբրիսները: Ծնոտների ատամնափորիկներում տեղավորված են ատամները:
Բերանը կաթնասունների կարևորագույն օրգաններից մեկն է, որը պաշտպանական, հարձակվողական, այնպես էլ աշխատանքային և սննդառական օրգան է:
40.jpg
 
Վերին ծնոտի առաջնամասում՝ բերանից վերև գտնվում է կաթնասունների քիթը՝ զույգ քթանցքերով:
 
\(2\). Պարանոց. ապահովում է գլխի շարժուն միացումը իրանին և նրա սահուն շարունակությունն է հանդիսանում:
\(3\). Իրան. կրում է առջևի և հետին զույգ վերջույթները և մազոտ պոչը:
\(4\). Վերջույթներ. բոլոր կաթնասունների տեղաշարժման օրգաններն են՝ հետևի վերջույթները և առջևի վերջույթները: 
  
Առջևի վերջույթներ - թևերը կազմված են բազկից, նախաբազկից, դաստակից:
Հետևի վերջույթներ - ոտքերը կազմված են ազդրից, սրունքից, կրնկաթաթից և մատներից:
 
36.jpg
 
Կաթնասունների կմախքը ունի նույն հիմնական բաժինները` \(I\). գանգ, \(II\). ողնաշար, \(III\). գոտիներ, \(IV\). վերջույթներ:
  
\(I\). Գանգ. կազմված է գանգատուփից և դիմային բաժնի ու ծնոտի ոսկրերից:
  
\(II\). Ողնաշար. ունի \(5\) բաժին՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային, պոչային:
  
Պարանոցային ողերը միմյանց շարժուն միացած են, \(7\)-ն են և կայուն են բոլոր կաթնասունների համար:
  
Կրծքային ողերը \(12 - 15 \)-ն են, որոնք կրում են կողեր: Կողերը միանալով մի կողմից ողնաշարին, իսկ մյուս կողմից կրծոսկրին՝ կազմում են կրծքավանդակը: Կրծքավանդակը պաշտպանում է սիրտը և թոքերը:
 
Գոտկային բաժինը կազմված է \(2-9\) ողերից: Դրանց շնորհիվ իրանը լավ ծալվում է և ուղղվում՝ ապահովելով օրգանիզմի ակտիվ շարժունակությունը:
  
Սրբանային ողերը, սերտաճելով կոնքի հետ, ստեղծում են ամուր հենարան շարժման համար:
  
Պոչային ողերի քանակությունը ևս տարբեր է և կախված է պոչի երկարությունից: 
 
5.jpg
 
\(III\). Գոտիներ.
  
Առջևի գոտի՝ ուսագոտի - կազմված է զույգ թիակներից, զույգ անրակներից: Որոշ կաթնասուններ անրակներ չունեն՝ այծյամներ, ձիեր: 
  
Ետևի գոտի՝ կոնքագոտի - կազմված է զույգ կոնքերից, դրանցից յուրաքանչյուրը կազմված է սերտաճած երեք ոսկրերից:
  
\(IV\). Վերջույթներ. ունեն զույգ վերջույթներ՝ 
  
Առջևի վերջույթներ - կենտ բազուկոսկր, զույգ նախաբազկի ոսկրեր՝ ճաճանչոսկր, արմուկոսկր, սերտաճած նախադաստակ և դաստակ, \(5\) մատներ:
 
Ետևի վերջույթներ - կենտ ազդոսկր, մեծ և փոքր ոլոքներ, թաթ, \(5\) մատներ:
  
Ակտիվ տեղաշարժմամբ պայմանավորված` լավ են զարգացած կաթնասունների մկանները: Հատկապես վառ են արտահայտված մեջքի և վերջույթների մկանները:
 
42.jpg
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 172-175
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 234-237
http://zanoza-news.com/wp-content/uploads/2014/05/3xYRjtXbbA8.jpg
http://kotomatrix.ru/images/lolz/2017/10/17/kotomatritsa_TU.jpg
https://i.pinimg.com/originals/ee/48/46/ee48464dc461c5ca78735b4d3d7efc2c.jpg
https://cs10.pikabu.ru/post_img/2018/09/14/0/153687321511369202.png
http://tamashii.ru/hqimg/s-9HM3jOXUo.jpg
https://docplayer.ru/docs-images/91/104942431/images/7-0.jpg
https://ds04.infourok.ru/uploads/ex/0b82/000b69a9-6264f864/640/img30.jpg
https://netstorage-nur.akamaized.net/images/pogudx23s7v9b5mgh.jpg?imwidth=900
http://img.funtema.ru/080210/kowki/12.jpg
https://ru-static.z-dn.net/files/d41/25e488a9c25d8149c52e7368f3600e24.jpg
http://3.bp.blogspot.com/-sc2OVY5KChU/UALZn3F22eI/AAAAAAAAAqE/qEvF8TLccDI/s1600/3115dcdb_0004.jpg